«Երկու դատարանների որոշումները իրար հակասում են, սակայն դատավորը չի ցանկանում անգամ լսել ու պատասխանել մեր հարցերին»։ Այս մասին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հայտարարել է ինժեներ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի փաստաբան Տիգրան Եգորյանն այն բանից հետո, երբ դատավոր Նելլի Բաղդասարյանը փաստաբանի հարցին պատասխանելու փոխարեն՝ մաստակ ծամելու համար դիտողություն է արել դահլիճում ներկա գտնվող լրագրողներին։
Գասպարիի փաստաբանը դատարանին խնդրել է պարզաբանել, թե ինչ կարգավիճակ ունի իր պաշտպանյալն այսօրվա դատական նիստի ընթացքում։ Եգորյանը հիշեցրել է, որ երկու նիստ առաջ Գասպարիի նկատմամբ սանկցիա էր կիրառվել և նա հեռացվել էր դահլիճից 6 ժամով։
«Մենք ուզում ենք հասկանալ՝ արդյոք դա 6 դատական ժամ էր, թե ուղղակի 6 ժամ։ Եվ այդ որոշումը վերացել է, թե ոչ։ Եթե ոչ, ապա Գասպարին չի՞ խախտում օրենքը՝ գտնվելով նիստերի դահլիճում», ֊ հայտարարել է Եգորյանը։
Փաստաբանը հիշեցրել է նաև, որ երբ ավելի վաղ նույն գործի շրջանակներում դատավոր Ռուզաննա Հակոբյանի կողմից Գասպարին 36 ժամով հեռացվել էր դատական նիստերի դահլիճից, իրենց պարզաբանել էին, որ այդ 36֊ը դատական ժամեր են, և Գասպարին իրավունք չունի ներկա գտնվելու նիստերին։ Փաստորեն, ըստ Եգորյանի, երկու դատավորների որոշումներն իրար հակասում են։
Ի պատասխան՝ Բաղդասարյանը նշել է, որ Եգորյանը զբաղվում է «դեմագոգիայով»։
Վերջինս դատավորի խոսքն անհարգալից է համարել և Բաղդասարյանին խնդրել է պարզաբանումներ տալ։ Դատավորի և փաստաբանի երկխոսությանը միջամտել է Գասպարին՝ ասելով, որ իր բողոքն է արտահայտում դատարանի գործողությունների հանդեպ, և պառկել է դատարանի դահլիճում։
«Իմ նկատմամբ քրեակատարողական հիմնարկում կիրառվել են դաժան խոշտանգումներ, և ես անկեղծորեն ասում եմ՝ քրեական հեղինակությունների դեմ ես անզոր եմ։ Ինձ ուրիշ բան չի մնում, քան հիմա պառկել։ Ձեր դատարանների անմիջական ցուցումներով են ընթացել իմ նկատմամբ կտտանքները, և դուք ուշադրություն չեք դարձնում։ Հույս ունեմ՝ ձեր ենթականերին չեք ասի, որ ինձ հիմա այս լուսավոր դահլիճում խոշտանգեն», – հայտարարել է Գասպարին։
Նելլի Բաղդասարյանը որոշում է ընդունել դատական սանկցիա կիրառել՝ Գասպարիին վեց ժամով հեռացնելով նիստերի դահլիճից: Բաղդասարյանն այս դեպքում էլ, սակայն, չի ասել թե ինչպիսի 6 ժամվա մասին է խոսքը։
Եգորյանը հեռացել է նիստերի դահլիճից՝ պատճառաբանելով, որ առանց իր պաշտպանյալի ինքը դատական նիստին չի կարող մասնակցել։ Բաղդասարյանը ասել է, որ դիմելու է Փաստաբանների պալատ՝ Եգորյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հարցով։
Նշենք, որ Գասպարին մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի, Սոնա Մելիքյանի և դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: