Այքան Սեվերը անկախ լրագրող է, ով մեկ տարի է, ինչ Հայաստանում է ապրում: Սեվերի կինը դիվանագետ է, աշխատում է Հայաստանում Եվրամիության ներկայացուցչությունում։ Թուրք լրագրողը հաղորդում է պատրաստում քրդական «Մեդնուչե» հեռուստաընկերության համար, որը գործում է Բելգիայում, ինչպես նաև գրում է թուրքական անկախ «Բիանեթ» թերթի, «Սենդիկա», «Քուրդիստան 24» կայքերի համար: Գրում է ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային իրադարձությունների մասին: Այքանը նշում է, որ Թուրքիայում որոշակի հետաքրքրություն կա Հայաստանի հանդեպ, սակայն ոչ մի մեծ մեդիա ընկերություն իր լրագրողին Հայաստան չի ուղարկում ՝ լուսաբանելու իրավիճակը: «Իհարկե, եթե անվճար նյութ գրես և ուղարկես, նրանք դա կհրապարակեն, այլապես նրանք չեն ուղարկում: Ես այստեղ եմ, քանի որ սա անմիջական կապ ունի կնոջս հետ, և ոչ թե ինչ որ մեդիա ընկերություն է ինձ ուղարկել: Մեծ մեդիա ընկերությունները կարող են ուղարկել, բայց այնքան էլ հետաքրքրված չեն, փոքրերն էլ գումար չունեն», ֊ ասում է Այքանը: Իսկ ահա քրդական մեդիա կազմակերպություններին Հայաստանը հետաքրքիր է որպես Թուրքիայի հետ սահմանային երկիր, որպես եզդի բնակչություն ունեցող երկիր, ինչպես նաև ցեղասպանության թեմայի տեսանկյունից:
Այքանը գրում է ոչ միայն քաղաքական, այլ նաև մշակութային թեմաներից, նմանություններից․ «Ես շատ նմանություններ գտա թուրքական, քրդական և հայկական մշակույթների մեջ: Մեկուկես տարի առաջ Բուենոս Այրեսում էի, և քանի որ [Սերժ] Սարգսյանը այնտեղ էր, այնտեղի բոլոր հայկական ասոցիացիաները պատրաստել էին ինչ֊որ բան՝ ազգային պար, երաժշտություն: Ես էլ երկու քրդերի հետ էի նստած սրահում, և երբ սկսեցին ազգային պարերը, նրանք մի քիչ հուզվեցին, ասեցին, որ մեր պարերին է նման: Ես էլ ասեցի, երևի նրանց վերացնելուց նրանց ավանդույթները վերցրել եք: Նրանք գիտեն այս մասին, շատերը ընդունում են, որ մասնակից են եղել, բայց սա հիմնականում դեմոկրատ ու ձախական մարդիկ են: Իսկ մյուսներն էլ, ովքեր չեն ընդունում սա, ասում են թե հայերը թշնամի են, չեն ուզում միասին ապրել»:
Այնտեղ «քրդական» ու «հայկական» թեման է, այստեղ՝ «ղարաբաղյան» հարցը
Հայաստանում էլ Այքանը հարցազրույցներ է անում հասարակ մարդկանց հետ, և վերջիններս, եթե որևէ բան գիտեն Թուրքիայի մասին, և եթե հատկապես այցելել են, ասում են, որ կողք կողքի կարող են ապրել, խնդիր չկա: Սակայն հարցն այլ է քաղաքական գործիչների դեպքում, այդ թվում նաև Թուրքիայում: Նա նշում է, որ երբ ինչ որ կոռուպցիայի խնդիր է ի հայտ գալիս Թուրքիայում, միանգամից հայկական կամ քրդական խնդիրներն են վերհանում, իսկ ավելի վաղ էլ հունական հարցն էին բարձրացնում: Հիմա էլ մի քիչ այլ թշնամիներ են վերհանում՝ Ֆեթուլահ Գյուլեն և այլն: Սա, ըստ Այքանի, իսկապես օգնում է, երբ անհրաժեշտություն կա ուշադրությունը այլ հարցերի վրա սևեռելու:
«Եվ այստեղ էլ դա նման կերպ է աշխատում, երբ խնդիր կա, ղարաբաղյան հարցն են բարձրացնում, կամ Ադրբեջանի ու Թուրքիայի խնդիրներն են վերհանում: Թեև Թուրքիայի մասին այդքան էլ չեն գրում, հավանաբար, վախենում են: Այնքան էլ չեմ տեսնում, որ հայկական մեդիադաշտը թուրքական հակաժողովրդավարական խնդիրները լուսաբանի, քննադատի: Նույնը կարելի է նաև ասել Եվրամիության, ԱՄՆ-ի համար, նրանք անտարբեր են այս հարցերի նկատմամբ: Մեզ մոտ, կարող եմ ասել, որ դիկտատուրա է, սակայն ԱՄՆ-ն, ԵՄ-ն չեն քննադատում: Միգուցե ԵՄ-ն մի քիչ խոսում է այս մասին, քանի որ միգրացիայի հարցը կա, և նրանք փորձում են այդ խնդիրը լուծել Թուրքիայի հետ, բայց նրանք այդքան էլ քննադատաբար չեն տրամադրված», ֊ ասում է թուրք լրագրողը:
Հայաստանյան մեդիաների քննադատության պակասը, ըստ Այքանի, հավանաբար, նրանում է կայանում, որ նրանք վախենում են, որ եթե քննադատեն, դա անպատասխան չի մնա: Հատկապես, որ ռուս-թուրքական հարաբերություններն էլ հիմա անհասկանալի փուլում են. կամ իրար հետ լավ են, կամ իրար քննադատում են, թեև ներկա պահին Սիրիայի խնդրի արդյունքում նրանք թշնամիներ են: Այնուամենայնիվ, Այքանը հիշեցնում է, որ թուրքական էներգիայի 60 տոկոսը Ռուսաստանից է գալիս:
Հետխորհրդային Հայաստանում ձախականներ չկան
Այքանի վերջին նյութերից մեկը Հայաստանի վերաբերյալ եղել է այս տարվա ապրիլին՝ ցեղասպանության թեմայով: Մեկնաբանություններ է վերցրել տարբեր մարդկանցից, նաև քաղաքական գործիչներից, սակայն, նրա կարծիքով, ոչ մի լուծման տարբերակներ չի լսել․ «Այո, Թուրքիան կարող է ներողություն խնդրել, բայց դա բավական չէ: Որոշ մարդիկ հող են ցանկանում, բայց, ըստ իս, սա էլ լուծում չի կարող լինել, քանի որ այնտեղ քրդեր են ապրում: Եթե կարճ ասեմ, եթե ուզում ես այս հարցը լուծել, ողջ տարածաշրջանը պետք է փոխես, պետք է մեծ ծրագիր ունենաս ողջ տարածաշրջանի համար, քանի որ շատ խնդիրներ են այստեղ միահյուսված»:
Սակայն նման մեծ ծրագիր իրագործելու համար, օրինակ, Հայաստանում, ըստ Այքանի, ներկա պահին չկա որևէ քաղաքական կուսակցություն, որը գոնե Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-թուրք.՝ HDP) նման իր ծրագրում կետ կունենար հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ: «Ես հիմնականում տեսնում եմ պահպանողականների, նաև օլիգարխների, որոնք ուղղակիորեն իրենց շահերն են ներկայացնում խորհրդարանում, ինչը, իհարկե, վտանգավոր է, քանի որ չկա վերահսկում, հետևաբար կա կոռուպցիա, ինչպես նաև քաղաքական դիրքի օգտագործում ավելի շատ եկամուտ ապահովելու համար: Եվ ես չեմ հանդիպել կամ լսել որևէ կուսակցության մասին, ով խաղաղ, կամ ավելի հեղափոխական լուծում կառաջարկի ցեղասպանության և մյուս հարցերի համար: Թուրքիան այս առումով մի քիչ այլ է, քանի որ մենք չենք եղել Խորհրդային Միության անդամ և մենք ձախական այլ ավանդույթներ ենք ունեցել, և հիմա էլ ԺԴԿ-ն Հայաստանի և ողջ Մերձավոր Արևելքի հետ կապված փորձում է հավաքական լուծումներ առաջարկել: Բայց նախևառաջ պետք է հասարակությունը փոխել»:
Թուրքը Հայաստանում և ատելության սերմանում պետական մակարդակով
Նման փոփոխությունների համար էլ, ըստ Այքանի, աշխատանք է հարկավոր կատարել հասարակության մեջ եղած առասպելները վերացնելու համար: Օրինակ, Հայաստանում եղած ընթացքում, Այքանը, թեև շատ խնդիրների չի հանդիպում, սակայն տարօրինակ դեպքերի ականտես կամ մասնակից է լինում: Նա պատմում է, որ մի օր քաղաքի ծայրամասերից մեկում էր գտնվում, երբ մի 4-5 հոգի սկսեցին հրել նրան՝ փորձելով կռիվ սկսել, և նա չգիտեր՝ արդյոք դա նրանից է, որ այդ մարդիկ գիտեին, որ նա թու՞րք է, թե ոչ: Նա պատասխան