հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / «Այլընտրանքային ծառայությունը» հայկական բանակում ընտրություն չի ենթադրում

«Այլընտրանքային ծառայությունը» հայկական բանակում ընտրություն չի ենթադրում

Մեր երկրում չես կարող ներքին համոզմունքների, փիլիսոփայական հայացքների, աշխարհայացքի, խղճի թելադրանքի հետ կապված հրաժարվես պարտադիր զինվորական ծառայությունից: Այս մասին այսօր «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության կազմակերպված «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

«Ճիշտ է՝ 2004-2013 թվականներն ընկած ժամանակահատվածի համեմատ ինչ-որ փոփոխություններ կան այլընտրանքային զինվորական ծառայության հետ կապված, օրինակ, Եհովայի վկաներին իրավունք է տրվում օգտվել այլընտրանքային ծառայությունից: Սակայն հիմա էլ չի լուծվել մի կարևոր բան. եթե դու բանակում ես ու ընթացքում ցանկանում ես դիմում գրել, որ չես ուզում ծառայել, թույլ չեն տալիս: Այսինքն՝ մարդը չի կարող երկու տարվա ընթացքում իր համոզմունքները փոխել: Բայց սա ակնհայտորեն խախտում է: Զինվորական ծառայությունը պետք է ընտրովի լինի՝ որպես մասնագիտություն: Քաղաքացին երկրի նկատմամաբ միայն մի պարտավորություն ունի՝ հարկեր վճարել, իսկ ծառայելու հարցն ինքը պետք է որոշի», – ասել է իրավապաշտպանը:

Նա հիշեցրել է նաև, որ Հայ առաքելական եկեղեցու սպասավորները անհասկանալի կերպով առավել շատ արտոնություններ ունեն բանակում: Նրանք ծառայության ընթացքում նաև աշխատավարձ են ստանում՝ այն հիմնավորմամբ, որ հոգևոր ծառայություն են անում:

«Սակայն անհասկանալի է, թե որտեղից և ինչու այդ գումարը պետք է տալ նրանց և ոչ թե, ասենք, բողոքական եկեղեցու հետևորդի: Բացի դրանից, չպետք է մոռնալ, որ մենք աշխարհիկ և ոչ թե հոգևոր պետություն ենք», – ասել է Սաքունցը:

Քննարկման ժամանակ իրավապաշտպանն անդրադարձել է նաև մեկ այլ խնդրի՝ կապված միջնակարգ դպրոցներում դասավանդվող «Ռազմագիտության» առարկայի դասագրքերի հետ: Ըստ բանախոսի՝ դասագրքերում մի քանի էջերով կան տարբեր տեսակի զենքերի, այդ թվում նաև քիմիական զենքի մանրամասն նկարագրություններ:

Դրանց փոխարեն, Սաքունցի խոսքով, պետք է անդրադառնալ զինվորական ծառայության իրավունքների հետ կապված հարցերին, որոնք սակայն այսօրվա դասագրքերում բացակայում են: Բացի դա, նա նշել է, որ քիմիական զենքի օգտագործուման մանրամասները զինվորական մասնագիտական խնդիր են և ոչ թե ուսումնական: