Հայաստանի 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրենները, որոնք իշխող Հանրապետական կուսակցության համար ձայներ էին հավաքագրել Ազգային ժողովի ընտրություններից առաջ, շարունակում են անպատիժ մնալ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Մասնավորապես, այդ ձայնագրություններից մեկում Գյումրիի թիվ 37 դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը խոստովանել էր, որ իր ամուսնու հետ միասին վախեցրել են մարդկանց, որ ՀՀԿ-ին ընտրեն։
Դեպքի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ այն առերևույթ հանցագործության տարրեր է պարունակում և տնօրենի ձայնագրությունն ուղարկել էր ոստիկանություն՝ նյութեր պատրաստելու համար։ Սակայն, ինչպես թերթին է հայտնի դարձել, ոստիկանությանը տնօրենն ասել է, որ վախեցնել ասելով ինքը նկատի է ունեցել այն, որ իր բարեկամներին ասել է՝ եթե ՀՀԿ-ին չընտրեն, ինքը կնեղենա։ Ոստիկանությունը հիմք համարելով տնօրենի խոսքերը՝ ընթացք չի տվել գործին և հանցակազմի բացակայության պատճառով կարճել է այն։
«Իսկ մինչ այդ հայտնի հանրապետական Աստղիկ Ավետիսյանը շարունակում է առոք-փառոք պաշտոնավարել, ավելին՝ ԱԺ վերջին ընտրություններում նա տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ էր իր իսկ ղեկավարած դպրոցում»,- գրել է թերթը։