Home / Տեսանյութեր / ՀՔԾ֊ն և դատարանը հավատում են ոստիկաններին և ոչ թե քաղաքացիներին

ՀՔԾ֊ն և դատարանը հավատում են ոստիկաններին և ոչ թե քաղաքացիներին

Հայաստանի քննչական մարմինները վստահում են ոստիկաններին և ոչ թե քաղաքացիներին, արձանագրում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

Իրավապաշտպան կազմակերպությունը տարածած հաղորդագրության մեջ ներկայացնում է Ռոբերտ Մուրադյանի և Անդրանիկ Մխիթարյանի դեպքը։

2014թ.-ի ապրիլի 2-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ) հաղորդում է ուղարկել «Արթիկ» ՔԿՀ կալանավորներ Մուրադյանի և Մխիթարյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից անմարդկային վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ: 2014թ.-ի ապրիլի 10-ին Մուրադյանը և Մխիթարյանը, իրենց հերթին, հաղորդում են տվել ՀՔԾ այն մասին, որ 2013թ.-ի հոկտեմբերին ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին և խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով ոստիկանության աշխատակիցները իրենց նկատմամբ կիրառել են բռնություններ:

Դեպքի առթիվ 2014թ.-ի ապրիլի 14-ին ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել և կատարել է նախաքննություն:

«Ոչ պատշաճ կերպով նախաքննություն վարելուց հետո, ՀՔԾ-ն 2014թ.-ի հոկտեմբերի 3-ն այս քրեական գործով վարույթը կարճել է և քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացրել՝ ոստիկանության աշխատակիցների արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Գլխավոր դատախազին բողոք է ներկայացրել վերոնշյալ որոշման դեմ՝ խնդրելով վերացնել քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին ՀՔԾ-ի որոշումը, որը ևս մերժվել է 2014 հոկտեմբերի 3-ին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ ՀՔԾ-ն խախտել է ՀՀ Սահմանադրության և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի որոշ նորմեր: Այս գործի նախաքննության փուլում ՀՔԾ-ն իր տրամադրության տակ ունեցել է և՛ տուժած քաղաքացիների, և՛ ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները, և հերթական անգամ (հիշենք Անի Բոշյանի գործով վարած նախաքննությունը) արժանահավատ չի համարել տուժած քաղաքացիների տված ցուցմունքները և, անհասկանալի պատճառով, հիմնավոր է համարել ոստիկանության աշխատակիցների տված ցուցմունքները: Հարկ է նշել նաև, որ ՀՔԾ-ն թերացել է իր գործում և նախաքննության փուլում չի հարցաքննել քաղաքացի Ջիվան Սահակյանին, ով Ռոբերտ Մուրադյանի և Անդրանիկ Մխիթարյանի հետ գնացել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ և հանդիպել են ոստիկանության աշխատակցին: Ջիվան Սահակյանի ցուցմունքը այս պարագայում կարող էր էական նշանակություն ունենալ, քանի որ, ըստ Ռոբերտ Մուրադյանի ցուցմունքի, նրանք իրենց կամքով են ներկայացել ոստիկանություն, իսկ, ըստ ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների, իրենք պատահաբար հայտնաբերել և բերման են ենթարկել Ռոբերտ Մուրադյանին», ֊ նշում է իրավապաշտպան կազմակերպությունը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, չհամաձայնվելով ՀՔԾ-ի կայացրած որոշման հետ, 2015թ-ի փետրվարի 6-ին բողոք է ներկայացրել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որով խնդրել է վերացնել ՀՔԾ-ի «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» 2014թ.-ի հոկտեմբերի 3-ի որոշումը և գործն ուղարկել նախաքննության:

Ապրիլի 22-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վերաքննիչ բողոքը մերժելու մասին։

Հոդվածն ամբողջությամբ՝ կազմակերպության կայքում