Թուրքիայում սովորական է դարձել վատ նորությունների մասին գրելը, դրանք մեկնաբանելը։ Այս մասին գրում է Today's Zaman֊ի սյունակագիր, իրավապաշտպան Օրհան Քեմալ Չենգիզը․
«Վերջին ժամանակներս ինձ թվում է՝ ամեն օր մահախոսական հոդված եմ գրում։ Քանի որ մարդու իրավունքների ու ժողովրդավարության մասին հաճախ եմ գրում, սյունակս, կարծես, վերածվել է մահախոսականի։
Շարունակաբար գրում եմ մահացությունների, կորուստների մասին․ մեր կորցրած իրավունքների, արտահայտվելու ճնշված ազատության, պետության, որը կրկին սկսել է մարդու իրավունքների զանգվածային խախտումներ թույլ տալ։
Գրեթե ամեն օր ընթերցողներիս վատ լուրեր եմ փոխանցում։ Նույնիսկ դժվար է կողմնորոշվել, թե որ վատ լուրը պետք է ընտրեմ ու կիսվեմ դրանով ձեզ հետ։ Դիարբեքիրի իրավաբանների միության հայտարարությունը Ջիզրեի վերաբերյալ վկայում է հարավարևելյան քաղաքում պարետային ժամի ընթացքում տեղի ունեցող մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների մասին։
Հենց նոր պարզեցի, որ վերջին տասն օրվա ընթացքում բազմաթիվ լրագրողների նկատմամբ հետաքննություն է տարվում։ Վետերան լրագրողներ Էքրեմ Դումանլըի, Հասան Քեմալի, Ամհեթ Ալթանի ու Յավուզ Բայդարի նկատմամբ հետաքննություն է սկսվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ենթադրաբար, վիրավորելու համար։ Այսօրվա դրությամբ, դատախազը միայն որոշել է դադարեցնել քրեական հետապնդումը Բայդարի դեմ․ մյուսների ճակատագիրը դեռևս հայտնի չէ։
Դժվար է հավատալ, բայց ոստիկանությունը ձերբակալել է [Գեզի այգու ցույցերի վերաբերյալ հարցումներ կազմակերպող ընկերության աշխատակիցներին]՝ «առանց իշխանությունների թույլտվության հարցումներ անկացնելու հանցանքի» համար։ Գիտենք՝ Գեզիի վերաբերյալ հարցումները կառավարությանը որքան են նյարդայնացնում։ Իրավիճակն այնպիսի մակարդակի է հասել, որ մարդիկ ձերբակալվում են անցանկալի հարցումներ անցկացնելու համար։
Գյուլթեքին Ավչըն՝ նախկին դատախազ ու «Բուգյուն» պարբերականի սյունակագիր, ձերբակալվել է ու ազատազրկման դատապարտվել իր հեղինական յոթ հոդվածների համար։ Նրան մեղադրել են հեղաշրջում կազմակերպելու փորձի ու ահաբեկչական կազմակերպություն հիմնելու մեջ։ Ավչընի փաստաբաններն ասում են՝ դատական նյութերը բացառապես բաղկացած են նրա յոթ հոդվածներից։ Ինչպե՞ս կարող են սյունակները հակակառավարական հեղաշրջում առաջացնել։
Գիտեք, որ «Հյուրիեթ» պարբերականը գտնվում է հետաքննության տակ՝ «ահաբեկչական կազմակերպության սատարելու» համար։ «Բոյդաք» և «Քոզա-Իփեք» ընկերությունների գրասենյակները խուզարկվել են, իսկ դրանց ղեկավարները՝ որոշ ժամանակով ձերբակալվել։
Մի կողմից, ասում եմ՝ թվում է, թե մահախոսականների հեղինակ եմ դարձել, մյուս կողմից, սակայն, զգում եմ, որ պարտավոր են այս սյունակները գրել երկրում, որտեղ ամեն օր նման թվով սպանություններ են տեղի ունենում։ Իմ պես մարդկանց համար, ովքեր հիմնականում գրում են մարդու իրավունքների ու ժողովրդավարության մասին, բարդ է անդրադառնալ ուշադրության արժանի յուրաքանչյուր թեմայի։
Մեր ազատություններն օրեցօր ավելի ու ավելի են ճնշվում։
Մահախոսականի հեղինակ եմ նաև այն առումով, որ չեմ կարող որևէ դրական նորություն փոխանցել ընթերցողիս։ Չեմ կարող ասել, որ վատից բացի, տեղի են ունենում նաև դրական իրադարձություններ։
Ազատությունների սահմանափակումներն աճում են շարունակաբար թափ հավաքող ու մեծացող ձնակույտի նման։
Հետևաբար, մահախոսական սյունակս կարող է ծայրահեղ անհուսալի թվալ։ Ցավում եմ, որ շարունակում եմ ձեզ վատ նորություններ հայտնել։
Շատ կցանկանայի լավ լուրեր փոխանցել, խոսել ազատությունների, խաղաղության ու զարգացող ժողովրդավարության մասին։ Բայց, ցավոք, այս երևույթները հորիզոնում չեն երևում»։