Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլ» դաշինքի կողմից 70 տոկոսից ավելի ձայն հավաքելու մեջ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը վտանգ չի տեսնում, քանի որ դա տեղի է ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում։ «Երբ ընտրությունները լինում են ազատ ու թափանցիկ, միշտ հնարավորություն կա հաջորդ ընտրությունների ժամանակ այդ 70 տոկոսը դարձնել 5 տոկոս։ Սա մենիշխանություն չէ»։
Ձևավորված խորհրդարանը լեգիտիմ է, որովհետև հասարակության կողմից կա վստահություն՝ որ ուժին ինչքան ձայն են տվել, այդ ուժն այդքան էլ ստացել է, և ոչ օրինական մեթադներով ընտրությունների արդյունքը չի խափանվել, ինչպես նախկինում, երբ ընտրակաշառքն ահռելի մեծ ազդեցություն էր ունենում արդյունքների վրա։ Դեկտեմբերի 11-ին կայացած լրագրողների հետ հանդիպմանը Բադալյանն՝ ամփոփելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, մեկնաբանել է նաև մասնակիցների փոքր տոկոսի մասին խոսակցությունները՝ նշելով, որ մասնակցության հայտարարված 48 տոկոսն ընդհանուր ընտրողների թվաքանակի գրեթե կեսն է․ «Այսինքն՝ ընտրացուցակում եղած ընտրողների՝ 2 միլիոն 600 հազարի 48 տոկոսն է, սակայն պետք է անպայման նշենք, որ Հայաստանում այդքան ընտրող չի՛ բնակվում, որովհետև պաշտոնական տվյալներով, անգամ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, մոտ 300 հազար մարդ արտագաղթել է՝ պաշտոնական տվյալներով։ Կարող ենք ասել, որ ընտրություններին փաստացի մասնակիցների թվաքանակը կեսից հաստատ ավել է և, փաստորեն, այս խորհրդարանը ներկայացնում է Հայաստանի ընտրողների կեսից ավելի շահը»։
Ըստ նրա՝ լեգիտիմ է ո՛չ միայն մեծամասնություն ստացած «Իմ քայլ» դաշինքն, այլև մյուս երկու ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը»․ «Անկախ նրանից, թե լրատվամիջոցները, փորձագետներն ու այլ անձինք ինչպես են վերաբերվում այս կուսակցություններին, դա որևիցե նշանակություն չունի և, բնականաբար, նրանք հանդիսանում են լեգիտիմ ընդդիմություն»։
Նա նաև արձանագրեց, որ Հայաստանում ռուսամետ ընտրազանգվածը կամ շատ թույլ է, կամ ուղղակի գոյություն չունի։ Ապա՝ ինքն իրեն ուղղեց․ «Չնայած, իհարկե, պետք է ընդունենք, որ այն գոյություն ունի, ի վերջո, Հայաստանում հանդիպել ենք մարդկանց, որոնք ավելի կողմ են Ռուսաստանի հետ ավելի լավ հարաբերություններ ունենալուն, բայց պարզվում է, որ այդ ընտրազանգվածը թույլ է և չի կարողանում ինքնակազմակերպվել»։
Ժամանակի ընթացքում «Իմ քայլ» դաշինքի ղեկավարի վարկանիշը, բնականաբար, անկում կապրի, իսկ Հայաստանի էլեկտորալ դաշտում դոմինանտ կդառնա արևմտամետ ընտրազանգվածը․ «Հայաստանի ժողովուրդը ցույց է տալիս, որ իր արժեքային համակարգով, ավելի շուտ, դեպի Արևմուտք է նայում, որովհետև, եթե դուք գումարեք «Լուսավոր Հայաստան»֊ի և «Մենք» դաշինքի ձայները, կտեսնեք, որ նրանք «Բարգավաճ Հայաստան»֊ից ավելի շատ էին։ Եթե դրանց «Սասնա ծռեր»֊ի էն հակառուսական պահն էլ գումարենք, մոտավորապես ավելի շատ է անում, քան «Բարգավաճ Հայաստան»֊ինը»։
Խորհրդարան չանցած Հայաստանի Հանրապետական կուսակցության մարտավարությունն, ըստ քաղտեխնոլոգի, միանշանակ ճիշտ էր՝ սև ու սպիտակ, այլ ռազմավարություն իրենք չէին կարող իրականացնել․ «Նրանք պետք է գնային խիստ հակադրության սկզբունքով։ Նրանց չհերիքեց 4-5 հազար ձայն։ Կարող ենք ենթադրել, թե ինչն էր պատճառը․ նրանք մայիս-հունիսից չսկսեցին կուսակցության ռեբռենդինգը, որի առաջին քայլը պետք է լիներ կուսակցության նախագահի փոփոխության հարցը։ Բայց այս 4 հազար ձայն չհավաքելու մեջ ավելի մեծ դեր ունեցավ հեռուստաբանավեճի ժամանակ Վիգեն Սարգսյանի ոչ այնքան ճիշտ պահվածքը։ Երբ նա վերջում սկսեց ոչ հանգիստ տոնով խոսել, նա մտավ ուրիշի դերի մեջ։ Հանրապետական կուսակցության մեջ կային մարդիկ, որոնք այդ դերում՝ մի քիչ նեռվային ձևով, կարող էին խոսել, դա վնաս չէր, բայց ի՛ր դեպքում դա անմիջապես ընկալվեց որպես ֆալշ։ Երբ հարցնում էինք շատ հանրապետականների, նրանք դժգոհ էին այդ մեծ բանավեճից, այդ պահվածքից»։
Քաղաքականության մեջ զգացմունքներին տեղ տալը ևս նպաստում է նման իրավիճակներին և դրանցից բխող խդնիրներին։ Ավելի վաղ ՀՀԿ֊ն Ընտրական օրենսգրքին դեմ քվեարկեց, ինչը Բադալյանը ճակատագրական սխալ է համարում․ «Այ որ կողմ քվեարկեին, հաստատ անցնում էին․ նոր օրենսգրքով 4 տոկոս էր անցողիկ շեմը»։
Մեծ դեր խաղաց նաև «հակավարկանիշը», որովհետև հասարակության շրջանում հանրապետականների հանդեպ ատելությունը շատ էր, ինչը, սակայն, կարող էր չխանգարել անհրաժեշտ 5 տոկոսը հավաքելուն և «պլստալուն»։
ՀՅԴ֊ն ցանցավ երկու պատճառով․ «1998 թվականից մինչև վերջին պահը նա կորցրեց իր հայդատական իմիջը։ Կառավարման 20 տարիների ընթացքում նա երբեք հայ դատի ուղղությամբ որևիցե գործողություն չիրականացրեց։ Երկրորդը՝ իրեն անվանում էր սոցիալիստական ուղղվածության կուսակցություն, բայց միշտ կոալիցիայի մեջ էր մտնում Հանրապետականի հետ, որը վարում էր քրեաօլիգարխիկ տնտեսական քաղաքականություն։ Ինքը հեռացավ իր կերպարից և, բնականաբար, այլևս հայդատական, ազգայնական, սոցիալիստական ուղղվածություն չուներ»։
«Օրինաց երկիր» կուսակցության մասին հիշատակման ձևը ծիծաղ հարուցեց․ «Ոչ֊ոք չի ուզում ՕԵԿ֊ի մասին լսել, բայց պիտի ասենք, էլի։ ՕԵԿ֊ը պարտվեց նրա համար, որովհետև իր ղեկավարն այնքան մեծ հակավարկանիշ ունի, որ նա այլևս թույլ չի տալու այդ կառույցին երբևէ ակտիվություն դրսևորել։ Այդ կառույցն արդեն մահացած է»։
«Մենք» դաշինքն, ինչպես և «Լուսավոր Հայաստանը» տանում էին ընդգծված արևմտամետ քաղաքականություն, սակայն մեկ խնդիր կար․ «Մենք»֊ը շատ լավ գաղափարն էր առաջ տանում, բայց իր թեկնածուների խումբն այդքան էլ չէր համապատասխանում արևմտյան արժեքներին։ Ի տարբերություն «Լուսավոր Հայաստան»֊ի ներկայացուցիչների, որոնք, իրենց հերթին, գաղափարն առաջ չէին տանում․ «Երկուսը եթե գումարում ենք, մոտավորապես 10 տոկոս արևմտամետ ընտրազանգված կա, որը մեծանալու է»։