Լրագրող Լիլիթ Լալայանը (նկարում), ով զուգահեռ աշխատում էր Henaran.am և Past.am կայքերում, հեռացվել է Henaran.am-ից՝ Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողով դիմելու համար։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է Լալայանը՝ նշելով, որ ինքը Էթիկայի հանձնաժողովից պահանջել էր քննել՝ ուրիշի փոխարեն քվեարկած ԱԺ 7 պատգամավորների հարցը։ Պատգամավորներից 6-ը եղել են ՀՀԿ խմբակցությունից, մեկը՝ ԲՀԿ֊ից։
«Ես գործի հետ կցել էի նաև Past.am֊ում հրապարակած իմ տեսանյութը, որտեղ ակնհայտ երևում է, որ պատգամավորները միմյանց փոխարեն են քվեարկում։ Հունվարի 20-ին ԱԺ էթիկայի հանձնաժողովը դիմումը հիմնավոր համարելով՝ գործը վարույթ է ընդունել, իսկ փետրվարի 11-ին կկայացվի որոշումը»,֊ ասել է Լիլիթ Լալայանը։
Գործը վարույթ ընդունելու հաջորդ օրը՝ հունվարի 21-ին, լրագրողին է զանգահարել է Henaran․am կայքի խմբագիր Լիլիթ Դավթյանը, ում ամուսինը ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ֊ական Էդուարդ Շարմազանովն է, և խնդրել է կապ հաստատել իր հետ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով։ «Ամբողջ խոսակցությունը տեղի է ունեցել «ֆեյսբուքում։ Խոսակցության ընթացքում նա ինձ հարցրեց, թե ինչու եմ առանց իր հետ համաձայնեցնելու դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով։ Նաև խոսեց այն մասին, որ ես աշխատում եմ միաժամանակ նաև Past.am-ում, չնայած նա այդ մասին իմացել էր իմ «Հենարանում» աշխատանքի անցնելու հենց առաջին օրը։ Զրույցի ընթացում մենք մեր մոտեցումներն ենք ներկայացրել լրագրության վերաբերյալ, որից հետո ինքն ինձ ասել է, որ ես հեռացված եմ աշխատանքից։ Պատճառաբանությունը եղել է այն, որ ես իր հետ չեմ համաձայնեցրել մինչ Էթիկայի հանձնաժողով դիմելը և իմ Past.am-ում աշխատելու հանգամանքը, որն, իր խոսքով, ընդունելի չէ։ Իմ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ ես պետք է Past․am-ում իմ կատարած աշխատանքը համաձայնեցնեմ իր հետ։ Ես համոզված եմ, որ աշխատանքից հեռացվել եմ, որովհետև խմբագրին դուր չի եկել Էթիկայի հանձնաժողով դիմելու փաստը»,֊ ասել է Լիլիթ Լալայանը։
Լիլիթ Դավթյանը միջադեպի առնչությամբ հայտարարություն էր հրապարակել Henaran.am֊ում, որտեղ նշել էր, թե լրագրողը ազատվել է աշխատանքից, որովհետև խախտել է խմբագրության վարքականոնի մի քանի կետեր։ Դավթյանը, սակայն, չէր մանրամասնել, թե ինչ կետերի մասին է խոսքը։
«Մեդիադաշտում խմբագրությունից խմբագրություն լրագրողների հոսքը սովորական երևույթ է և ժամանակ առ ժամանակ ինչպես «Հենարանից», այնպես էլ մյուս ԶԼՄ-ներից կադրերի հոսք լինում է: Կարիք չկա սենսացիա որոնել և քաղաքական ենթատեքստ փնտրել այնտեղ, որտեղ այն չկա: Ի դեպ, Լիլիթ Լալայանից առաջ, նրա հեռացման հետ միաժամանակ մեզ մոտ աշխատանքից այլ լրագրողներ էլ են ազատվել»,- իր հայտարարության մեջ նշել է խմբագիրը։
Լալայնի հավաստմամբ, ինքը մինչ տվյալ միջադեպը ոչ մի դիտողություն կամ զգուշացում չի ունեցել․ «Ինձ համար վիրավորական է, որ խրախուսվելու փոխարեն, հեռացվել եմ աշխատանքից։ Ես արել եմ մի բան, որը նպաստում է լրագրողների խոսքի ազատությանը, սակայն փոխարենը հեռացվում եմ աշխատանքից։ Սա նաև վատ անդրադարձ կարող է ունենալ մյուս լրագրողների վրա, ովքեր այսուհետ կիմանան, որ, եթե հանդգնեն նման բան անել, իմ բախտին կարժանանան»։
Epress.am-ի թղթակիցը մեկնաբանություն խնդրեց նաև Լիլիթ Դավթյանից, սակայն վերջինս հրաժարվեց խոսել՝ նշելով, որ ամեն ինչ ասել է իր տարածած հայտարարության մեջ ու ավելացնելու ոչինչ չունի․ «Խնդրում եմ հարգեք իմ իրավուքները և այլևս մի անհանգստացրեք ինձ, ինչ պետք է՝ ես ասել եմ»։