Հոգեկան առողջության խնդիրներով բանակ զորակոչված և դասալքության համար 3 տարվա ազատազրկման դատապարտվելուց օրեր անց «Շուշի» ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի գործով գանգատը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019թ. հունվարի 21-ին կոմունիկացրել է: Գանգատը դեռևս 2015թ. հոկտեմբերի 2-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ ՄԻԵԴ էր ներկայացրել մահացածի մայրը:
Իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ Հայկ Մովսիսյանը հոգեկան առողջության խնդիրներով զինծառայությանը պիտանի է ճանաչվել և զորակոչվել 2011թ. օգոստոսին: Զինծառայության անցնելու հենց սկզբից նա դրսևորել է անհավասարակշիռ վարքագիծ, հայտարարել զորամասը ինքնակամ լքելու մասին, ինքնավնասումներ կատարել: Սակայն զինվորական ղեկավարությունը դրան պատշաճ ուշադրություն չի դարձրել, միջոցներ չի ձեռնարկել՝ պարզելու նրա այդ վարքագծի պատճառները: Ավելին՝ նախ ինքնավնասում կատարելու, ապա դասալքության համար նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Մինչ այդ՝ 2011թ. նոյեմբերի 3-ին ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ նա արդեն իսկ զինծառայությանը ոչ պիտանի էր ճանաչվել:
2012թ. նոյեմբերի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով (ծառայության համար վստահված զենքով դասալքությունը) նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Օրեր անց «Շուշի» ՔԿՀ-ի 8-րդ խցում, որտեղ 24քմ տարածքում նրա հետ պատիժը կրել է ևս 7 անձ, նրան մահացած են գտել: Նույն օրը՝ 2012թ. նոյեմբերի 28-ին, ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Մովսիսյանի մահվանից 5 ամիս անց՝ 2013թ. ապրիլի 11-ին, դատախազության բողոքարկմամբ վերաքննիչ դատարանը բեկանել է նրան ազատազրկման դատապարտելու վճիռը և արդարացրել: Ավելի ուշ Վճռաբեկը բեկանել է վերաքննիչի որոշումն ու ուժի մեջ թողել առաջին ատյանի դատարանի վճիռը:
2013թ. դեկտեմբերի 10-ին ինքնասպանության հասցնելու հանցակազմի բացակայության հիմքով 2012թ. նոյեմբերի 28-ին հարուցված քրեական գործը կարճվել է, բայց Մովսիսյանի մայրը դրա մասին իմացել է միայն տուժողի իրավահաջորդ ճանաչելու հարցով դատարան ներկայացրած բողոքի քննության շրջանակում: Վարույթն իրականցնող մարմինը մերժել էր մահացածի մոր ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի ու Կազմակերպության իրավաբան Արայիկ Զալյանի միջնորդությունը՝ մորը տուժողի իրավահաջորդ ճանաչելու և քննությանը մասնակից դարձնելու մասին: Դրա վերաբերյալ բողոքները ևս դատարանը մերժել էր:
2014թ. հուլիսի 14-ին բողոքարկվել է նաև ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու՝ նախաքննության մարմնի որոշումը: Դատարանում բողոքի քննության շրջանակում Սաքունցն ու Զալյանը միջնորդել են՝ ստանալու գործի նյութերը: Չնայած դատարանը բավարարել է միջնորդությունը, գործի նյութերը ամբողջությամբ չեն տրամադրվել, ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ընդհանրապես չի տրամադրել: Իսկ ամբողջությամբ տրամադրելու միջնորդությունը դատարանն արդեն մերժել է:
«Ի վերջո 2014թ. սեպտեմբերի 9-ին գործի վարույթը կարճելու քննիչի որոշման դեմ Սաքունցի ու Զալյանի բողոքը դատարանը մերժել է: Վերաքննիչ բողոքի քննության շրջանակում ևս հնարավոր չի եղել ստանալ գործի ամբողջական նյութերը, ՀՀ հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչներն անգամ չեն ներկայացել գործի քննությանը, և կրկին բողոքը մերժվել է:
ՀՀ Վճռաբեկ դատարանն էլ 2015թ. մարտի 20-ին հրաժարվել է վարույթ ընդունել վերաքննիչի որոշման դեմ վճռաբեկ բողոքը՝ պատճառաբանելով, թե դատավարական սխալ առկա չէ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած գանգատում Մովսիսյանի մոր ներկայացուցիչը նշել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի իրավունքի և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտումներ:
Նա նշել է, որ պետությունը չի կատարել Մովսիսյանի կյանքի նկատմամբ վտանգի խախտման պարտականությունը: Պետության ներկայացուցիչները իմացել են նրա ունեցած առողջական խնդիրների մասին, բայց և այնպես գործուն միջոցներ չեն ձեռնարկել: Ավելին՝ ՔԿՀ-ում նա պահվել է սովորական խցում 7 այլ անձանց հետ միասին՝ առանց հատուկ հսկողության: Բացի դրանից՝ պետությունը պատշաճ քննություն չի իրականացրել ինքնասպանության դեպքի առթիվ, չի ապահովել տուժող կողմի մասնակցությունը գործի քննությանն ու գործի նյութերին հասանելիությունը: Որևէ պշտոնատար անձ պատասխանատվություն չի կրել նրա նկատմամբ անհիմն քրեական հետապնդման համար: Այսինքն՝ պետությունը արդյունավետ քննություն չի իրականացրել:
2019թ. հունվարի 25-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը ՄԻԵԴ-ից տեղեկացել է, որ գործը կոմունիկացվել է: ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել ՀՀ Կառավարությանը՝ կյանքի իրավունքի և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի իրացման վերաբերյալ և ՀՀ Կառավարությունից պահանջել գործին առնչվող մի շարք փաստաթղթեր, որոնց հիման վրա կայացվել է ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու՝ 2013թ. դեկտեմբերի 10-ի որոշումը:
ՄԻԵԴ-ն առաջարկում է դատական փուլին անցնելուց առաջ դիտարկել հաշտությամբ կարգավորման հնարավորությունը:
ՄԻԵԴ ներկայացուցիչը նշել է, որ Դատարանն ընդունել է նոր պրակտիկա, որով վարույթի 1-ին փուլում կողմերին առաջարկում են հաշտության գալ, և միայն դրա անարդյունավետության դեպքում սկսվում է դատական փուլը:
Հաշտության հնարավորության մասին որոշում կայացնելու համար կողմերին տրվել է ժամանակ մինչև 2019թ. ապրիլի 23-ը: Հաշտության անհնարինության դեպքում ՀՀ Կառավարությունը 12-շաբաթյա ժամկետում կներկայացնի գործի վերաբերյալ իր դիտարկումները», – ասվում է հայտարարության մեջ։