Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայող Ա. Ռ.-ին ռուսական ռազմաբազայի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու՝ տուժող կողմի միջնորդությունը վարույթն իրականացնող մարմինը 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ ամբողջությամբ մերժել է, հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
2018թ. դեկտեմբերի 21-ին Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Կազմակերպության փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը գործը քննող ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա. Մնոյանին միջնորդել էին ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում պահվող մեղադրյալին ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխել: Միջնորդությունը հիմնավորել էին նրանով, որ «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված համաձայնագրով «Ռուսաստանյան ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ գործերով կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները», իսկ ռուսական ռազմաբազան, փաստ է, որ գտնվում է ՀՀ տարածքում:
ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Վ. Սամվելյանը միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ նշում է, որ ձերբակալումից հետո Ա. Ռ.-ին ռուսական ռազմաբազայից ՀՀ համապատասխան հիմնարկ տեղափոխելը հակասում է ՌԴ օրենսդրությանը: Նա հղում է արել հայ-ռուսական նույն համաձայնագրին և ընդգծել այն դրույթը, որ նման դեպքերում ՀՀ իրավասու մարմինները գործողություններ են իրականացնում ՌԴ իրավասու մարմինների հետ համատեղ, եթե դրանց կատարումը չի հակասում ՌԴ օրենսդրությանը:
Մինչդեռ, համաձայանագրում հստակ նշված է, որ ռուսական ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց կատարած հանցագործությունների դեպքում գործում է ՀՀ օրենսդրությունը, այսինքն՝ պետք է առաջնորդվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքով, այն է՝ ռուս զինծառայող Ա. Ռ.-ը պետք է պահվի Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինների կառուցվածքներում գործող ձերբակալվածներին/կալանավորվածներին պահելու վայրերում: Ռուսական 102-րդ ռազմաբազան այդպիսի վայր չէ: Կատարված հանցագործությունն էլ չի դասվում ՌԴ և ՀՀ միջև կնքված համաձայնագրի այն բացառությունների շարքին, որոնց դեպքում գործում է ՌԴ օրենսդրությունը:
Այս հիմնավորումներով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները 2019թ. հունվարի 17-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին բողոքարկել են միջնորդությունը մերժելու՝ վարույթն իրականացնող մարմնի՝ 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշումը: Նրանք նշել են, որ Ա. Ռ.-ին ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու դեպքում միայն հնարավոր կլինի պնդել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության մասին։