2013 թվականի օգոստոսի 8-ին գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, ով 2014-ի օգոստոսի 26-ին տեղափոխվել էր 3-րդ երկիր, երեկ վերադարձել է Հայաստան։ Օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Ինջիղուլյանն ասել է, որ սեփական ցանկությամբ է որոշել վերադառնալ, և այդ հարցում իրեն աջակցել են միջազգային կազմակերպությունները։ Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու նա անմիջապես Հայատսան չի վերադարձել, ռազմագերին նշել է, որ նման պահանջ է դրել ադրբեջանական կողմը։
Ինջիղուլյանը շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր իրեն ազգի դավաճան չեն համարում՝ նշելով, որ մոլորվել է և այդ պատճառով է սահմանն անցել։ Նա ընդգծել է, որ գերության ընթացքում իրեն ծեծի են ենթարկել, սպառնացել են սպանել, ցանկացել են տեղեկություններ կորզել մարտական դիրքերի մասին, իսկ ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցը ճնշման տակ է եղել։
Զինծառայողը պատմել է, որ այդ ընթացքում նաև վերահսկել են իր նամակագրությունը, որն իրականացվում էր Կարմիր Խաչի միջոցով, թելադրել են, թե ինչ պետք է գրի նամակներում։
Ինջիղուլյանի խոսքով՝ ինքն իրեն լավ է զգում և ցանկանում է շարունակել ծառայությունը։