«Իրավունք» թերթը կոնկրետ անձանց նկատմամբ միտումնավոր հալածանք է իրականացրել և կոչ է արել այլ մարդկանց նույնպես միանալ այդ հալածանքին։ Այս մասին մարտի 15-ին «Մեդիա կենտրոն» մամուլի ակումբում հայտարարել է բնապահպան Աննա Շահնազարյանը՝ խոսելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված 14 քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների Հայաստանի դեմ բողոքի մասին: Դիմումատուները, որոնց թվում է Շահնազարյանը, պնդում են, որ Հայաստան պետությունը չի պաշտպանել իրենց անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը, իրավական գնահատական չի տվել իրենց մասին խտրական հրապարակումներին մամուլում, մասնավորապես, «Իրավունք» թերթի հետևյալ վերատառությամբ հոդվածին՝ «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը»։ ՄԻԵԴ֊ն արդեն հաղորդակցել է բողոքը։
Շահնազարյանը հիշեցրել է, որ թերթն իր հրապարակումով առաջարկել էր կոնկրետ անձանց «սև ցուցակի» մեջ ներառել, նրանց զրկել աշխատանքից, պիտակավորել, ինչը բանախոսը որպես բռնություն է որակում։
«Բռնությունը շատ լայն հասկացություն է, պետք է որպես բռնություն ընկալվի նույն սեգրեգացիան, նույն պիտակավորումը, աշխանատքի չընդունելու կամ աշխատանքից ազատելու կոչերը, ինչը նշանակում է, որ մարդիկ չպիտի ունենան ապրուստի հնարավորություն։ Դրանք ամբողջությամբ բռնության կոչեր էին», ֊ ասել է Շահնազարյանը։
Բնապահպանի խոսքով՝ այդ կոչերը նաև սոցցանցերով էին տարածվում և ատելության մակարդակն այդ մարդկանց նկատմամբ աճում էր․ կային մարդիկ, ովքեր կարդում էին այդ հոդվածը և սոցցանցերում հավելյալ մեկնաբանություններ և կոչեր էին անում։
«Ուզում եմ կենտրոնանալ այսօրվա վրա։ Թվում է՝ հարցը փակվեց, գնաց, կոչերն էլ անցան, բայց դա այդպես չէ։ Դա հասարակական վարքագիծ է, և այն վերարտադրվում է թե ինստիտուցիաների կամ լրատվամիջոցների կողմից, թե անհատների կողմից։ Այս առումով ես կարևորում եմ մեր դերը որպես հասարակություն։ Իրականում մենք պետք է վերականգնենք էն արժեքները, որոնք մարդկային բարեկեցությանն են նպաստում և ոչ թե մարդու ոտնահարմանը, նվաստացմանը։ Եվ այս գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննելը կարող է նաև ուսուցողական դեր ունենալ՝ իրավունքի լայն ընկալման իմաստով։ Մենք պետք է ի վերջո սթափվենք և վերագնահատենք, թե ինչ հասարակությունում ենք ուզում ապրել։ Բոլոր էն հասարակությունները, որտեղ մարդիկ ցուցակագրվում են, դրանք տոտալիտար հասարակություններ են։ Նման հասարակություններում չեն կարող չլինել զանգվածային բռնություններ, ցեղասպանություններ։ Մենք լուրջ խնդրի ունենք հասականալու՝ ինչ հասարակությունում ենք ուզում ապրել», ֊ նշել է Շահնազարյանը։
Նա ընդգծել է, որ ՄԻԵԴ֊ում գործի քննությունը պայքարի մի մասն է, որովհետև շատ կարևոր է՝ ինչպես է հասարակությունն այդ հանգամանքը օգտագործում Հայաստանի ներսում խնդիրը քննարկման առարկա դարձնելու համար։