«Ամենակարևոր արված քայլն այն ընկալումն է, որ դպրոցի դռները բաց են և կրթությունը բոլորի համար է», – Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա կապակցությամբ ապրիլի երկուսին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը։
Այնուամենայնիվ, խնդիրները շատ են, մասնավորապես, աուտիզմ ունեցող երեխաների կողմից կատարվող աշխատանքի հիմքում նրանց ախտորոշումն են տեսնում․ «Երեխաները բազմաթիվ արգելքների առջև են կանգնում, երբ խոսքը գնում է կրթությունը կազմակերպելու մասին։ Մինչդեռ, կրթությունն ինքը պետք է տեսնի երեխայի ուժեղ կողմերն ու հնարավորությունները, և զարգանա»։ Ըստ Թադևոսյանի՝ ուսուցիչները մոռանում են, որ, նախ, պետք է մանկավարժի փորձ ունենան և մանկավարժական մեթոդների բազմազանությանը տիրապետեն։
«Լավագույն փորձեր ունենք դպրոցների, կարող ենք ենթադրություններ անել, թե ինչու այդ դպրոցում համեմատաբար ավելի սահուն և որակյալ է աուտիզմով ապրող երեխայի ներառումը տեղի ունեցել։ Տեսնում ենք, թե ինչքան բազմակողմանի է այդ դեպքում մոտեցումը»։ Նա նաև կարևորել է դպրոցի համագործակցությունը տարբեր կառույցների/ծառայությունների հետ, ինչը դրական է առաջին հերթին ուսուցչի համար, որը պետք է կարողանա բազմազան կարիքներով տարբեր երեխաների հետ ճիշտ աշխատել։
«TMM – Սովորեցրու ինձ ավելին» ուսուցման և զարգացման կենտրոնի ղեկավար Լենա Հարությունյանը պատմեց իր անձնական փորձի, դժվարությունների մասին, որոնք սկսվել էին դեռ մանկապարտեզում․ «Մեր նպատակն էր այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ երեխան կարողանա իր հաղորդակցման հմտությունները ձեռք բերել հենց մանկապարտեզից»։ Դեռ 10 տարի առաջ, ասում է Հարությունյանն, այդ ամենը կազմակերպելն ավելի բարդ էր։
Իր որդին՝ 12 տարեկան Նարեկը, 5-րդ դասարանում է սովորում։ Այս տարվանից է սկսել դպրոց հաճախել․ «5 տարի մենք մեր ընկերների հետ չենք նստել, չենք ունեցել այդ հմտությունները, որ կարողանանք գոնե 5 րոպե նստել, ընդամենը պարապմունքներ անհատական դասարաններում։ Շնորհակալ եմ նաև այդ ուսուցիչներին։
Ներառական կրթություն որպես այդպիսին չենք պատկերացրել, թե դա ինչ է։ Ես գտնում եմ, որ երեխային ներառելու ելք միշտ կա»։
Նա հասկանում է, որ 30 երեխայի հետ միասին ունենալ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառելը բարդ է, սակայն նշում է՝ անհրաժեշտ է ծրագիրն այնպես կազմել, որ երեխաները գոնե մի քանի դասաժամ անցկացնեն իրենց դասընկերների հետ, իսկ ուսուցիչները համապատասխան վերապատրաստում անցնեն։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը խոսեց ներառական ոլորտում առկա խնդիրների մասին։ «Ո՛չ թե կրթություն իրականացման դժվարություն ունենք, ո՛չ թե մասնագետների պատրաստվածության, այլ խնդիրն առաջանում է, երբ չկա վերաբերմունք մասնագետի կողմից։ Երբ մենք ուսուցիչների հետ աշխատում ենք իրենց մասնագիտական գիտելիքների վրա և առավելագույն շեշտը չենք դնում իրենց՝ այս երեխաների հանդեպ վերաբերմունքի վրա, որքան էլ հզոր մասնագետ նա լինի, կաղում է ուսուցչի վերաբերմունքը և կարծրատիպերը»։
Անահիտ Մուրադյան, ՀՀ ԿԳ նախարարության Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ․ «Պետությունը հայտարարել է, որ երաշխավորում է յուրաքանչյուր երեխայի հանրակրթությունը։ Մնացած ամեն ինչն, ինչ այդ հանրակրթության շուրջ կատարվում է, աջակցության ծառայություններն են։ Էդ մնացած ամեն ինչը պետք է օգնի հանրակրթությանը։ Ես հասկանում եմ, որ շատ լավ մասնագետներ ունենք, իրենք մեզ պետք են, բայց միևնույնն է՝ աջակցության ծառայություններ են։ Մեր հիմնական նպատակը երեխային ներառելն է դպրոց, հասարակություն, ընդհանրապես։ Անհրաժեշտություն կլինի՞ անհատական ծառայությունների աջակցության, խնդրեմ, ինչքան կուզեք, ինչքան որ ծնողը կկարողանա ներգրավել իր երեխային էդ աջակցության ծառայություններին։ Բայց ուսուցիչը պետք է բաց լինի, որպեսզի հասկանա՝ երեխայի հետ ինչ են անում, մի քիչ հետաքրքրվի»։