«SOS» ինտերնետ֊շոուի վարող Վիլեն Գայֆեջյանին ստիպում են հրապարակային ներողություն խնդրել ոստիկանությունից։ 2 տարի անց այսօր նման որոշում է կայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանը։
Դատարանը մերժել է բավարարել ոստիկանության այն հայցը, ըստ որի հաղորդավարը պետք է մեկական միլիոն դրամ գումար վճարի դատարան դիմած ոստիկանության աշխատակիցներ Արթուր Մադաթյանին և Սերգեյ Զաքարյանին։
Hetq.am-ի փոխանցմամբ՝ Վիլեն Գայֆեջյանը անօրինական է համարել դատարանի որոշումը՝ հրաժարվելով հրապարակայնորեն ներողություն խնդրել ոստիկաններից։ Հաղորդավարը հայտարարել է, որ պատրաստվում է դատարանի որոշումը բողոքարկել դատական մյուս ատյաններում։
Հիշեցնենք, որ «SOS» ինտերնետ֊շոուի 2015 թվականին հրապարակած «Գ/7» հաղորդումից հետո, որում հաղորդավարը վերլուծում է սևազգեստ մայրերի հանդեպ բռնություն կիրառած ոստիկանների կերպարը, գերատեսչությունը դատի է տվել հաղորդման հեղինակներին՝ իրենց «պատիվն ու արժանապատվությունը արատավորելու և բարի համբավը նսեմացնելու համար» ու պահանջել հրապարակայնորեն ներողություն խնդրել։ Իսկ ոստիկանության աշխատակիցներ Արթուր Մադաթյանը և Սերգեյ Զաքարյանը պահանջել էին դրամական փոխհատուցում՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով: