Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ապրիլի 9-ին դիմել է Հայաստանի Գլխավոր դատախազին և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետին՝ Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու դիմումով։
Հիմնավորումներով դիմումն իրավապաշտպանը հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում․
«ՀՀ քաղաքացի Սերժ Սարգսյանը 2008թ.-ից մինչև 2018թ. ՀՀ նախագահի պաշտոնում աշխատելու տարիներին, տիրապետելով 2005թ. Սահմանադրությամբ լիազորությունները, դրանք օգտագործել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնի զավթելու, ՀՀ օրեսդրության նորմերի կոպիտ, շարունակական ոտնահարմամբ, իրականացրել է հանցավոր քաղաքականություն», – նշում է Սաքունցը։
Ըստ իրավապաշտպանի՝ այդ քաղաքականության հետևանքով, մասնավորապես, քննություն չի իրականացվել և ոչ ոք պատըասխանատվություն չի կրել 2008թ. մարտի 1-ին տասը քաղաքացու սպանության, խաղաղ ցուցարարների նկատմամբ զինված ուժերի ապօրինի կիրառման փաստերով, տասը տարիների ընթացքում ՀՀ արտաքին պարտքը 1, 5 մլրդ ԱՄՆ դոլարից հասել է մոտ 7 մլրդ դոլարի, Հայատանից անվերադարձ արտագաղթել է, ըստ պաշտոնական տվյալների, առնվազն 350 հազար ՀՀ քաղաքացի, վատթարացել է ՀՀ-ում ժողովրդագրական վիճակը։
Սաքունցը նաև ընդգծում է, որ Հայաստանում վատթարացել է շրջակա միջավայրի վիճակը՝ օդի, հողի և ջրի աղտոտման անվերահսկելի և անպատժելի աղտոտումների պատճառով, որը հանքային ռեսուրսների շահագործման բնագավառում կոռուպցիոն ռիսկերի, ոչ թափանցիկ և ոչ հաշվետու գործելակերպի պատճառով։
Կետերից մեկն է ՀՀ նախագահի 2008թ., 2013թ նախագահական ընտրությունների, 2012թ, 2017թ. Ազգային Ժողովի ընտրությունների կեղծված արդյունքները։ Բացի դա, իրավապաշտպանի պնդմամբ՝ իրենց քաղաքական հայացքների համար ՀՀ քաղաքացիները ապօրինի քրեական հետապնդման են ենթարկվել:
«Կարծում եմ, հաշվի առնելով անձամբ Սերժ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքը՝ մթնոլորտի գաղջ լինելու մասին, հաշվի առնելով վերը նշված հանցագործությունները ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ելնելով օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքից, դիմում եմ ՀՀ քաղաքացի Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեկան հետապնդում հարուցելու, և քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով, որպեսզի վերանա ՀՀ-ում մթնոլորտի գաղջությունը, և վերականգնվի առողջ միջավայրում ապրելու իմ, իմ երեխաների, իմ ընտանիքի սահմանադրական իրավունքը», – եզրափակում է իրավապաշտպանը: