Առողջական խնդիրներ ունեցող զինծառայող, Գյումրիի բնակիչ Հուսիկ Կիրակոսյանը կարող է շարունակել ծառայությունը՝ բժշկական վերահսկողության ներքո, պնդում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
Այս մասին ՊՆ-ը հայտնել է ապրիլի 21-ին Կիրակոսյանի շահերի պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Արմինե Սադիկյանի կողմից ուղարկված դիմումին ի պատասխան։ Ինչպես Սադիկյանն ասել է Epress.am-ի հետ զրույցում, դիմումով պահանջվում էր, որպեսզի Կիրակոսյանը չուղարկվի զորամաս, մինչև չլուծվեն նրա առողջական խնդիրները, ինչպես նաև՝ տեղեկացնել, թե ինչ բուժօգնություն է ստացել զինծառայողը փետրվարի 22-ին հոսպիտալում հայտնվելու օրվանից սկսած։
«Նրանք գտել են, այնուամենայնիվ, որ ինքը պիտանի է սահմանափակումներով ծառայության համար։ Սահմանվել է բուժծառայության հսկողություն ու անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի նրա բուժօգնությունը»։ Իրավապաշտպանի փոխանցմամբ՝ այս հարցով իրենք արդեն հետագա գործողություններն են որոշում։
Նշենք, որ, չնայած Հուսիկ Կիրակոսյանը միակողմանի ծնողազուրկ է, ՀՀ Պաշտպանության նախարարությունը հրաժարվել էր զինծառայողին Լեռնային Ղարաբաղի Ջեբրայիլի զորամասի փոխարեն իր բնակության վայրին մոտ զորամաս տեղափոխել։
Հուսիկի մոր` Ալվարդ Կիրակոսյանի խոսքով, որդին բանակ է մեկնել ոչ լիարժեք առողջական վիճակով: Որդին, ըստ նրա, առողջական խնդիրներ մանկուց է ունեցել: Հուսիկի մոտ ախտորոշվել է խրոնիկական բրոնխիտ: Կիրակոսյանը պատմել է, որ զինվորական հոսպիտալում որդու նշիկաբորբերն են հեռացրել, բայց տղան ֆարինգիտ` ըմպանի հետին պատի բորբոքում է ունեցել: Մայրը վստահեցնում է, որ տղան այսօր էլ առողջական խնդիրներ ունի, սակայն զինծառայողն ապրիլի 19-ին առանց համապատասխան բուժում ստանալու դուրս է գրվել հոսպիտալից և տեղափոխվել Ստեփանակերտ, որից հետո էլ՝ Լեռնային Ղարաբաղի Ջեբրայիլի զորամաս։