Իրանի ցույցերի հետևում ֆինանսական խաբեություններից տուժած միլիոնավոր քաղաքացիներ են։ Այս մասին Wall street journal թերթում գրում են Ֆարնազ Ֆասիհին և Ասա Ֆիտչը։
Իրանում սոցիալական դժգոհությունը իր գագաթնակետին հասավ, երբ նախագահ Հասան Ռոուհանին հրապարակեց իր կառավարության 2018 թվականի ծրագիրը։ Այդ նախագծով պետական բյուջեն 6 տոկոսով կրճատվում էր, սակայն ավելանում էր միլիոնավոր դոլարների հատկացումը պետական և ոչ պետական կրոնական հիմնարկներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, օրինակ, ստանում էր մոտ 8 միլիարդ դոլար ֆինանսավորում։ Խնայողությունից տուժում էին աղքատները, սոցիալական օգնությունը և նպաստները կրճատվում էին։
Տնտեսական այս փոփոխությունները փողոց բերեցին մարդկանց, ովքեր առանց այն էլ կորցրել էին իրենց ողջ խնայողությունները չկանոնակարգված, կոռումպացված մասնավոր ֆինանսական ընկերությունների պատճառով։
Մասնավոր ֆինանսական ընկերությունների բիզնեսը ծաղկեց նախորդ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ժամանակ, երբ վերջինս 2000֊ականներին օրինականացրեց մասնավոր և կիսամասնավոր վարկային կազմակերպությունների ստեղծումը։ Աշխատավոր և միջին դասակարգի իրանցիները, ում տնտեսական ներուժը վերանում էր գնաճի և տարադրամի արժեզրկման պայմաններում, սկսեցին վարկային ընկերություններ բացել՝ հարստանալու հույսով։
Համաձայն Արժույթի միջազգային կազմակերպության՝ 2000֊ականներին բացվեցին ավելի քան 7000 ֆինանսական ընկերություններ։ Համաձայն Իրանի վիճակագրության՝ այդ ընկերությունները տիրապետում էին երկրում կանխիք շրջանառության 25 տոկոսին։ 2017 թվականի օգոստոսին Ռոուհանին որոշեց, որ Կենտրոնական բանկը այլևս խստացնելու է այդ ընկերությունների վերահսկողությունը և սահմանափակելու է դրանց առաջարկած տոկոսադրույքները մինև 15 տոկոսի։
Իրանացի տնտեսագետների վերլուծությամբ՝ սրանից հետո ընկերությունները ուղղակի չէին կարող գոյատևել։ Այդ մասնավոր ընկերությունները պատկանում էին ոչ թե ֆինանսիստ փորձագետների, այլ մարդկանց, ովքեր լավ կապեր ունեին կրոնական հաստատությունների, դատավորների և հեղափոխական բանակի հետ։
Դրանց կապիտալի մեծ մասը ներդվրում է անշարժ գույքի շուկայում, ինչը այնքան եկամտաբեր չէ, որ ընկերությունները կարողանան ներդրողներին տոկոսներ հետ վճարել։ Կարգավորումների և թափանցիկության բացակայության և կոռուպցիայի պայմաններում շատ ընկերություններ վերացան։
Մինչև մասնավորեցումը այդ ֆինանսական ընկերությունները պետաշխատողների կենսաթոշակային ֆոնդեր էին։ Ժողովուրդը, չվստահելով բանկերին և պետական կառույցներին, որպես ներդրում գնում էր դոլար կամ ոսկի։ Մասնավորեցումից հետո այդ ընկերությունները սկսեցին սիրաշահել ավանդատուներին՝ առաջարկելով ավելի բարձր տոկոսադրույքներ, քան բանկերը։ Ահմադինեժադի ժամանակ գնաճը հասավ մոտ 40 տոկոսի, ինչը ազդում էր մարդկանց խնայողությունների գնողականության վրա և մասնավոր ընկերությունների առաջարկը ավելի գայթակղիչ դարձնում։ Ընկերությունները վստահություն էին շահում նաև կրոնական, ռազմական և դատական իշխանությունների հետ բացահայտ կապերով։ Ժամանակի հետ այդ ընկերությունները նաև սկսեցին վարկել տալ և այլ ծառայություններ մատուցել, որոնց համար լիցենզավորված չէին։
Ընկերությունները ներդնողների գումարները դնում էին անշարժ գույքի շուկայում՝ շրջանառելով նոր ավանդները։ 2013 թվականից, երբ անշարժ գույքի շուկայում գներն ընկան, ֆինանսական կորուստները մեծացան։ Երբ ավանդատուները ցանկանում էին հետ վերցնել գումարները, ֆինանսական ընկերություներն այդ ավանդները արդեն չունեին։
Իրենց գումարները կորցրած մարդիկ մեղադրում էին մենեջերներին գողության մեջ և կառավարությանը՝ կարգավորումներ չանելու համար։ Իրավական հետևանքներ այս ամենը գրեթե չի ունեցել։