Ղարաբաղյան հիմնահարցի լուծման ամենակարևոր տարրը ճիշտ ձևաչափով բանակցություններն են, մասնավորապես, պետք է Արցախը բերել բանակցային սեղանին։ Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պետք է հստակ պատասխանենք մի հարցի՝ մենք ուզո՞ւմ ենք լուծել հարցը, թե ոչ։ Եթե միջազգային հանրությունը, այդ թվում և Ադրբեջանը, ուզում է լուծել Ղարաբաղի հարցը, անտրամաբանական է, որ այդ հարցը քննարկվում է մի ֆորմատով, որով այդ հարցը չի կարող լուծվել», – Փաշինյանը հռետորական հարց է բարձրացրել, թե ինչպե՞ս կարող է բանակցային այս ձևաչափը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցներից մեկը չի մասնակցում բանակցություններին։
Նա ընդգծել է, որ «Արցախի Հանրապետության անունից կարող է խոսել միայն Արցախի Հանրապետության իշխանությունը», ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից կարող է խոսել միայն Հայաստանի Հանրապետության իշխանությունը։
«Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ մենք Ադրբեջանից ստանանք հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը», – ասել է Փաշինյանը։
Միջազգային հանրությունը իր հերթին, շարունակել է ՀՀ վարչապետը, պետք է հստակ արձանագրի, որի Արցախի հարցի էությունը մարդու իրավունքների պաշտպանության խնդիրն է։
«Արցախի խնդիրը ծագել է այն բանի արդյունքում, երբ Ադրբեջանը ոչ միայն ի վիճակի չի եղել ապահովվել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայ բնակչության նվազագույն իրավունքները, այլ նաև ուղիղ սպառնալիք է ստեղծել նրանց կյանքի և ինքնության իրավունքի նկատմամբ։ Բանավորին զուգահեռ կոնկրետ գործողություններ են նաև եղել», ֊ ասել է Փաշինյանը։