2015թ. հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է 56 դեպք, երբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ոտնահարվել են քաղաքացիների իրավունքները։ Այս մասին վկայում են 14 հայաստանյան առցանց ԶԼՄ֊ների, ինչպես նաև Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքի մշտադիտարկման արդյունքները։ Մշտադիրտարկումն անցկացրած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նշում է, որ դեպքերն առանձնացվել և վերլուծվել են լրատվամիջոցների տարածած տեղեկատվության հիման վրա, որի հավաստիության համար պատասխանատվություն են կրում տարածող լրատվամիջոցները։
Վերոնշյալ 56 խախտումներից 12-ի դեպքում ոտնահարվել է անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, 1-ի դեպքում` անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, 7-ի դեպքում` անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը, 1-ի դեպքում` բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, 6-ի դեպքում` իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, 2-ի դեպքում` լրագրողի` օրինական մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքը, 4-ի դեպքում` ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը, 3-ի դեպքում` տեղեկատվություն ստանալու իրավունքը, 19-ի դեպքում` խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը, 1-ի դեպքում` կյանքի իրավունքը և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը:
Հավաքների ժամանակ հաշվետու ժամանակահատվածում տեղի է ունեցել մարդու իրավունքների խախտման 38 դեպք, որոնցից 19-ի դեպքում խախտվել է խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը, 9-ի դեպքում` անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, 4-ի դեպքում` անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը (ներառյալ հոգեբանական ճնշումներից, սպառնալիքներից զերծ մնալու իրավունքը), 3-ի դեպքում` իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, 1-ի դեպքում` լրագրողի` մասնագիտական օրինական գործունեություն իրականացնելու իրավունքը, 1-ի դեպքում` ֆիզիկական բռնություններից զերծ մնալու իրավունք, 1-ի դեպքում` կյանքի իրավունքը և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը:
Ըստ զեկույցի՝ հավաքների ժամանակ տեղի ունեցած դեպքերից 23-ը գրանցվել են քաղաք Երևանում, 14-ը` Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, 1-ի դեպքում ոստիկանությունն անգործության է դրսևորել ԼՂՀ-ի Բերձոր քաղաքի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Մշտադիտարկման արդյունքներն ամբողջությամբ՝ այստեղ