հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ակցիաներին մասնակցելուց հետո Վարդգես Գասպարիի դեմ նոր վարչական վարույթ է հարուցվել

Ակցիաներին մասնակցելուց հետո Վարդգես Գասպարիի դեմ նոր վարչական վարույթ է հարուցվել

Բանակում զոհվածների ծնողների դեմ ոստիկանության աշխատակիցների կիրառած բռնությունները դատապարտող և «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ակցիաներին մասնակցելուց հետո քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ ՀՀ ոստիկանությունը նոր վարչական վարույթ է սկսել:

Epress.am-ի հետ զրույցում Գասպարին պատմել է, որ ոստիկանության ներկայացուցչին վիրավորելու համար հարուցված վարչական վարույթի պատճառը ԱԺ շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպն է: Զոհվածների ծնողների սատարման ակցիային մասնակցելուց հետո Գասպարին գնացել է դեպի Ազգային ժողով, որտեղ աշխատավարձի պարտքը մարելու պահանջով ակցիա էին անցկացնում «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները։

Ակցիայի ժամանակ Գասպարին փորձել է իր պաստառը փակցնել ԱԺ֊ի ճաղավանդակին: Պաստառի վրա ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի, Երևանի փոխոստիականապետ Վալերի Օսիպյանի նկարներն են եղել՝ յուրաքանչյուրի տակ «նամուս չունի» գրառմամբ:

«Ոստիկանները թույլ չէին տալիս՝ ես պաստառն ամրացնեմ, ձեռքերս բռնել էին, ես էլ ասում էի, որ նրանք խուլիգան են և սրիկա»,- ասել է Գասպարին:

Վարչական վարույթի մասին ծանուցագիրը ստանալուց հետո Գասպարին փաստաբանների ուղեկցությամբ գնացել է ոստիկանության բաժին, որտեղ 4 ոստիկաններ արձանագրություն են կազմել:

«Ես ոստիկանությունում էլ ասեցի, որ նրանք աննամուս են, սրիկա, հանցագործ և իրենց գործողություններում ընդամենը փորձում են ճնշել քաղաքացիական շարժումները: Հետաքրքիր է՝ ոստիկանությունում նույն բանը լսելով չվիրավորվեցի՞ն, եթե վիրավորվել էին ԱԺ-ի դիմաց»,- ասել է Գասպարին:

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարիի դեմ հարուցվել են 8 վարչական, 2 քաղաքացիական և 1 քրեական գործեր: Ակտիվիստը համարում է, որ այս գործերով իշխանությունները փորձում են վախեցնել իրեն, ճնշում գործադրել, խոչընդոտել իր՝ քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու իրավունքի իրացումը: