20-ամյա Մարո Գուլոյանի կասկածելի ինքնասպանությունից անցել է արդեն 2 տարի, բայց գործով ճշմարտությունն այդպես էլ մնացել է չբացահայտված: Այս մասին տարածած հայտարարության մեջ հայտնում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Մինասյանը։
Նա նշում է, որ հուլիսի 16-ին ՀՀ Վճռաբեկ դատարանից ստացված որոշումը, որով տուժող կողմի վճռաբեկ բողոքը վերադարձվել էր, Մարոյի մահվան մութ պատմությունը բացահայտելու և արդարությունը վերականգնելու վերջին ներպետական հնարավորությունն էր:
«Ըստ Վճռաբեկ դատարանի՝ տվյալ գործով օրենքի միատեսակ կիրառության հարցում դատարանի որոշման էական նշանակություն ունենալու, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված առերևույթ դատական սխալի վերաբերյալ եզրահանգումներ անելու հիմքեր չկան: Չնսեմացնելով Վճռաբեկ դատարանի դերակատարությունը օրենքի պահպանության հարցում՝ տուժողի իրավահաջորդը, այնուամենայնիվ, բացարձակ համաձայն չէ Վճռաբեկ դատարանի դիրքորոշման հետ և պատրաստվում է արդարություն և իրավունքների պաշտպանություն հայցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանից: Մարո Գուլոյանի գործով թույլ տրված սխալները խախտել են ոչ միայն ներպետական, այլ նաև Եվրոպական Կոնվենցիայի դրույթների և Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների պահանջները», – ասված է Մինասյանի հայտարարության մեջ:
Նշենք, որ տուժողի իրավահաջորդները, փաստաբանը և նրանց սատարող քաղաքացիները բազմիցս հայտարարել են, որ չեն հավատում ինքնասպանության վարկածին։
Ավելի վաղ Լուսինե Մինասյանն ասել էր, որ գործի նյութերով հաստատվել է, որ Մարոն մշտապես վիճաբանությունների մեջ է եղել ամուսնու՝ Գևորգի հետ՝ նրա խաղամոլության պատճառով: Վերջինս անընդհատ պարտքով գումարներ է վերցրել Մարոյի ընտանիքից, իսկ դեպքից շատ քիչ առաջ պահանջել է, որպեզսի Մարոյի եղբայրն իր անունով վարկ ձևակերպի՝ 600 հազար դրամի չափով, որպեսզի նա փակի իր պարտքերը: Մարոյի ընտանիքի անդամներին նաև հայտնի է, որ Գևորգը միշտ էլ ֆիզիկական բռնությունների է ենթարկել կնոջը, ով, սակայն, ոչ մի անգամ ոստիկանություն չի դիմել, ու բռնության հետքերը չեն արձանագրվել:
Մինասյանը դատական նիստերի ընթացքում ներկայացրել է գործում առկա բազմաթիվ խախտումներ, որոնք, սակայն, դատարանը հաշվի չի առել։
Նշենք, որ դեռևս առաջին ատյանի դատարանում (Աբովյան քաղաք) գործի քննության ժամանակ Մինասյանը բազմիցս արձանագրել էր, որ Կոտայքի մարզի քաղաքական վիճակը հաշվի առնելով՝ հնարավոր չէ որևէ բան ակնկալել կամ պահանջել դատարանից, քանի որ Մարո Գուլոյանի ամուսինը՝ Գևորգ Գուլոյանը, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանի ազգականն է, իսկ վերջինս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է։