Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ Մխիթար Պապոյանի, բեկանել է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել նոր քննության՝ նոր կազմով: Կարո Եղնուկյանը կալանքի տակ է գտվնում 2016 թվականի հուլիսի 19-ից:
Առաջին ատյանի դատարանը մերժել էր Եղնուկյանի բողոքը, որում վերջինս ընդգծում էր, որ քննիչներն իրեն չեն պարզաբանում մեղադրանքի բնույթն ու հիմքերը:
«Մեղադրանքը պետք է լինի հանցագործության մասին, իսկ Եղնուկյանի դեմ մեղադրանքը տեղեկություն տարածելու մասին է, ինչն ընդհանրապես քրեական հանցագործություն չէ: Խնդրում ենք ասել՝ ի՞նչ է կոնկրետ արել Եղնուկյանը: Առաջին ատյանի դատարանն ասել է, որ չկա նման բան, մեղադրանքը բավարար է ձևակերպված։ Վերաքննիչը որոշել է, որ առաջին ատյանի որոշումը ամբողջությամբ սխալ է»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
Նշենք, որ առաջին ատյանի դատարանում հարցի քննարկման ժամանակ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն իր պահանջն արդարացել էր նրանով, որ նախաքննության փուլում պարզաբանել է մեղադրանքի էությունը՝ տրամադրելով այն ապացույցները, որոնք վարույթն իրականացնող մարմինը նպատակահարմար է գտել:
Ըստ մեղադրանքի՝ Կարո Եղնուկյանը մեղադրվում է ՊՊԾ գունդը գրավված լինելու օրերին տեղեկություն տարածելու մեջ, որով, ըստ քննիչի, նա նպատակ է ունեցել հարակից թաղամասի բնակչության մոտ վարկաբեկել իրավապահ մարմիններին: Այդ տեղեկությունը եղել է այն մասին, թե իրավապահ մարմինների փոխանցած սննդի հետևանքով զինված խմբի անդամները թունավորվել են:
Բացի դա, մեղադրանքի համաձայն՝ Կարո Եղնուկյանը միջոցներ է ձեռնարկել Խորենացի փողոցի հավաքի մասնակիցներին ՊՊԾ գնդի մոտակա տարածք տեղափոխելու համար: Այս պատճառներով Եղնուկյանին մեղադրանք են առաջադրել է 38֊218 (պատանդ վերցնելուն օժանդակելը), 38֊219 (շենքեր, կապի միջոցներ զավթելուն օժանդակելը) հոդվածներով, որոնց դեպքում նրան սպառնում է 6-15 տարի ազատազրկում: