Պետական վերահսկողության ծառայությունը Սփյուռքի նախարարությունում աուդիտ է իրականացնելու։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ասել է․ «Ինձ մոտ առաջացան առնվազն մտահոգություններ, որ 2018 թվականի պետբյուջեով հաստատված ծրագրերում, որոնք դեռևս չեն իրականացվել, սակայն անցկացվել են համապատասխան մրցույթներ, կարող են առկա լինել կոռուպցիոն ռիսկեր։ Իմ և մեր թիմի կասկածները բավականին հիմնավոր են, և մենք կարծում ենք, որ առնվազն գոնե պետք է ստուգումներ արվի կապված ֆինանսական ծախսերի, տեղաշարժերի, համապատասխան պայմանագրերի հետ։ Ես հանդիպել եմ Վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ, ներկայացրել մտահոգությունները, և մեր միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ համատեղ աշխատելու և հասկանալու՝ արդյո՞ք տեղին են մեր կասկածներն ու մտահոգությունները, թե՝ ոչ»։
Նա նշել է, որ հնարավոր կոռուպցիոն դրսևորումները կապված են այս կամ այն ՍՊԸ-ների կողմից տենդերները շահելու հետ․ «Առնվազն վերջին 3 տարիներին պարզվեց, որ հիմնականում տենդերները շահել են նույն կազմակերպությունները։ Այդ տենդերները շահողների առնվազն գոնե մի մասը կապ են ունեցել «Հայրենիք-Սփյուռք» կենտրոն ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կամ նախարարության այս կամ այն աշխատակիցների հետ։ Սրանք հայտարարոթյուններ են, որոնք ես չեմ պնդում, որ ունեն հիմքեր, բայց հենց սրանք են, որ պետք է ճշտենք»։
Epress.am-ի հարցին, թե կոռուպցիոն սխեմաների բացահայտման դեպքում Սփյուռքի նախարարությունում սպասվո՞ւմ է միջին և ցածր օղակի կադրային ջարդ, Հայրապետյանն ասել է․ «Կադրային ջարդ հասկացությունը շատ հաճախ տարբեր ձև է մեկնաբանվում։ Երբ բացահայտվում է կոռուպցիա, տվյալ անձնավորությունը պետք է պատասխան տա»։
– Իսկ ցա՞ծր օղակը․
– Ոչ, իհարկե։
Խոսելով ընթացիկ խոշոր՝ «Սփյուռք» ամառային դպրոց, «Իմ Հայաստան» փառատոն և «Արի տուն» ծրագրերի մասին, որոնք միլիոնավոր դրամների բյուջե ունեն և հաստատված են նախարարության 2018-ի ծրագրում, իսկ տենդերները շահած՝ Հայրապետյանն ասել է․ «Մենք ունեինք երկու ընտրություն․ կամ չեղարկում էինք համապատասխան ՍՊԸ-ների հետ պայմանագրերը և հավասարության սկզբունքով նոր տենդերներ էինք հայտարարում, կամ էլ կասեցնում էինք, առժամանակ հետաձգում։ Լավագույն որոշումը, որ մենք հանգեցինք, դա ծրագրերի ժամկետների ժամանակավոր հետաձգումն է»։
Նշենք, որ «Արի տուն» ծրագրի իրականացման համար նախատեսված բյուջեն կազմել է 92 միլիոն դրամ, «Սփյուռք» ամառային դպրոցի համար՝ 113 միլիոն դրամ և «Իմ Հայաստան» փառատոնի՝ 85 միլիոն դրամ։
Հայրապետյանը նշել է, որ առաջիկայում հայտարարելու են 2018-ի համար նախատեսված երկու ծրագրերի մասին․ «Մեկը կլինի՝ «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոցի ծրագրերի համատեղ սկզբունքների վրա հիմնված մեկ խոշոր ծրագիր, իսկ երկրորդը լինելու է նորություն»։