Հոդված՝ Օլիվեր Թվիստը՝ Հայաստանում
Հեղինակ՝ Արթուր Մինասյան, լրագրող
Չարլզ Դիկենսի «Օլիվեր Թվիստի արկածները» վեպն առաջինն է անգլիական գրականությունում, որտեղ գլխավոր հերոսը երեխա է: Այն գրվել է 1837-1839 թվականներին: Վեպն ունեցել է մեծ սոցիալական նշանակություն, քանի որ ի թիվս այլ հարցերի դրանում արծարծվել է անչափահաս երեխաների չպաշտպանվածության խնդիրը: Անգլիայում այդ պատմական ժամանակահատվածում դեռևս գոյություն ունեին այսպես կոչված աշխատանքային տներ (workhouse), որտեղ սոցիալապես անապահով մեծահասակներն ու անչափահասները հարկադրաբար աշխատում էին և որոնց պայմանները մոտ էին բանտայինին: Երեխաների աշխատուժի շահագործման խնդիրն առաջին անգամ անգլիական խորհրդարանում բարձրաձայնել է հայտնի ռեֆորմատոր Ռոբերտ Օուենը 1816 թվականին՝ այդպիսով հանրային քննարկումների օրակարգ փորձելով մտցնել հարցը: Ավելի ուշ՝ 1890 թվականին անգլիացի պատմաբան Հենրի Ջիբինգսը «Անգլիայի ինդուստրիալ պատմություն» աշխատությունում մանրամասն նկարագրում է, թե աշխատանքային ինչպիսի շահագործման էին ենթարկվում երեխաները. նրանք աշխատում էին 16 ժամ անընդմեջ, չունեին հանգստի ազատ օրեր, ուտում էին ամենաէժան ու անորակ սնունդը, ենթարկվում պատժի ու ֆիզիկական բռնության տարատեսակ ձևերի, իսկ որպեսզի փախուստի չդիմեն՝ հաճախ քնում էին ձեռնաշղթաներով:
Այսպիսով, ակնհայտ է դառնում, թե իր ժամանակների ինչպիսի կարևոր սոցիալ-իրավական խնդրի՝ անչափահասների ու սոցիալապես անապահովների չպաշտպանվածության հարցին է անդրադարձել Դիկենսն իր վեպում՝ դառնալով հարցի հանրայնացման առաջամարտիկներից մեկը:
21-րդ դարի Հայաստանում նույնպես քիչ չեն սոցիալական խնդիրները, այդ թվում՝ աղքատության, աշխատանքի շահագործման ու նաև անչափահասների իրավունքներին վերաբերվող: Հնարավո՞ր է, որ ներկայիս Հայաստանում երեխան հանդիպի այն փորձություններին, որոնց հանդիպել է Դիկենսի հերոս Օլիվեր Թվիստը:
Օլիվերի հղի մայրն աշխատանքային տանը հայտնվել էր աղքատության պատճառով: Հայաստանում, Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վերգրությամբ զեկույցի համաձայն, 2014 թվականին աղքատության մակարդակը կազմել է 30 տոկոս, ինչը նշանակում է, որ պետության յուրաքանչյուր տասը բնակչից երեքը 40,264 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր է գտնվել: Մշտական բնակչության ցուցանիշի հաշվով, այդպիսով, աղքատների թիվը Հայաստանում 2014 թվականին կազմել է շուրջ 900 հազար, ընդ որում շատ աղքատների թիվը կազմել է 260 հազար, ծայրահեղ աղքատների թիվը՝ 70 հազար:
Դիկենսի հերոսի մայրը մահացել է ծննդաբերությունից անմիջապես հետո, ինչի հետևանքով Օլիվերը, որը հորը կորցրել էր ավելի վաղ, ծնված օրվանից դառնում է երկկողմանի ծնողազուրկ:
Համաձայն Հայաստանի առողջապահության նախարարության վիճակագրական տարեգրքում առկա տվյալների՝ 2014 թվականին պետությունում մայրական մահացության ցուցանիշը կազմել է 18,6, ինչը մահացածների թվաքանակն է հարյուր հազար կենդանածինների հաշվով: Արձանագրված ութ դեպքից վեցը հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանի այլ բարդությունների հետևանք են, երկուսը՝ մանկաբարձական արյունահոսությունների:
Հայաստանյան մանկատներում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, 2014 թվականին՝ տարեվերջին եղել է 951 երեխա, որոնցից 499-ը տղա, իսկ 452-ը՝ աղջիկ: Մինչև մեկ տարեկան երեխաների թիվը կազմել է 77, մեկից վեց տարեկաններինը՝ 221, յոթից իննը տարեկանների թիվը՝ 175, տասից տասնհինգ տարեկաններինը՝ 274, տասնվեցից տասնութ տարեկանների թիվը՝ 204: 2014 թվականի ընթացքում որդեգրվել է 34 երեխա, 17-ը աղջիկ, 17-ը՝ տղա, թեև կենտրոնական հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը կազմել է 117: Որդեգրված երեխաներից 17-ը 1-6 տարեկան խմբից են, 15-ը՝ մինչև 1 տարեկան, 2-ը՝ 10-15 տարեկան: 7-9 և 16-18 տարեկան երեխաներ չեն որդեգրվել:
2014 թվականին Հայաստանում գործել է 8 մանկատուն, որից 6-ը` պետական (2-ը` Երևանում, 1-ական` Արարատի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում), 2-ը` ոչ պետական (1-ական`Երևանում և Կոտայքի մարզում): Տարեվերջին առկա 951 երեխաներից 749-ը գտնվել են պետական մանկատներում, իսկ 202-ը՝ ոչ պետական:
Մանկատների ֆինանսական միջոցների մուտքը Հայաստանի պետական բյուջեից կազմել է 2.079.545.2 հազար դրամ, նվիրատվություններից՝ 53.685.7 հազար, այլ աղբյուրներից՝ 633.974.4 հազար դրամ:
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տեղեկատվության, 2014 թվականին տարեվերջի դրությամբ հաշվառվել է 7 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս, որոնցից չորսը՝ Երևանում, երկուսը՝ Լոռիում, մեկը՝ Շիրակում: Հատկանշական է, որ բոլոր յոթ երեխաները եղել են տղա: Նախորդ տարիների համեմատ մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների թիվը Հայաստանում նվազել է: Այսպես, 2004-2014 թվականների ընթացքում նման երեխաների առավելագույն թիվ է արձանագրվել 2004-ին՝ 87 երեխա, նվազգայունը՝ 2014-ին: 2013-ին այդ թիվը կազմել է 13:
Դատական դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ 2014 թվականին Հայաստանում տարբեր հանցագործությունների համար դատապարտված անչափահասների թիվը կազմել է 87, չորսը՝ աղջիկ: Ազատազրկման է դատապարտվել 62 անչափահաս:
Միավորված Ազգերի Կազմակերպության կազմում գործող Աշխատանքի միջազգային կազմակերպությունը 2002 թվականին հունիսի 12-ը սահմանել է որպես Երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի միջազգային օր: Դեռևս 1976 թվականին ԱՄԿ-ն ընդունել է «Նվազագույն տարիքի մասին» 138 կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրել է 2005 թվականին: Ազգային ժողովը կոնվենցիան վավերացնելու որոշմանը կից ընդունել է հայտարարություն այն մասին, որ Հայաստանի տարածքում «զբաղվածության կամ աշխատանքի ընդունվելու և իր տարածքում գրանցված փոխադրամիջոցների ոլորտում աշխատանքի ընդունվելու նվազագույն տարիքը 16 տարեկանն է»:
1999 թվականին ընդունել է նաև մեկ այլ կոնվենցիա՝ «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին» (Կոնվենցիա 182), որը Հայաստանում ուժի մեջ է մտել 2006 թվականին և որով պետությունը պարտավորություն է ստանձնել անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել, որոնք շուտափույթ կերպով կապահովեն երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի արգելումը և վերացումը: Այս կոնվենցիայի երրորդ հոդվածի համաձայն՝ «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերը» եզրույթն ընդգրկում է`
ա) ստրկության բոլոր ձևերը կամ ստրկությանը համանման աշխատանքը, ինչպիսիք են երեխաների վաճառքը և առևտուրը, պարտքային ստրկացումը կամ ճորտային կախվածությունը, ինչպես նաև հարկադիր կամ պարտադիր աշխատանքը, այդ թվում` երեխաների պարտադիր կամ հարկադիր հավաքագրումը զինված ընդհարումներում օգտագործելու համար,
բ) երեխային օգտագործելը, հավաքագրելը կամ առաջարկելը մարմնավաճառությամբ զբաղվելու, պոռնոգրաֆիկ արտադրանքի արտադրության կամ պոռնոգրաֆիկ ներկայացումների համար,
գ) երեխային օգտագործելը, հավաքագրելը կամ առաջարկելը հակաիրավական գործունեությամբ զբաղվելու, մասնավորապես թմրանյութերի արտադրման և վաճառքի համար, ինչպես դրանք սահմանված են համապատասխան միջազգային պայմանագրերում,
դ) աշխատանքը, որն իր բնույթով կամ իր կատարման պայմաններով կարող է վնասել երեխաների առողջությանը, անվտանգությանը կամ բարոյականությանը:
Իսկ ահա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1989-ին ընդունել է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան, որը Հայաստանում ուժի մեջ է մտել 1993 թվականից: Համաձայն այս կոնվենցիայի 32-րդ հոդվածի՝
1. Մասնակից պետությունները ճանաչում են երեխայի՝ տնտեսական շահագործումից և այնպիսի աշխատանք կատարելուց պաշտպանվելու իրավունքը, որը կարող է վտանգավոր լինել կամ խոչընդոտել երեխայի կրթությանը կամ վնասել նրա առողջությանը և ֆիզիկական, մտավոր, բարոյական ու սոցիալական զարգացմանը:
2. Մասնակից պետությունները ձեռնարկում են օրենսդրական, վարչական, սոցիալական և կրթական միջոցառումներ՝ սույն հոդվածի իրականացումն ապահովելու համար: Այդ նպատակով և, հաշվի առնելով այլ միջազգային փաստաթղթերի համապատասխան դրույթները, մասնակից պետությունները, մասնավորապես՝
(ա) սահմանում են աշխատանքի ընդունելու նվազագույն տարիք կամ նվազագույն տարիքներ,
(բ) նախատեսում են աշխատանքային ժամերի և աշխատանքի պայմանների կանոնակարգում,
(գ) սույն հոդվածի արդյունավետ իրականացումն ապահովելու համար նախատեսում են համապատասխան պատժամիջոցներ կամ այլ պատասխանատվության ձևեր:
