Home / Առողջապահություն / Անորակ պրոթեզներ՝ հանուն պետական շահի․ դռնփակ հանդիպման մանրամասները

Անորակ պրոթեզներ՝ հանուն պետական շահի․ դռնփակ հանդիպման մանրամասները

Հաշմանդամության տարբեր կարգեր ունեցող մի շարք քաղաքացիներ փետրվարի 1֊ին հավաքվել էին Կառավարության շենքի մոտ՝ բողոքելու տարեսկզբից իր գործունեությունը մասնակիորեն դադարեցրած «Ինտերորթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնին սահմանափակ հնարավորություններ տրամադրելու որոշման դեմ։

Տարբեր մարզերից և Երևանից հավաքված քաղաքացիները, որոնց թվում էին ազատամարտիկներ և ապրիլյան քառօրյայի մասնակից հաշմանդամություն ունեցող զինվորներ, պահանջում էին չեղարկել 2017-ի հոկտեմբերին անցկացված տենդերի արդյունքները, որի պատճառով «Ինտերորթո» կենտրոնն այսուհետ իրականացնելու է միայն սրունքային պրոթեզավորումներ, իսկ տենդերը շահած ընկերությունը՝ ազդրի պրոթեզավորումներ։

Մոտ մեկ ժամ սպասելուց հետո Կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը բողոքող քաղաքացիներին հրավիրեց իր աշխատասենյակ, իսկ լրագրողներին խնդրեց դուրս գալ՝ պատճառաբանելով․ «Իմ սենյակն է, և ես եմ որոշում, թե ինչ ֆորմատով հանդիպում է լինելու և ովքեր կարող են մասնակցել»։

Հանդիպումից հետո Epress.am-ի թղթակիցը բողոքողներից փորձեց ճշտել՝ արդյոք պաշտոնյան պարզաբանել է, թե ինչո՞ւ որոշեց իրենց հետ հանդիպումն անցկացնել առանց լրագրողների ներկայության։

«Դե էդ պետն ասաց, որ լրագրողների մոտ խոսելու է պաշտոնական, իսկ նենց կարար մեր հետ ազատ խոսեր։ Ասեց, որ լրագրողների մոտ պետք ա խոսա էն, ինչ ասել են իրա վերադասները, բայց կան բաներ, որ ինքն էլ կարա մեր հետ համաձայն լինի, բայց լրագրողների մոտ չի կարա էդ ասի»,֊ մեզ հետ զրույցում ասաց բողոքող քաղաքացին։

Դռնփակ հանդիպման ժամանակ պաշտոնյան նշել է, որ ստացել է վերջիններիս բողոք֊նամակը։ Վարչապետը և Սոցապ նախարարը նամակի բովանդակությանը ծանոթացել են, և քաղաքացիներին պատասխանել, սակայն, բողոքողներն ասել են, որ վերջիններիս պատասխանները չեն ստացել։

«Մենք ասեցինք, որ ոչ մի պատասխան էլ չենք ստացել և էդ չինովնիկը [Ալեքսանդր Ղազարյանը] սկսեց մեզ կարդալ նախարարի պատասխանը։ Բայց դե մենք ասինք՝ էդ խի ես մեզ կարդում, մարդավարի բացատրի, բան հասկանանք», – ասել է բողոքի եկած մեկ այլ քաղաքացի։

Հարցին թե, ո՞րն է քննարկման ժամանակ եղել նրանց հիմնական պահանջը, քաղաքացին նշեց․ «Մենք բոլորով ասեցինք, որ մենք չենք ուզում վերադառնանք սովետական հին պրոթեզներին։ Անհայտ ծագման ընկերություն է շահել, անհայտ մասնագետներ են։ 30 տարի է մեր պրոթեզները գերմանական էդ ընկերությունն է անում, գիտենք մասնագետներին, որակյալ պրոթեզներ են սարքում։ Հիմա, ենթադրենք, ես ունեմ ազդրի ու սրունքի պրոթեզավորման խնդիր։ Ես հո չեմ գնալու մեկը մի մասնագետի մոտ անեմ, մյուսը՝ մյուս մասնագետի։ Տենց ո՞նց կլինի։ Մի պրոթեզս գերմանական որակով լինի, մյուսը՝ չինական, անորա՞կ»։

Բացի այս խնդրից, բողոքող քաղաքացիներին մեկ այլ հարց ևս հուզում է, որը և հանդիպման ժամանակ բարձրացրել են։

«Գերմանական էդ կենտրոնը պետպատվերով ա աշխատում, անելու ա միայն սրունքային պրոթեզներ, բայց դրանց պահանջարկը էս երկրում էնքան քիչ ա, որ կենտրոնը կարա փակվի, մասնագետներն էլ գնան արտասահման, մանավանդ որ էդ մարդկանց բարձր աշխատավարձով կանչում են Գերմանիա, Ղազախստան։ Մենք մնալու ենք էդ չինական, էժան պրոթեզների հույսի՞ն։ Հիմա էդ պետը համաձայն ա իր մերսեդեսը թողնի ու սկսի մոսկվիչ քշել, կանի՞։ Էս հետընթաց ա, հետընթաց»,֊ նշել է խնդրի կրողներից մեկը։

Կառավարության ընդունարանում քաղաքացիների հետ հանդիպմանը, բացի Ալեքսանդր Ղազարյանից ներկա է եղել նաև Սոցապ նախարարության Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը, որը պնդել է, թե տենդերի վերջնական արդյունքները լինելու են փետրվարի 6֊ին և մեկ անգամ ևս հաղթող կազմակերպությունը ենթարկվելու է խիստ ստուգումների։

«Կեսոյանը մեզ ասում ա՝ էդքան բան ենք անում, մի քիչ էլ պետական շահի մասին մտածեք։ Բա մեր մասին ո՞վ մտածի։ Փոխանակ իրենց բյուջեն մեր առողջությանը հարմարացնեն, մեր առողջությունն են հարմարեցնում իրենց բյուջեին։ Իրա համար գուցե տարբերություն չկա, թե ես պրոթեզով կքայելեմ, թե ձեռնափայտով, բայց իմ համար տարբերություն կա։ Հիմա, որ էդ տենդերն անցկացրել են, ինչի՞ մեր կարծիքը հաշվի չեն առել։ Ես ասել եմ, թող չմտածեն, թե սպառնալիք է, բայց եթե վերջնական որոշում կայացնելուց առաջ հաշվի չառնեն մեր կարծիքը, մենք մեր անելիքը գիտենք։ Կսպասենք, մինչև իրանց ասած ժամկետը, հետո՝ կտեսնենք արդեն»: