հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / «Ծռերն» իրենց նպատակը չեն իրականացրել, բայց հաջողության հասել են․ Ենիգոմշյան

«Ծռերն» իրենց նպատակը չեն իրականացրել, բայց հաջողության հասել են․ Ենիգոմշյան

Հայաստանի քաղաքացիներն այսօր այլ օդ են շնչում․ օդը, որը կար մինչև հուլիսի 17-ը տարբեր է հուլիսի 17-ից հետո եղած օդից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը։ Նա ընդգծել է, որ դա այն ձեռքբերումն է, որն իրականացրել է «Սասնա ծռեր» խումբը՝ հուլիսի 17-ին Երևանի Էրեբունի թաղամասում գտնվող Պարեկապահակային ծառայության գունդը գրավելով։

Նա ասել է, որ «Սասնա ծռերի» գործողությունը «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության որոշումը չի եղել․ ««Սասնա ծռեր» խմբի մեծ մասը «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ է, մի մասն էլ՝ համակիր, ոմանք էլ՝ ոչ։ Դա եղել է այդ անձանց որոշումը»։

Ենիգոմշյանի խոսքով՝ «Սասնա ծռեր»-ի դրած պահանջները, մասնավորապես, Սերժ Սարգսյանի հրաժարականը և քաղբանտարկյալների ազատ արձակումը, համակարգային են և դրանք զուտ տեխնիկական պատճառներով չեն իրականացվել։

Բանախոսն ընդգծել է, սակայն, որ դա բացարձակապես չի նշանակում, որ «Սասնա ծռերը» չեն հասել հաջողության․ ««Մեր դեմ խաղ չկա» [իշխանությունների] համոզմունքն այսօր չքացել է։ Խումբն այն ժամանակ էր հայտարարել, որ ինքը կայծը տվել է»։

Ենիգոմշյանի համոզմամբ՝ առանց ժողովրդի ակտիվ մասնակցության իրենց առաջ քաշած ծրագրերը չեն կարող իրականանալ․ «Մենք տեսնում ենք, որ ժողովրդի մոտ իսկական զարթոնք է արձանագրվել, և ես կասկած չունեմ, որ մենք հասնելու ենք հաջողության։ Այդ մղիչ ուժը եղան «Սասնա ծռերը»»։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք «Սասնա ծռեր»-ը կմասնակցեն 2017 թվականին խորհրդարանական ընտրություններին՝ Ենիգոմշյանը նշել է, որ նման բան չի կարող լինել․ «Մեր խնդիրը նախ և առաջ մինչև նշանակված ընտրություններն արդեն հաղթանակի հասնելն է։ Մենք ունենք ռազմավարություն առաջիկա ամիսների համար։ Եթե այնպես ստացվի, որ մինչև ընտրությունները ռեժիմը չվերցավի, այդ օրը մեր մարտավարության համար կունենա էական նշանակություն»։

Ենիգոմշյանը հայտնել է, որ վաղը՝ օգոստոսի 19-ին, Ազատության հրապարակում նշանակվել է հանրահավաք, որտեղ կհնչեն հստակ ելույթներ՝ կապված տիրող ընդհանուր իրավիճակի և իրենց անելիքների հետ։