Մեղադրող դատախազը Գավառի բնակիչ Սարգիս Հակոբյանի համար 5 տարվա ազատազրկում է պահանջել, թեև Հակոբյանի կնոջ՝ տուժող Հասմիկ Խաչատրյանի փաստաբանը կարծում է, որ մեղադրյալը պետք է խստագույն պատիժ ստանա՝ 7 տարվա ազատազրկում։
Այսօր Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում ավարտվել է կնոջը տարիներ շարունակ խոշտանգելու մեղադրանքով Սարգիս Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը։ Մեղադրող Լալայանը հայտարարել է, որ ապացուցված է համարում 33-ամյա Հակոբյանի մեղքը։ Նա պահանջել է մեղադրյալին դատապարտել 5 տարվա ազատազրկման և վճիռը հրապարակելուն պես կալանավորել նրան: Դատավարության ընթացքում Հակոբյանը գտնվում է ազատության մեջ, նա ազատ էր արձակվել երկրից չբացակայելու ստորագրության դիմաց։
Հակոբյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 119֊րդ հոդվածի (խոշտանգում) հատկանիշներով, որը 3-7 տարվա ազատազրկում է սահմանում։ Չնայած Հասմիկ Խաչատրյանի պաշտպան Տիգրան Մուրադյանը խստագույն պատիժ է պահանջում, մեղադրողը հաշվի է առել այն մեղմացուցիչ հանգամանքը, որ Սարգիս Հակոբյանի խնամքի տակ 1 անչափահաս երեխա կա։
Այսօրվա նիստին հնչեցրած իր ճառի ընթացքում Մուրադյանը նշել է, որ ամբաստանյալը դեռևս գործը դատարանում եղած ժամանակ շարունակել է ճնշումները տուժողի նկատմամբ, մասնավորապես, սպառնացել կնոջը։ Փաստաբանն ընդգծել է նաև, որ Հակոբյանը հանցագործությունը կատարել է այն ժամանակահատվածում, երբ դեռ իր նախկին դատվածությունը չէր մարվել․ Հակոբյանը նախկինում մեղավոր էր ճանաչվել խուլիգանություն անելու մեջ։
Հաջորդ դատական նիստը կայանալու է նոյեմբերի 20-ին։ Այդ օրը պաշտպանական ճառով հանդես կգա մեղադրվող կողմը։
Հիշեցնենք, որ Սարգիս Հակոբյանը դատարանում հայտարարել էր, որ ինքը կնոջը չի ծեծել, նրան հարվածել է մեկ անգամ՝ դեմքին: Նա նաև հերքել է Հասմիկ Խաչատրյանի այն ցուցմունքը, թե ամուսինը ծխախոտը հանգցրել է իր ձեռքին, և հայտարարել էր, որ կնոջ ձեռքի վերքը հին սպի է: Խաչատրյանը դատական նիստերի ընթացքում պնդել է, որ ամուսնու կողմից ծեծն ու խոշտանգումները պարբերական բնույթ են կրել։