Home / Բանտ / «Ժիրայր Սեֆիլյանը պետք է ազատ արձակվի»․ «Ելքի» պատգամավորը նրան մի փոքր համբերություն է մաղթել

«Ժիրայր Սեֆիլյանը պետք է ազատ արձակվի»․ «Ելքի» պատգամավորը նրան մի փոքր համբերություն է մաղթել

Ղարաբաղի պատերազմի վետերան, «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության առաջնորդ, 10,5 տարվա ազատազրկման դատապարտված Ժիրայր Սեֆիլյանը շուտափույթ պետք է ազատ արձակվի, քանի որ նա քաղբանտարկյալ է։ Այս մասին այսօր Եռաբլուրում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ Սեֆիլյանի ազատման համար պետք է իրականացվեն ընթացակարգային գործողություններ։

«Նոր Հայաստանում բնականաբար չեն լինելու քաղբանտարկյալներ։ Եվ Ժիրայր Սեֆիլյանը շուտափույթ պետք է ազատ արձակվի, քանի որ նա քաղբանտարկյալ է։ Բայց մենք չենք կարող ուղղակի ֆիզիկապես բացել դռները․ կա ընթացակարգային մաս, ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում, քանի որ նոր Հայաստանում չի կարող որևէ մեկի կամքով մարդ բանտարկվել կամ ազատ արձակվել», – ասել է Միրզոյանը՝ «մի փոքր էլ համբերություն» մաղթելով Սեֆիլյանին։

Այս տարվա մարտի 20-ին Շենգավիթ շրջանի ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել մեղադրանքը, ըստ որի՝ Սեֆիլյանը 2015֊ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նախապատրաստել է զանգվածային անկարգություններ` իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և այլն, հետագայում էլ` 2016-ին, արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, մասնավորապես, հեռուստաաշտարակը:

Ժիրայր Սեֆիլյանին մի քանի տեղական իրավապաշտպան կազմակերպություններ քաղբանտարկյալ են համարում։