Երիտասարդ մասնագետներին դուրս են շպրտել, մատչելի պայմաններով բնակարան ունենալու ծրագիրը տվել երիտասարդ ընտանիքներին։ Այսինքն` եթե ընտանիք չես, այլ մենակ մարդ ես, մասնագետ, չես խրախուսվում պետության կողմից։ Սա երկու կողմ ունի` արժեքային, երբ պետությունը ընտանիքը գերադասում է մարդուն, մասնագետին։ Մինչդեռ մարդը միայնակ է, աշխարհը վաղուց է սա հասկացել, իսկ մասնագետները` անփոխարինելի։
Պետությունը չի կարող իր գոյության հիմքում ընտանիքը դնել միայն, այն էլ` ավանդական հայկականը։ Դու չես կարող խրախուսել մի մոդել, մի արժեք, որը դու չես ընտրել։ Հայկական ավանդական ընտանիքը ճարահատությունից է առաջացել։ Լինելով հպատակներ, չունենալով լիարժեք իրավունքներ և ինքնադրսևորման մեծ հնարավորություններ` այլ տարբերակ չի եղել, քան ներհամայնքային֊ընտանեկան կյանքում պարփակվելը, մարգինալացվելը։ Չի կարելի հարյուրամյակներով խրախուսել ռասայի հոգեբանություն ու ապրելակերպ` անունը դնելով ազգային արժեք։
Երկրորդը սրա սոցիալական կողմն է, քանի որ ընտանիքը նախևառաջ սոցիալական միավոր է։ Եթե ապրելը հեշտ լիներ, ընտանիքը և դրա նախորդող տիպերը չէին առաջանա։ Հայաստանում այսօր շատ ընտանիքներ գոյատևում են, քանի որ հակառակ դեպքում դրա անդամները կհայտնվեին սոցիալական ավելի դժվար վիճակում։ Սրանով պետությունն ի՞նչ ուղերձ է տալիս քաղաքացուն. որ անհատի սոցիալական վիճակը չի՞ լավանալու այնքան, որ նա իր գլուխը կարողանա մենակ պահել, այլ շարունակելու է տնեցիքին ապավինելով մի կերպ գոյությունը պահե՞լ։
Գայանե Այվազյան
աղբյուր՝ Ֆեյսբուքի էջ