Վերջին տարիներին պետական գերատեսչությունների շրջանառությունը սկսել է իրականացնել «Հայբիզնեսբանկ»-ը։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, թե, թարածված լուրերի համաձայն, պետական մարմիններին հրահանգվել է բոլոր տեսակի գործարքները իրականացնել հիմնականում այս բանկի միջոցով։
«Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ տարեսկզբից պետական մարմինների ղեկավարները «հրահանգ» են ստացել աշխատավարձերի վճարումը կատարել բացառապես «Հայբիզնեսբանկ»-ով։ Հրահանգ ստացողների թվում են նաև Երևանի մի շարք դպրոցներ և մանկապարտեզներ», – տեղեկացնում է պարբերականը։
Երևանում կան դպրոցներ, որոնց ուսուցիչները մի քանի ամիս է, ինչ իրենց աշխատավարձերը ստանում են «Հայբիզնեսբանկ»-ի միջոցով։ Ըստ հոդվածագրի՝ համառորեն լուրեր են պտտվում այն մասին, որ նույն ճակատագրին են արժանանալու նաև պետական այլ կառույցներ։ Օրինակ՝ ՀՀ մի շարք մարզպետարաններ արդեն վերոնշյալ բանկի միջոցով են և՛ գործարքներ իրականացնում, և՛ աշխատավարձերը ստանում։ Իսկ մարզպետներից մեկը, ով խնդրեց «Ժողովուրդ»-ին իր անունը չհրապարակել, ասաց, որ այդ բանկի կողմից սահմանված դրույքաչափերը հարմար են։
«Հայբիզնեսբանկ»-ի այս ակտիվացումը, սակայն, ըստ լուրերի, պայմանավորված է նաև այլ հանգամանքներով, նշում է թերթը։
«Մասնավորապես, բանկի խորհրդի նախագահ Վիտալի Գրիգորյանցի անունը կապվում է Սերժ Սարգսյանի հետ։ Բանն այն է, որ ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցը Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերն է։ Վերջինս, ըստ մամուլի հրապարակումների, հենց այն անձն է, որը դեռևս 2006-ին ԱՄՆ-ում իր ներկայացուցչի միջոցով ավելի քան կես միլիոն դոլար է վճարել ամերիկյան «Burson-Marsteller» փիառ ընկերությանը՝ այն ժամանակ դեռևս ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի վարկանիշը արտերկրում բարձրացնելու համար։ Այլ կերպ ասած՝ Վիտալի Գրիգորյանցը այն եզակի անձանցից մեկն է, որն անձամբ զգալի ներդրում է ունեցել Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու հարցում», – մասնավորապես, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։