չէր տվել և հեռացել էր մեքենայով: Մի որոշ ժամանակ առաջ էլ նա փորձել էր Դուբայ գնալու համար վիզա ձեռք բերել, սակայն ավիաընկերությունը, ուր նա դիմել էր, իմանալով, որ Թուրքիայի քաղաքացի է, մերժել էր նրան օգնել, թեև, ըստ Այքանի, ինտերնետով այդ հարցը կարելի էր լուծել, միայն պետք է նրանց գումար վճարեր: Ըստ նրա, եթե այլ ազգի անձնագիր ունենար, իրեն չէին մերժի: Մի անգամ էլ երիտասարդների էր հանդիպել, ովքեր իրեն պատմում էին Հայաստանից գնալու իրենց ցանկության մասին: Զրույցի ընթացքում, երբ սկսել էին ղարաբաղյան հարցի մասին խոսել, երիտասարդները սկսել էին ծայրահեղ հայրենասիրական ոգով խոսել այդ մասին, ինչը զարմացրել էր Այքանին: Նրա համար անհասկանալի էր, թե ինչպես կարելի է Հայաստանից հեռանալ, սակայն շարունակել իրենց հայրենասեր համարել: Թուրքիայում ևս նման մարդիկ կան, ովքեր կարող են վատ բաներ անել երկրում, սակայն երբ հայկական կամ քրդական հարցը առաջանա, նրանք միանգամից հայերենասեր են դառնում:
Եվս մի պատմություն էլ Այքանը մտաբերեց իր պարսիկ ուսուցիչ ընկերուհուց, ով իրեն հարցրել էր ցեղասպանության մասին: Նա մի որոշ ժամանակ Հայաստանում անգլերեն էր դասավանդել, և իր դասարանում 13 տարեկան աշակերտներին հարցրել էր, թե իրենք ինչն են ամենաշատը սիրում և ինչը նրանց ամենաշատը դուր չի գալիս: Մի աշակերտ պատասխանել էր, որ ամենաշատը թուրքերին չի սիրում: Իսկ ուսուցչի այն հարցին, թե երբևէ աշակերտը թուրքի հանդիպե՞լ է, երեխան պատասխանել էր՝ ոչ: Ինչպես Այքանն է նշում, մանկությունից ցեղասպանության մասին խոսելով, դժվար թե լուծումներ առաջարկվեն․ «Նույնն էլ Թուրքիայում է, օրինակ, քրդերի հետ կապված: Հիմա Սիլվանում քրդերի են սպանում, և սոցիալական մեդիաներում գրվում է այդ մասին, և մարդիկ գրում են, որ շատ լավ է` նրանց բոլորին պետք է սպանել և խնդրիները կլուծվեն»:
Սակայն այս ամենը, ըստ Այքանի, քաղաքական հարց է, և եթե թուրքական պետությունը քրդերի, հայերի մասին վատ չխոսի, մեկ ամսում շատ բան կփոխվի: Նա օրինակ բերեց 30-40 տարի առաջ ալևիների մասին թուրքերի պատկերացումներից, համաձայն որոնց, ալևիները պոչ ունեին: Նրանք մտածում էին, որ եթե ալևիները, հայերը տարբերվում են իրենցից, ուրեմն նրանք պիտի ինչ֊որ տարբերվող բան ունենան: Եվ սա իհարկե կապված էր պետական քաղաքականության հետ: Օրինակ, 60-ականներին և նույնիսկ այսօր, ձախերի մասին պատկերացում կա, որ նրանք փոխանակում են իրենց կանանց: Եվ շատ մարդ կա, որ հավատում է սրան: Կամ, օրինակ, ասում են, որ Ղուրանում գրված է, թե ճիշտ է լինել աջակողմյան, իսկ ձախակողմյան լինելը նշանակում է սատանայի հետ քայլել: Ղուրանում, իհարկե, նման բան չկա, բայց մարդիկ հավատում են և սկսում են կարևորել դա․ «Եթե Թուրքիան ցանկանում է լուծել հայկական կամ քրդական հարցը, նրանք կարող են ճանապարհ գտնել, բայց նրանք չեն ցանկանում»:
Հայաստանն ավելի ազգայնական էի պատկերացնում
Ինչ վերաբերում է հայերի մասին Այքանի պատկերացումներին մինչ Հայաստան գալը, ապա որոշակի տպավորություն նա արդեն իսկ կազմել էր Թուրքիայի հայ ծանոթների, ինչպես նաև Բելգիայի, Արգենտինայի հայերի հետ շփվելով: Նշում է, որ Հայաստանը ազգայնական մի տեղ էր պատկերացնում, բայց հիմա իրեն շատ ավելի անվտանգ է զգում, քան Թուրքիայում կամ Բելգիայում:
