Վերջին օրերին Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագրի քննարկման ժամանակ Ազգային Ժողովի ամբիոնից մի քանի անգամ ապատեղեկատվություն է հնչել։ Այս մասին տարածած հաղորդագրության մեջ նշում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ֊ն։ Ներկայացնում ենք ՀԿ֊ի մատնանշած դեպքերից մի քանիսը․
ՀՆԱ-ի աճի թվեր «ծնվեցին»
Պատասխանելով Հեղինե Բիշարյանի հարցին՝ Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը հայտարարեց, որ ԵՏՄ-ին մեր անդամակցության արդյունքում ակնկալվում է ՀՆԱ-ի 2,3 տոկոս աճ, իսկ ԵՄ ասոցացվելու դեպքում` 1,6 տոկոս: Սակայն նույն գործադիրը ԵՄ ասոցացվելու արդյունքում երկարաժամկետ ՀՆԱ-ի աճը նախատեսում էր 2,3 տոկոս:
Իսկ ահա մեկ այլ առիթով փոխնախարարը կանխատեսեց արտահանման 15 տոկոսանոց աճ: Զավեշտալիորեն, ԵՏՄ անդամակցության այդ թվերը, մեկը-մեկին, համընկնում են Ecorys-ի կատարած այն ուսումնասիրություններին, որոնք վերաբերվում էին ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացմանը: Ավելին, նախորդ շաբաթ ԱԺ-ում կայացած լսումների ժամանակ պատասխանելով «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» հարցին՝ նույն փոխնախարար Կարայանը չկարողացավ որևէ հստակ թիվ նշել՝ կապված ԵՏՄ-ին մեր ինտեգրացիայի հետևանքների հետ:
Հայտնի է, որ որևէ միջազգային հեղինակավոր վերլուծություն չկա, որը կտար փոխնախարարի հնչեցրած թվերը: Հայտնի չէ նաև որևէ տեղական նմանօրինակ ուսումնասիրություն:
Այսինքն, փոխնախարարը կամ ԵՏՄ անդամակցելը «շփոթել» էր ԵՄ ասոցացման հետ, կամ այս մեկ շաբաթում գաղտնի կերպով կատարել էր ահռելի ուսումնասիրություններ (որոնք ամիսներ են տևում) և ստացել թվեր, որոնք ԵՄ ասոցացման հետևանքների copy-paste-ն էին:
Ռուսաստանում գնաճ կա, այն էլ շատ մեծ
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ, ի հեճուկս ռուբլու արժեզրկման, Ռուսաստանում գնաճ չկա:
Պարզապես նշենք, որ տարվա սկզբից գնաճն այդ երկրում 12-ից 13 տոկոս է, իսկ որոշ (ներմուծվող) ապրանքատեսակների դեպքում այդ թիվը գերազանցում է 60 տոկոսը:
ՌԴ-ում տնտեսական աճ չի կանխատեսվում
Սուրեն Կարայանը Ազգային Ժողովում ասաց, որ Ռուսաստանում տնտեսական աճ է կանխատեսվում և որպես դրա հետևանք, նշեց, որ մեր երկիրն էլ արտահանման ու տնտեսական աճ կունենա:
Սակայն, ՌԴ էկոնոմիկայի նախարարությունը, գալիք տարվա համար նախատեսում է 0 տոկոս տնտեսական աճ… այն էլ, եթե նաֆթի գինը լինի 70 դոլլար/բարրել-ից ոչ ցածր (իսկ այն արդեն մոտ 65 է):
Մենք չենք կարող բեկանել ցանկացած որոշում
Կարայանը նաև նշեց, որ ԵՏՄ կոլեգիայի որոշումները հաստատվում են ԵՏՄ խորհրդի կողմից միաձայն կերպով, ուստի մենք կկարողանանք կանխել ցանկացած որոշում, որը չի բխի Հայաստանի շահերից:
Սակայն, ԵՏՄ հանձնաժողովում որոշումների կայացման համար կոնսենսուս պետք չէ: Ուստի այդ որոշումները կարող են ընդունվել ի հեճուկս մեր կամքի: Իսկ այդ որոշումների վերադաս բողոքը կարող է բավարարվել, միայն եթե բոլոր երկրների փոխվարչապետերը միաձայն դեմ լինեն այդ որոշմանը:
Ուստի կան բազմաթիվ մեխանիզմներ, որոնցով կկայացվեն ՀՀ դիրքորոշմանը հակասող որոշումներ, որոնք պարտադիր կլինեն Հայաստանի համար: