Կրթության և գիտության դաշնակցական նախարար Լևոն Մկրտչյանը գիտի, որ հայաստանցի շրջանավարտներից շատերն արտագնա աշխատանքների Ռուսաստան են մեկնում անմիջապես դպրոցն ավարտելուց հետո։ Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողները հարցրել են Մկրտչյանին, թե ինչու են ավարտական վկայականները երկու լեզվով՝ հայերեն և ռուսերեն։ Նախարարը պարզաբանել է, որ իրենք ցանկանում են ազատել ազգաբնակչությանը լրացուցիչ ֆինանսական պարտավորություններից։
«Գիտենք, որ երեխաների մի զգալի մասը, որ մեզ մոտ ավարտում է, հետո գնում է Ռուսաստան։ Ընդամենը դա է։ Նաև կարող ենք այլ լեզվով տալ, որ բնակչության վրա լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն չլինի: Պատկերացնո՞ւմ եք՝ յուրաքանչյուր ատեստատի համար գումար վճարեն, ստանան ռուսերեն տարբերակը, միշտ է այդպես եղել․․․ Մի զգալի հատվածը մեր երեխաների արտագնա աշխատանքի են գնում, Հայաստանից հեռանում և հետ են գալիս, ատեստատը պետք է։ Եթե անգլերեն լինի, կդիմեն մեզ, կտանք, բայց ավելի շատ Ռուսաստան են չէ գնում։ Մեր բնակչությանը ավելորդ ֆինանասկան ծանրության տակ չդնենք, արդեն վիճակները լավ չի», ֊ ասել է բնակչության վիճակի համար «մտահոգ» դաշնակցական նախարարը: