«Մեր երկրում իրականացված վերջին փոփոխությունները ցույց տվեցին, որ մենք կարող ենք մերժել բռնությունը և դրանով հասնել հաջողությունների»։ Այս մասին ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի առաջին նիստի ընթացքում հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Հունվարի 22-ին տեղի է ունեցել ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անդրանիկ նիստը, որի օրակարգում ներառված էին ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության, ընտանիքում համերաշխության վերականգնման գործընթացներն ապահովող իրավական փաստաթղթերին վերաբերող հարցերը:
Նախարար Բաթոյանը նախքան նիստի օրակարգի հարցերին անդրադառնալը հույս է հայտնել, որ ստեղծված խորհուրդն այն հարթակն է, որտեղ գրանցվելու են ոլորտի ամենալուրջ և հաստատուն հաջողությունները:
«Մեր երկրում իրականացված վերջին փոփոխությունները ցույց տվեցին, որ մենք կարող ենք մերժել բռնությունը և դրանով հասնել հաջողությունների։ Մենք պետք է այս մոտեցումը մշակույթ դարձնենք թե՛ անձնական և ընտանեկան, թե՛ քաղաքացի-պետություն հարաբերություններում։ Հույս ունեմ, որ խորհրդի անդամ փորձառու կազմակերպությունների միջոցով կապահովենք նաև այն անհատների կամ կազմակերպությունների մասնակցությունը, ովքեր խորհրդի կազմում չեն, սակայն իրենց փորձառությամբ ուզում են ներդրում ունենալ այս գործընթացում։ Մենք որդեգրել ենք բաց, թափանցիկ և մասնակցային աշխատանքի սկզբունքը», – ընդգծել է Բաթոյանը:
Նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանն, իր հերթին, նշել է, որ պետք է ձգտել ունենալու այնպիսի հասարակություն, որտեղ բոլոր մակարդակներում մերժվում է բռնությունը: «Ես լիահույս եմ, որ մենք կարողանալու ենք մեր իրական աշխատանքով խորհուրդը դարձնել այն օրինակելի հարթակը, որտեղ կքննարկվեն ընտանեկան բռնության քաղաքականության հարցերն ու դրանց ուղղված լուծումները»:
Նախարարության պաշտոնական կայքը, մասնավորապես, հայտնում է, որ հանդիպման ավարտին որոշում է ընդունվել 10-օրյա ժամկետում նախարարություն ներկայացնել կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ծրագիրը և ոլորտը կարգավորող օրենքի այն դրույթները, որոնք ենթակա են փոփոխման: