Home / Տեսանյութեր / ժամանակը չէ՞ իսկապես գործ անել․ Լևոն Բարսեղյանը՝ ոստիկանապետին ու նախարարին

ժամանակը չէ՞ իսկապես գործ անել․ Լևոն Բարսեղյանը՝ ոստիկանապետին ու նախարարին

Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Asparez.am կայքում հոդվածով անդրադարձել է Շիրակի մարզում երեկ տեղի ունեցած ավտովթարին, որը 7 մարդու կյանք է խլել։ Բարսեղյանը նշում է, որ կարելի է մի շարք քայլեր կիրառել նման դեպքերը բացառելու կամ նվազեցնելու համար։ Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Ոստիկանությունն ու տրանսպորտի նախարարությունը, որ ձեռները բերաններին հասնի, կարողանան ամեն մարզից 10 փորձառու վարորդի 2 օրով հրավիրել մի տեղ՝ քննարկման, այդ երկու օրում 100 տոկոսով կիմանան, կհասկանան, թե ճամփեքի որ վտանգավոր հատվածները ինչպես կարգավորեն, որ այլևս այդ տեղերում փորձանքներ չլինեն: Ես հավատում եմ, որ հնարավոր է ունենալ այդպիսի հայեցակարգ և կյանքում իրականացնել: Իշխանությունը երևի չի հավատում, իրենք իրենց համար զոհերի քվոտա ունեն երևի, որ զոհերի թվերի տեսքով կարծրացած է իրենց ինստիտուցիոնալ հիշողության մեջ, համարում են, որ անհնար է անել այն, ինչ ասում եմ, որ բարդ բան չէ իրականում: Իշխանությունը երևի համարում է, որ այդ հարցերը լուծելու ձևը բոլորից լավ գիտե, հանրության և վարորդների կարծիքներն ու առաջարկություներն իրենց հարկավոր չեն, և, իրենց կարծիքով, անում են ամեն հնարավորը:

Ակնհայտորեն հնարավորը չեն անում: Ապացուցեմ: 7 կյանք խլած նոյեմբերի 10-ի «Գազելի» և «Կամազի» վթարի խաչմերուկը ստեղծման օրվանից պարզագույն «խաչաձև» խաչմերուկ է, ուղիղ անկյան տակ հատվում են երկու ճանապարհ, մեկը՝ երկրի գլխավոր մայրուղին է՝ Երևան-Բավրա՝ Մ-1, մյուսը, հասկանալի է, սրա նկատմամբ՝ երկրորդական՝ Երևան-Սպիտակ ճանապարհի Ալագյազ բնակավայրից դեպի արևմուտք ձգվող՝ Մ-1-ին Հոռոմ և Գուսանագյուղ գյուղերի արանքում հատվող և Գյումրի-Արմավիր ճամփին՝ հայ-թուրքական սահմանի մոտ միացող ճանապարհը (Հ-21):

Road

Խաչմերուկի հատվածում հարթավայր է, Շիրակի դաշտն է, արագ են քշում: Այդ խաչմերուկում տարեկան մի քանի վթար է լինում, չեն հասցնում պատշաճ արգելակել, չնայած Հոռոմի կողմից մի քանի շարք «պառկած միլիցա» կա դրած և՝ նախազգուշական նշաններ, պարբերաբար զոհեր են լինում հենց այդ խաչմերուկի վթարներում: Անցած 30-40 տարիների ընթացքում, բնական է, աճել են մեքենաների արագությունները, սակայն այս և համանման խաչմերուկների կարգավորումները մնացել են հին արագությունների և երթևեկության հաճախականության համար մշակված:

Անշուշտ մի քանի լուծում կա, սկսած օղակի տեղադրումից, վերջացրած ավելի կոշտ տարբերակով՝ լուսաֆոր և վերջ: Սակայն հարկավոր է այնպիսի լուծում կիրառել, երբ մարդկային գործոնը նվազագույնի կհասցվի, այսինքն, այնպիսի մի բան անել, երբ ամենահարբած վարորդը ամենախելագար մեքենայով անգամ չկարողանա մահացու բախվել մյուսին, թե բան լինի՝ միայն իրեն լինի: Սա անհնար չէ, Եվրոպան բազմաթիվ ձևերով է կարգավորում այդպիսի ռիսկերը, հիմնականում օղակային անցումներով, սահուն ելքերով և մուտքերով մայրուղի, բայց հեռու չգնանք: Ովքեր վերջին չորս տարում այցելել են Վրաստան, եղել են Ախալքալակում, այդ քաղաքի մատույցներում նկատած կլինեն Կարծախ գնացող երկու մեծ խաչմերուկները (մեկը՝ Ախալքալակ մտնող սովորական ճամփից ձախ թեքվողը, ապա՝ 2կմ անց՝ ձախով դեպի Կարծախ, աջով՝ նորից Ախալքալակ գնացողը), որոնք, պարզ ասած՝ բարդացվել են, և դրանց մոտեցող մեքենաները ուղղակի ստիպված են արգելակել, այլապես հայտնվելու են սիզամարգերում կամ դաշտային հատվածներում, բայց ոչ խաչվող ճամփեքի մեքենաների վրա:

Ի՞նչ կարելի է անել Հոռոմի և համանման խաչմերուկներում, ինչպե՞ս վերակառուցել դրանք, որ նվազեն ՃՏՊ-ներն այդտեղ: Օրինակ, այսպես, ինչպես գծել եմ նկարում, սա, իհարկե, նախագիծ չէ, սա էսքիզ է, հասարակ լուծում է, որը կարող է ավելի լավը լինել, գումարած՝ նախազգուշական նշաններ և «պառկած միլիցի»-ներ:

Road-2

Այս դեպքում՝ Հոռոմից Գուսանագյուղ կամ հակառակ ուղղությամբ գնացող, կամ գլխավոր ճանպարհին միանալու գնացող մեքենան խաչմերուկում դիմացը ոչ թե ազատ ու բաց ճանապարհ կտեսնի ու գազ կտա, ինչպես հիմա է, այլ՝ խոտածածկույթ և հողի այնպիսի բլուր կտեսնի (A տիրույթներ, մինչև 80-100 սմ բարձրությամբ), որը չի խանգարի տեսանելիությանը, բայց կստիպի արգելակել, գցել արագությունը և զիջել գլխավոր ճանապարհով ընթացողներին, անգամ ուղիղ գնալիս, ստիպված կլինի թեթև ոլորան անել՝ արհեստական խոչընդոտը շրջանցելու համար: Ի դեպ, այս լուծումը օգտագործում են Թուրքիայի միջհամայնքային ճանապարհների բոլոր այն խաչմերուկներում, որտեղ լուսաֆորներ չեն կիրառվում, իսկ լուսաֆորներ կիրառող խաչմերուկների՝ գրեթե կեսում:

Հիմա, երեկ՝ 7, իսկ տարեկան 350 կյանք արժեցող հարց է ծագում, թե ինչու իշխանություն ունեցողները՝ տրանսպորտի նախարարությունն ու ոստիկանությունը ձեռնամուխ չեն լինում այսօրինակ կարգավորումների կիրառմանը: Առեղծված է: Ակնհայտորեն, երևելի ծախսեր հարկավոր չեն այս խնդիրը կարգավորելու համար, բայց չեն անում, դեպքերը, մահերն ու մարմնական վնասվածքները դառնում են թվեր, վիճակագրություն և տեղ են գտնում իրենց մատյաններում: Չեմ հավատում, թե այդ գերատեսչությունների բյուջետային հատկացումները այս դեպքերի թվերից աճում են, ու դիտավորյալ չեն կարգավորում այսօրինակ խնդիրները, բայց չեմ էլ կարող բացառել, թե փորձում են գործ անելու տպավորություն ստեղծել:

Ինչի՞ տեր ենք, որ տարեկան 280-400 կյանք կորցնենք և 2000-3000 վիրավոր ունենանք ՃՏՊ-ների պատճառով: Անհապաղ հարկավոր է, որ իշխանությունը վերանայի իր վերաբերմունքը այս հարցերին, անհետաձգելի կերպով ձեռնամուխ լինի խնդրի կարգավորման հայեցակարգի և ռազմավարության մասնակցային ստեղծմանը ու գործարկմանը: Եթե քաղաքացիները, վարորդները, վարորդական կազմակերպությունները սկսեն նման կարգավորումներ կատարել, հաստատ օրինազանցություն են անելու, ինքնագլխություն է լինելու, իշխանությունը գալու է՝ բռնի ձեռներս, և բացատրի, որ դա մեր լիազորությունը չէ: Ուրեմն փողը՝ հարկուտուրքերի ձևով տալիս ենք իրենց, բայց բավարար ծառայություններ չենք ստանում, ստիպված ենք հոդվածներ գրել, մեքենաներ նորոգել ու մեռել թաղել: Ներողություն՝ մինչև ե՞րբ պարոնայք Բեգլարյան և Գասպարյան: Պոզաներ ընդունելու և ավել-պակաս խոսելու փոխարեն, ժամանակը չէ՞ իսկապես գործ անելու»: