«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շրջանակներում Տրանշ 1-ում շինարարական աշխատանքների ժամանակ հափշտակվել է ավելի քան 1,8 մլն դոլար. առաջադրվել է մեղադրանք: Այս մասին դեկտեմբերի 7-ին հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեջ Էս. Ա. և Էպտիսա» համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարին՝ ավելի քան 1,8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ խարդախությամբ հափշտակելու համար։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի կատարման շրջանակներում, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 23.553.817.000 ՀՀ դրամ:
․․․Փաստական տվյալներ են ձեռք բերվել շինարարական աշխատանքների ժամանակ կատարված հավելագրումներին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեջ Էս. Ա. և Էպտիսա» համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարի առնչության վերաբերյալ, ով 2015 թվականի դեկտեմբերից ունեցել է ծրագրի՝ Տրանշ 1-ում իրականացվող շինարարական աշխատանքների որակական հատկանիշների և ծավալների համապատասխանության նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականություններ։
Նախնական քննության տվյալներով՝ թիմի ղեկավարը, նախնական համաձայնության գալով այդ աշխատանքներն իրականացնող կապալառու ընկերության աշխատակիցների, ինչպես նաև ծրագրի պատշաճ իրականացման համար պատասխանատու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության իրավասու անձանց հետ, 2016թ. սեպտեմբերի 1-ին թողարկել և պատվիրատուի վճարմանն է ներկայացրել Տրանշ-1 հատվածում ողջ աշխատանքները կատարված լինելու մասին վկայող վճարման կեղծ վկայագիր, որում ներառված է եղել փաստացի չկատարված աշխատանքների արժեքը կազմող 1.804.232 ԱՄՆ դոլարին համարժեք 871.083.253 ՀՀ դրամ գումարի հավելագրում․․․
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ թիմի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին», – մասնավորապես ասված է հաղորդագրությունում: