հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Սերժ Սարգսյանի վրա դժվար էր նայել»․ ռուսաստանցի փորձագետը՝ ԵՏՄ-ի մասին

«Սերժ Սարգսյանի վրա դժվար էր նայել»․ ռուսաստանցի փորձագետը՝ ԵՏՄ-ի մասին

Սերժ Սարգսյանի՝ մայիսի 29-ին Աստանայում արած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը մինչև հունիսի 15-ը կփորձի ստորագրել Եվրասիական միություն մտնելու մասին պայմանագիրը, եթե ռումբի պայթյունի ազդեցություն չուներ, ապա առնվազն գերանսպասելի էր։ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում «Պոլնիյ Ալբաց» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքագետ, ԱՊՀ երկրների փորձագետ Արկադի Դուբնովը։

«Ասվել է, որ Մաքսային միություն տանող ճանապարհը բարդ է, երկար ու լի խոչընդոտներով՝ ինչպես օրենսդրության ձևավորման անհրաժեշտությունը և այլն։ Եվ այդ ճանապարհը Ղրղզստանից կպահանջի առնվազն մեկ տարի։ Հայաստանից՝ պարզ չէ։ Ճանապարհային քարտեզը նոր է ստորագրվել։ Այդ համագործակցության բարձրագույն փուլը Եվրասիական տնտեսական միությունն է։ Ու հանկարծ պարզվում է, որ Հայաստանն արդեն երկու շաբաթից կդառնա տնտեսական համագործակցության այդ բարձրագույն փուլի անդամ։ Ոչ ոք ինձ չի կարողանում բացատրել»,- նշել է Դուբնովը՝ Եվրասիական միության մասին համաձայնագիրն անվանելով «մտադրությունների հռչակագիր»։

Դուբնով – Հայաստանյան տեղեկատվական ռեսուրսներից դատելով՝ Երևանն այսօր շոկի մեջ է։ Նրանք առաջին հերթին ցնցված են ոչ թե այդ հայտարարությամբ, այլ այն պայմաններով, որոնք, պարզվում է, դրվել են Հայաստանի առջև այդ պայմանագիրը ստորագրելիս։

[Աստանայում] բավականին տարօրինակ արարողություն տեղի ունեցավ։ Սկզբում ելույթ ունեցան Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի նախագահները, ստորագրեցին պայմանագիրը։ Այնուհետև իրենց հայտարարություններով հրավիրվեցին Հայաստանի և Ղրղզստանի նախագահները, և երբ Հայաստանի նախագահը պատրաստվում էր իր ելույթին, նախագահ Նազարբաևը նրան ասաց՝ «Իսկ հիմա մի փոքր տհաճի մասին։ Մենք Ադրբեջանում մի ընկեր ունենք, ումից ստացել ենք նամակ, որում նա նշում է, որ եթե Հայաստանը ցանկանում է մտնել Եվրասիական տնտեսական միություն, ապա դա պետք է անի միայն այն պայմաններով, այն սահմաններով, որոնցով մտել է ԱՀԿ»։ Ես խոսել եմ պատվիրակություններից մեկի անդամ նախարարներից մեկի հետ, որը մասնակցում էր այդ նիստին, և ըստ նրա՝ այդ պահին Սարգսյանին դժվար էր նայել։

Հաղորդավար – Այսինքն նա պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղից։

Դուբնով – Նա պետք է ասեր կամ այո, կամ՝ ոչ։ Նա ոչինչ չասաց, կուլ տվեց այդ խոսքերն, ու Հայաստանում դա ունեցավ ռումբի պայթյունի ազդեցություն։ Բեկորներն այժմ հավաքվում են։ Նրանք չգիտեն՝ դրան ինչպես պատասխանել։ Ասում են՝ «ինչպե՞ս պետք է մտնենք, մենք Ղարաբաղի հետ մեկ միասնական տնտեսական տարածք ենք։ Ու, ընդհանրապես, ովքե՞ր եք դուք Եվրասիական միությունում, որ պետք է մեզ սահմաններ թելադրեք»։ Խոսքն այն մասին է, որ հիմա Հայաստանի և Ղարաբաղի միջև պետք է հսկիչ անցակետ լինի, որտեղ պետք է կանգնեցվեն ղարաբաղյան ծագում ունեցող ապրանքները, որոնք գնում են միության արտաքին շուկա։ Բայց Ղարաբաղում ի՞նչ է արտադրվում։ Խնդիրը դա չէ, այլ այն, որ Ղարաբաղն Իրանի հետ բաց սահմաններ ունի։ Եվ այն, ինչ գալիս է Իրանից, անցնելով Ղարաբաղով և այնտեղից հասնելով Հայաստան, իսկ այժմ, Մաքսային միության պայմանների համաձայն, հնարավորություն ունենալով հայտնվել միասնական տարածքում, սբկզբունքորեն պետք է արգելվի։ Բայց եթե արգելել ու փակել Արցախի և Հայաստանի միջև մաքսային սահմանը, Հայաստանի համար, փաստորեն, դա կլինի հրաժարում ամբողջ ազգաշինությունից։ Ղարաբաղի հետ կապված ազգային գաղափարից։ Այսինքն, Հայաստանն այդ տարածություն ներքաշելով, սա իմ կարծիքն է, կարող եմ սխալվել, մեր աչքի առաջ սկսում են «հալեցնել» ղարաբաղյան հակամարտությունը։ Քանի որ Ադրբեջանում այժմ շատ ակտիվ բանակռիվ է սկսվում։ Չգիտեմ՝ դա ինչի հետ է կապված։ Հայաստանի ներգրավվման նման արագությունը․․․

․․․Հայաստանին այս պահին ներքաշելը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Երևանում մինչև վերջին պահը հույս ունեին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մաս ստորագրել։ Ֆրանսիայի նախագահը մայիսին եղել է Հայաստանում, ու այդ հարցը քննարկվել է։ Բայց [ԵՏՄ մտնելու մասին] համաձայնագիրն ստորագրելուց հետո, Հայաստանի և ԵՄ-ի միջև ասոցիատիվ, նույնիսկ կրճատված որևէ համաձայնագրի մասին խոսք գնալ անգամ չի կարող։

Հաղորդավար – Հիշում եմ, այդ թեմայով հոդված էր հրապարակվել։ Եվ Հայաստանը Ռուսաստանից վասալային կախվածության մեջ է գտնվում առաջին հերթին այն պատճառով, որ Հայաստանի սահմանները պահպանում են ռուսաստանյան զորքերը, այնտեղ երեք ռուսաստանյան բազա կա։

Դուբնով – Այնտեղ սահմանապահներ են։

Հաղորդավար – Եվ այդ իմաստով Հայաստանը էներգակիրների առումով ամբողջովին կախված է Ռուսաստանից։

Դուբնով – Հարյուր տոկոս։

Հաղորդավար – Ե՞վ։

Դուբնով – Հռետորական հարց։

Հաղորդավար – ԵՄ-ի հետ ի՞նչ ասոցացման մասին է խոսքը, եթե այնտեղ ռուսաստանյան զորքեր են կանգնած։ Չեմ հասկանում։

Դուբնով – Դրա համար պետք է հեռուն գնալ։ Ի՞նչ իմաստի ուներ Հայաստանի՝ Արևելյան գործընկերությանը մասնակցելը, որի վերջնական նպատակը ԵՄ-ի հետ ասոցիատիվ հարաբերություններն էին։

Հաղորդավար – Ռուսաստանի հետ ինչ-որ առևտրային դիրք էին կառուցում։

Դուբնով – Ոչ, նրանց համար կարևոր էր մի կողմից ունենալ եվրոպական միտում, մյուս կողմից՝ տնտեսական համագործակցության Ռուսաստանի հետ։ Ու նրանք ցանկանում էին այդ «Սցիլլայի և Խարբդայի արանքում» գոյություն ունենալ երկար ժամանակ։ Իսկ հիմա հարցը վերջնական է դրված։