Ազգայնականություն, իհարկե, կա, բայց ավելի քիչ, քան սպասում էր: Ըստ իր լսածների, Հայաստանում պետական հսկողությունը շատ է, և մարդիկ նախընտրում են շատ չխոսել քաղաքականությունից կամ շատ չքննադատել պետությանը: Եվ այստեղ էլ, ինչպես ամեն տեղ, պետությունը մասնավոր սեկտորի հետ համագործակցում է, բայց Այքանի համար էլ անհասկանալի է, թե ինչու մի ինչ-որ էլեկտրականություն մատակարարող ընկերության տնօրեն պետք է ստանա 60.000 դոլար աշխատավարձ, իսկ դրա համար ժողովուրդը պետք է վճարի: Բայց, իհարկե, պետությանը նման հարցերը դուր չեն գալիս, քանի որ, ըստ Այքանի, մասնավոր սեկտորը պետության հետ կիսվում է այդ փողերով: Եվ իրավիճակը նման է Թուրքիային, ուր կոռուպցիան ավանդույթ է․ «Եվ ցավոք սրտի, վերջին ընտրություններից հետո էլ դժվար թե շատ բան փոխվի»:
Էրդողանն ու Սարգսյանը նույն բանն են ցանկանում
Եթե 2010թ. Թուրքիայում անցկացվեց սահմանադրական փոփոխություններին նվիրված հանրաքվե, և 60 տոկոսը կողմ քվեարկեց փոփոխություններին, նույնիսկ որոշ ձախականներ, ապա այժմ շատերը այդ փոփոխություններին դեմ են:
«Թեև համակարգերը տարբեր են, բայց ինչպես Էրդողանը, այնպես էլ Սարգսյանը ցանկանում են երկար մնալ իշխանության ղեկին և դրանով իրավիճակը նման է: Կարող է խորհդարանական համակարգ լինել, կամ նախագահական, բայց դա էական չէ: Սակայն Էրդողանի դեպքում սա ավելի վտանգավոր է», ֊ նշում է լրագրողը: Այքանն ասում է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կողմնակիցները գրում են, որ հիմա Թուրքիան ապրում է 3-րդ Ոսկե դարը: Առաջինը սելջուկների ժամանակն էր, երկրորդը՝ օսմանյան կայսրության, և հիմա էլ՝ էրդողանի ժամանակն է: Այդպես մտածելու տեղիք է տալիս, օրինակ, թուրքական ռազմաբազայի առկայությունը Քաթարում: Կամ, օրինակ, օսմանյան կայսրության ժամանակ սուլթանը ուներ նաև խալիֆայի (միջնադարում եգիպտական և օսմանյան սուլթանություններում բացառիկ հոգևոր առաջնորդ) կարգավիճակ: Եվ հիմա խոսակցություններ են պտտվում, որ Էրդողանն էլ պետք է նման կարգավիճակ ունենա, քանի որ եթե իսլամական պետության ղեկավարը կարող է ունենալ նման կարգավիճակ, ապա ինչու ոչ Էրդողանը: Եվ այս առումով էլ Էրդողանը վտանգավոր քայլեր է անում, քանի որ նա ոչ միայն ցանկանում է Թուրքիայում իսլամական հասարակությունը ամրապնդել, այլև ցանկանում է ողջ իսլամական աշխարհը իր ազդեցության տակ պահել:
Հաշվի առնելով սա և Թուրքիայում ոչ ժողովրդավարական գործընթացները, Այքանը որևէ առաջընթաց չի տեսնում նաև Հայաստան և Թուրքիա հարաբերություններում, եթե սահմանների հարցը չլուծվի: Առանց սահմանների բացման նա հնարավոր չի համարում առաջընթաց այլ հարցերում: Նա համոզված է, որ Թուրքիայում թուրք հասարակության շերտեր կան, ովքեր ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ հայ հասարակության հետ, այդ թվում ԺԴԿ-ի հետևորդները, գործարարները: Սակայն, ցավոք, Էրդողանի հետևորդները պարզապես չեն ցանկանում ապրել որևէ օտարազգի ներկայացուցչների հետ․ «Հարցումներ են լինում, որի արդյունքերից պարզ է դառնում, որ նրանք սիրում են արտասահմանցիներին, սակայն չեն ուզում նրանց հետ ապրել: Բայց սա կարող է փոխվել քաղաքական կամքի դեպքում»։
զրուցեց Սոֆյա Մանուկյանը
Լուսանկարը՝ Սէրուժ Ուրիշեան