Հայաստանի պետական օրենսդրության մեջ նույնպես առկա են երեխաների աշխատանքային շահագործման կանխմանն ուղղված դրույթներ: Այսպես, Հայաստանի գործող Սահմանադրության 37-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են, իսկ 57-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ մինչև տասնվեց տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով։
1996 թվականին ընդունված «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «պետությունն ու նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում` թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առևտրի մեջ ներգրավումից, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից և նրա իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից»: Նույն օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է նաև երեխայի աշխատանքի իրավունքը:
«Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք»,- ասված է հոդվածում:
Հատկանշական է, որ երեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նրա 16 տարին լրանալուց հետո, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրերի: Մինչև 16 տարեկան երեխաները կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի` ծնողներից մեկի (որդեգրողի) կամ հոգաբարձուի (խնամակալի) և խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ, եթե դա չի խանգարում նրանց ուսուցման գործընթացին:
Հոդվածում նշվում է նաև, որ երեխան ունի աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք: Երեխայի աշխատանքի ընդունման առանձնահատկությունները, արտոնությունները և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:
Այդ օրենքով արգելվում է երեխային ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:
2004 թվականին ընդունված աշխատանքային օրենսգրքի 140 հոդվածով սահմանված է աշխատանքային կրճատ տևողություն, որը վերաբերվում է երեխաներին:
Մինչև յոթ տարեկան երեխաների համար աշխատանքի տևողությունը սահմանվում է օրական մինչև երկու ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան չորս ժամ, յոթից մինչև տասներկու տարեկան երեխաների համար՝ օրական մինչև երեք ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան վեց ժամ, տասներկուսից մինչև տասնչորս տարեկան երեխաների համար՝ օրական մինչև չորս ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան տասներկու ժամ, տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար` շաբաթական մինչև 24 ժամ, տասնվեցից մինչև տասնութ տարեկանների համար` շաբաթական մինչև 36 ժամ:
Հայաստանի Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի համաձայն՝ «շահագործման նպատակով երեխային հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև այդպիսի անձանց շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը» պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասնհինգ տարի ժամկետով՝ կախված հանցագործության իրականացման հանգամանքներից:
Այսպիսով, Հայաստանում գործող միջազգային կոնվենցիաները և ներպետական օրենսդրությունը մի կողմից սահմանում են երեխաների աշխատանքային իրավունքը և սահմանում այդ իրավունքի իրացման նորմերը, մյուս կողմից՝ արգելում են երեխաների աշխատանքային շահագործումը և դրա համար նախատեսում են պատիժ: Այնուամենայնիվ, համաձայն ԱՄՆ պետքարտուղարության 2014-ի տարեկան՝ «Մարդկանց թրաֆիքինգի մասին» զեկույցի՝ Հայաստանում երեխաները խոցելի են համարվում՝ մուրացկանության մեջ ներգրավվելու տեսանկյունից: Ըստ զեկույցի՝ որոշ երեխաներ աշխատում են գյուղատնտեսության, շինարարության և ծառայությունների մատուցման ոլորտներում, որտեղ նրանք նաև խոցելի են աշխատանքային թրաֆիքինգի մասով: Մարդկանց թրաֆիքինգի առումով խիստ խոցելի են խնամատար հաստատությունների երեխաները:
Ընթերցողի դատին եմ թողնում եզրահանգումը՝ արդյոք Հայաստանում այսօր կարող է լինել երեխա, որը կբախվի մոտավորապես այնպիսի խնդիրների, որոնց բախվել է Դիկենսի հերոս Օլիվեր Թվիստը: Անհրաժեշտ եմ համարում միայն նշել, որ Հայաստանում և աշխարհում այսօր գոնե իրավական հարթությունում երեխաների իրավունքներն ավելի պաշտպանված են, քան մի քանի դար առաջ Անգլիայում, թեև քիչ չեն այն պետությունները, որոնցում մարդու, այդ թվում՝ երեխաների իրավունքների փաստացի վիճակն ու պաշտպանվածությունը համեմատելի է անգամ միջնադարի հետ: