Home / Ազգային ժողով / ՀՀԿ-ի հարստության վերաբերյալ հաղորդման ճակատագիրը մնում է անհայտ

ՀՀԿ-ի հարստության վերաբերյալ հաղորդման ճակատագիրը մնում է անհայտ

Հայաստանի Հանրապետական կուսակցության ֆինանսական ու գույքային ռեսուրսների ձեռքբերման օրինականությունը պարզելու հարցով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ 2018թ. նոյեմբերի 2-ի հաղորդումը քննվում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնում, սակայն իրավապաշտպանները որոշումը դեռևս չեն ստացել:

Հաղորդման մեջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վկայակոչել էր 2017թ. ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ 20 տարի կառավարող կուսակցություն եղած ՀՀԿ-ի ներկայացրած հայտարարագրերը, որոնցից ակնհայտ էր դառնում, որ ՀՀԿ-ն ունի 3 անգամ ավելի ֆինանսական ու գույքային ռեսուրսներ, որքան ՀՀ-ում գործող մյուս բոլոր կուսակցությունները միասին վերցրած, և դրանք տեղակայված են ՀՀ ողջ տարածքում:

Հաղորդումը ներկայացնելուց հետո՝ 2018թ. դեկտեմբերի 21-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի պետ Ա. Պապյանը խնդրել է բացատրություններ տալ հաղորդման վերաբերյալ: Հեռախոսազանգով բանավոր պատասխան տալուց հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակը որևէ տեղեկություն չունի հաղորդման հիման վրա կայացրած որոշման մասին:

Որոշումն ստանալու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2019թ. հունվարի 22-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին: Հունվարի 31-ին ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Ա. Սիմոնյանը գրությունը վերահասցեագրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Ա. Աֆանդյանին և հանձնարարել արդյունքների մասին տեղեկացնել ՀՔԱ Վանաձորի գրասենյակին:

Իրավապաշտպանները նշում են, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հանցագործության մասին հաղորդումը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն է ուղարկել դեռևս 2018թ. նոյեմբերի 12-ին: Շուրջ 3 ամիս է անցել, սակայն հաղորդման հիման վրա կայացված որևէ որոշում չեն ուղարկել: