25 օր տևած հացադուլից հետո հունվարի 12֊ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխված «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը քաղաքացիական հիվանդանոցի բժիշկների հետազոտության կարիքն ունի։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանն՝ ընդգծելով, որ առաջիկայում այդ հարցով պատրաստվում է միջնորդություն ներկայացնել դատարան։
«Բժիշկները որպես այդպիսին էական գնահատականներ չեն տալիս, համենայնդեպս, այն որ նա հիմա բուժման մեջ է գտնվում արդեն իսկ վկայում է այն մասին, որ առողջական խնդիրներ ունի։ Ընդ որում, առողջական շատ խնդիրներ կան, որոնք «Դատապարտյալների հիվանդանոցի» հետազոտությունների արդյունքում հնարավոր էլ չէ վերհանել, քանի որ տեխնիկական հագեցվածություն չունի այդ ՔԿՀ֊ն։ Պլանավորում ենք քաղաքացիական հիվանդանոցի բժիշկների հրավիրել հետազոտություններն առավել ամբողջական ունենալու համար», – ասել է Ֆանյանը։
Նրա խոսքով՝ Արմեն Բիլյանը բժշկի այցելության թույլտվության համար անհրաժեշտ դիմումը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ֊ից արդեն գրել է։
«Քանի որ դատարանը Պավլիկ Մանուկյանի համար թույլատրել էր ատամնաբույժի հրավիրել, և նա կարող էր մուտք գործել ՔԿՀ, նույն հետազոտության անհրաժեշտությունն ունի նաև Արմեն Բիլյանը։ Բացի այդ, պլանավորում ենք հրավիրել նաև նյարդաբանի։ Նա դեռ վերականգնողական փուլում է, բուժում է ստանում։ Դեռ ոչ մի փոփոխություն, ըստ էության, չկա և նյարդային վիճակն էլ բավարար չի», – ասել է Ֆանյանը։
«Սասնա ծռերից» Սմբատ Բարսեղյանը, որը Արմեն Բիլյանի հետ միասին հացադուլ էր հայտարարել և 27 օր հետո դադարեցրել, շարունակում է մնալ «Նուբարաշեն» ՔԿՀ֊ում։ «Մենք տեսակցում ենք նրան, Սմբատին տեղափոխել են առանձին խուց։ Պայմաններից չի դժգոհում, առողջական վիճակն էլ նորմալ է», – Epress.am֊ին ասել է Բարսեղյանի քույրը՝ Լուսինե Բարսեղյանը։