Դեկտեմբերի 19-ին ՀՀ դատախազությունը վերջապես արձագանքեց բարձրացվող հարցադրումներին՝ փորձելով տալ պարզաբանում: Դրանում, մասնավորապես, նշվում է, որ հանցագործության մեջ մեղադրվող և 102-րդ ռազմակայանում պահվող ռուսաստանյան զինվորականը չի կարող փոխանցվել հայկական իրավապահներին, քանի որ դա «հակասում է ՌԴ օրենսդրությանը»: Այս մասին ասվում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հայտարարության մեջ։
Դեկտեմբերի 2-ին Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմական կայանի զինծառայողը դաժան ծեծի է ենթարկել Սլաբոտկա կոչվող թաղամասում քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի բանվոր կանանցից մեկին: Արդյունքում 57-ամյա Ջուլիետա Ղազարյանը մահացել է, սակայն ռուսաստանյան զինծառայողը չի ձերբակալվել հայաստանյան իրավապահների կողմից, այլ պահվում է 102-րդ ռազմակայանի տարածքում, ինչը հակասում է մի շարք հայ-ռուսական պայմանագրերի:
Այս մասով դեկտեմբերի 12-ից մեծ աղմուկ բարձրացավ և խնդիրը մեկնաբանեցին հայաստանյան մի շարք կուսակցություններ, վարչապետ Փաշինյանն ու Երևանում ՌԴ դեսպանատունը:
«Հավանաբար, դատախազությունում նկատի ունեն ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածը, ըստ որի «Ռուսաստանի քաղաքացին չի կարող Ռուսաստանի տարածքից էքստրադիցիայի ենթարկվել կամ հանձնվել այլ պետությանը»:
Այլ կերպ ասած, ՀՀ դատախազությունը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի տարածքը համարում է Ռուսաստանի Դաշնության տարածք: Այնինչ, թե 1995 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագիրը և թե դրան հաջորդող այլ համաձայնագրեր հստակ ենթադրում են, որ 102-րդ ռազմակայանը տեղակայված է Հայաստանի Հանրապետության տարածքում և որևէ տեղ որևէ նշում չկա այն մասին, որ ռազմակայանը Ռուսաստանի Դաշնության տարածք է», ֊ հիշեցնում են հայտարարության հեղինակները։
Այսինքն` հանցագործության մեջ մեղադրվող ռուսաստանյան զինվորականը ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի տարածքում է, հետևաբար ՌԴ սահմանադրության արգելքը չի տարածվում նրա վրա․
«102-րդ ռազմակայանի տարածքում ռուսաստանյան օրենսդրությունը գործում է ճիշտ այնքան, որքան դա ամրագրված է միջպետական համաձայնագրերով: Իսկ «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» 1997 թվականի համաձայնագրի 4-րդ հոդվածն ասում է, որ «Ռուսաստանյան ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը` ՀՀ օրենսդրության կիրառմամբ»:
Հետևապես, ռուսական կողմը իրավունք չունի խոչընդոտելու Հայաստանում իրականացվող քննությանը՝ այդ թվում մեղադրվող զինվորականին պաշտպանելու եղանակով:
Նշենք, որ շատ նման իրավիճակ էր ստեղծվել 2015 թվականի հունվարին, երբ Ավետիսյանների ընտանիքին սպանած Վալերիյ Պերմյակովին հայկական կողմին չփոխանցելն արդարացվում էր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից՝ կրկին հիմք ընդունելով ՌԴ Սահմանադրությունը»։