Home / Ազգային ժողով / «Հյուսիս֊Հարավ» ծրագրով վերակառուցել են նորմալ վիճակում գտնվող ճանապարհներ․ նախարար

«Հյուսիս֊Հարավ» ծրագրով վերակառուցել են նորմալ վիճակում գտնվող ճանապարհներ․ նախարար

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը չի կարող հասկանալ՝ ինչու է «Հյուսիս-Հարավ» նախագիծը սկսվել ամենադյուրին հատվածներից։ Այս մասին 2019 թվականի բյուջեի քննարկման ժամանակ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է նախարար Հակոբ Արշակյանը։

«Վերջերս մենք փորձում էինք հասկանալ՝ ինչպես է եղել, որ «Հյուսիս-Հարավ» պռոյեկտը սկսվել էր ամենադյուրին հատվածներից, այսինքն՝ Արտաշատի, դեպի Աշտարակ տանող խճուղիների շինարարությունից և այդպես էլ որևէ հստակ պատասխան չենք կարողանում գտնել, թե ինչու, օրինակ, հարավային ուղղությամբ մեր լեռնային տարածքներում տեղակայված դժվար անցանելի հատվածներից չէր սկսվել պռոյեկտը, այլ սկսվել էր այդ դյուրին հատվածներից։ Մեծ միջոցներ են ծախսվել՝ սարքելու ճանապարհահատվածներ, որոնք ուղիղ էին և նորմալ վիճակում գտնվող ճանապարհներ», – ասել է նա՝ հավելելով, որ այդ իսկ պատճառով հիմա իրենց դիրքորոշումը հստակ է․ Սիսիան֊Քաջարան հատվածի հետ կապված հետագա ներդրումային պլանները պետք է այնպես պլանավորել, որպեսզի այդ հատվածներում՝ հարավային ուղղությամբ, հնարավոր լինի շինարարական աշխատանքներ կատարել։

«Եվ միայն մեկ թունելի և երկու կամուրջի շինարարությամբ մենք կարողանում ենք շուրջ երկու ժամով և 55 կոլիմետրով կրճատել Սիսիան֊Քաջարան հատվածում անցողունակությունը, որը լուրջ տնտեսական էֆֆետկի կարող է բերել։

Ընդհանրապես «Հյուսիս֊Հարավ»֊ի կառուցապատման հետ կապված կան բազմաթիվ հարցադրումներ դրա անհրաժեշտության վերաբերյալ։ Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է ունենալ այդպիսի ճանապարհ, և հետագայում մեր գործընկերների հետ փորձելու ենք գտնել ճանապարհներ՝ հնարավորինս արագ այդ ճանապարհը կառուցելու և վերջացնելու համար, քանի որ այն ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար»։

Նախարարը տեղեկացրել է նաև «բավականին լուրջ ներդրումների» մասին՝ կապված համայնքային կենսական նշանակության ճանապարհների շինարարության հետ։ «Շուրջ 10 հատված է հիմնանորոգվել, որոնք 25 համայնքներին կենսական ճանապարհներով կապում են հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհների հետ։ Կարծում ենք, որ այս ծրագիրը խիստ կարևոր է գյուղական բնակավայրերի զարգացման համար, և մյուս տարի նույնպես շարունակելու ենք այս ծրագիրը։ Եվս 15 հատված, որոնք 35 լրացուցիչ գյուղի հնարավորություն կտան բարձրորակ ճանապարհներով միանալ միջպետական և հանրապետական ճանապարհներին»։

Նախարարը նաև անդրադառձավ այն 6 ճանապարհների շինարարությանը, որոնք Վանաձոր֊Ալավերդի, Ալավերդի֊Վրաստանի սահման հատվածում է իրականանում։ Առաջին 38 կիլոմետրերի՝ Վանաձոր֊Ալավերդի հատվածի, շինարարությունն այս տարի կավարտվի, իսկ մինչև 2021 թվականը՝ Ալավերդի֊Վրաստան սահման մնացած հատվածը։

Արշակյանը կարևորեց նաև տրանսպորտային այնպիսի համակարգի ստեղծումը, որը հնարավորություն կտա համայնքի բնակիչներին իմանալ՝ որ ժամին կարող ես տանից դուրս գալ, որ ժամին և ինչ երթուղիներով հասնել տուն։ «Այս պահին մեր տրանսպորտային համակարգը դա թույլ չի տալիս։ Մենք հետևողական քայլեր ենք ձեռնարկելու, որպեսզի մեր պետություն և մասնավոր համագործակցության արդյունքում ստեղծենք այնպիսի համակարգ, որը մի քանի օպերատորների միջոցով հնարավորություն ընձեռի կենտրոնացված համակարգ ապահովելու մեր բնակչության համար»։