Հայաստանում ամեն տարի բազմաթիվ կանայք ենթարկվում են ընտանեկան բռնության, իսկ տասնյակից ավելի կանայք զոհվում են՝ թողնելով մանկահասակ երեխաներին՝ առանց մայրական սիրո և խնամքի: Այս մասին ասված է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» հասարակական կազմակերպությունների խմբի հաղորդագրության մեջ։ Կոալիցիան հոկտեմբերի 1-ին ժամը 10:00-ից մինչև 21:00-ն Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, անցկացնելու է «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան» նվիրված միջոցառումներ:
Միջոցառման շրջանակներում ամբողջ օրվա ընթացքում ցուցադրվելու են ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց պատկանող իրեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվելու ընտանեկան բռնության ենթարկված կանանց պատմություններին: Օրվան նվիրված ակցիային կմասնակցեն նաև ընտանեկան բռնության ենթարկված կանայք ու նրանց ընտանիքի անդամները:
11:00-ից մինչև 13:00-ն Կոալիցիայի ներկայացուցիչները Կառավարության շենքի դիմաց իրենց բողոքը կարտահայտեն` ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի ընդունման պահանջով:
Ուշ երեկոյան կկայանա մոմավառություն` ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի:
«Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը» կոալիցիայի կողմից հռչակվել է 2010 թվականին, ի հիշատակ ընտանեկան բռնության հետևանքով մահացած Զարուհի Պետրոսյանի: Օրվա խորհուրդն է` ընտանեկան բռնության կանխարգելումը, հանրային իրազեկվածության բարձրացումն ու ընտանիքների առողջացումը: