Սպանության փորձի մեջ մեղադրված և արդարացված Կարեն Կունգորցևը նախորդ տարի ազատ արձակվելուց հետո հասցրել էր ամուսնանալ, երեխա ունենալ։ Նա, սակայն, դեռ չէր հասցրել համակերպվել մոտ 3 տարի բանտում անցկացնելու փաստի հետ, երբ կրկին կալանավորվեց։ Լոռու դատարանը արդարացրել էր նրան 2016 թվականի ապրիլին՝ ամբաստանյալի, իրավապաշտպանների և հարազատների համար անսպասելի վճիռ կայացնելով։ Վերաքննիչը 15 ամիս հետո նույնքան անսպասելիորեն բեկանել էր այդ եզակի արդար վճիռը, և Կունգորցևին բանտ ուղարկել։
Դատավարության ընթացքում մոտ 3 տասնյակ վկաներ հայտարարել են, որ չեն տեսել Կունգորցևին Դավիթ Հովակիմյանի սպանության վայրում։ Սպանվածի հարազատները ևս պահանջում են իրական մարդասպանին պատժել և Կարենին ազատ արձակել։
«Ես փորձում էի նոր կյանք սկսել, հիշաչար չլինել․․․»,֊ ասում է Կունգորցևը ազատության 15 ամիսների մասին։
Հարևանները և հարազատները պատմում են, որ դրական տրամադրվելը հեշտ չէր, ազատազրկումը անհետևանք չէր անցել Կարենի համար։
«Չէր կարողանում ռեաբիլիտացվել։ Նրա սիրտը հաճախ վատանում էր, սիրտը խառնում, շտապ օգնություն էինք կանչում։ Տեսնում էր, որ իրական մարդասպանն ազատ պտտվում է քաղաքում, հիշում էր, որ 3 տարի նստել է, չէր դիմանում»,֊ Epress.am-ի լրագրողին պատմում է հարևաններից մեկը։
Դեռևս սպանությունից հետո Վանաձորում զրույցներ կային, որ իրական սպանողը ԱԱԾ֊ի աշխատակցի որդի է։ Հետագայում իրավապաշտպան Միքայել Դանիելյանը անդրադարձել է այդ հարցին խնդրին։
Կունգորցևն ասում է, որ իր համար Վանաձորում շարունակել ապրելն անհնար էր, քանի որ քաղաքում հաճախ տեսնում էր նաև այն ոստիկաններին, ովքեր իրեն ծեծի էին ենթարկել և ստիպել ընդունել մեղադրանքը։
«Ոստիկաններ Արման Գալստյանը, Արա Կարապետյանը և Անուբաղ Համբարյանը շարունակում են աշխատել, վերջին երկուսը պաշտոնի բարձրացումներ են ստացել։ Իրենք ինձ խոշտանգել են, որ ես ինքնախոստովանական ցուցմունք գրեմ։ Այդ մասին հայտնել եմ, հարուցել էին քրեական գործ, կասեցրել են»,֊ պատմում է Կունգորցևը՝ նշելով, որ սպասում էր դատական քաշքշուքների ավարտին, որ գնա Ռուսաստան՝ ընտանիքի հետ։
Ազատազրկումը ունեցել է նաև ֆինանսական ծանր հետևանքներ։ Կունգորցևների ընտանիքն ընկել է պարտքերի տակ։ Երբ մենք օգոստոսի 19-ին այցելեցինք նրանց, մայրը՝ Անահիտը և 5-ամյա եղբայրը, կիսաքանդ տանն էին։ Էլեկտրաէներգիայի, գազի մատակարարումը դադարեցել են պարտքերի պատճառով։ 63 հազար դրամ պարտքի համար «Գազպրոմ Արմենիան» դիմել է դատարան՝ պարտքից բացի պահանջելով նաև տոկոսներ։ Տոկոսների մասով դատարանը մերժել է ընկերության հայցը։
Անահիտ Հարությանյանը նաև պետք է վճարի դատարանում զայրույթ արտահայտելու համար։ Դատախազ Վահե Դոլմազյանին վիրավորելու դեպքի հետ կապված՝ կնոջը պարտադրել են 250 հազար դրամ տալ։
«Իսկ երբ դատախազը գրիչ էր շպրտում իմ որդու վրա դատարանի դահլիճում, դա վիրավորական չէ՞»,֊ ասում է մայրը։
Նա սպասում է, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իրեն ուղարկի հարկադիր աշխատանքի՝ գումարը քիչ֊քիչ մարելու համար։
Կունգորցևի հարազատները հիշում են, որ Վերաքննիչ դատարանը մոտ մեկ տարի ձգձգել է դատավարությունը։
«Հեշտ չէր ամեն շաբաթ Վանաձորից տաքիսով Երևան հասնելը։ Գնում, հասնում էինք, ասում էին՝ հետաձգել են»,֊ ասել է Կարենի հարազատներից մեկը։
Կարեն Կունգորցևն այժմ սպասում է, թե երբ իրեն կուղարկեն Վերաքննիչի որոշումը, որպեսզի ինքը կարողանա դիմել Վճռաբեկ, ապա անհաջողության դեպքում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։