Արմավիր մարզի Զարթոնք համայքնի բնակիչներն, ովքեր երեկ փակել էին Արմավիր-Երևան միջպետական ճանապարհը՝ պահանջելով համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը, այսօր առավոտյան կրկին ենթարկվել են հարձակումների համայնքապետի և նրա աջակիցների կողմից։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է համայնքի բնակիչ Սեյրան Սահակյանը։
Նա նշել է, որ շաբաթ առավոտյան ոստիկանների աչքի առաջ գյուղապետի թոռն անձամբ իր վրա է կրակել «վինչեսթր» հրացանով։ Շտապօգնության մեքենայով 4 քաղաքացի տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Հրացան գործադրած անձն ու միջադեպի մասնակիցներից մի քանիսը բերման են ենթարկվել, ինչի մասին ավելի ուշ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել։
Բնակիչների վրա հարձակումներից հետո զարթոնքցիները փակել են միջպետական երկաթուղին: Նրանց հետ բանակցություններ վարելու նպատակով գյուղ է ժամանել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ում այցից հետո գյուղացիները բացել են ճանապարհը և ՊՎԾ պետի հետ միասին շարժվել դեպի գյուղապետարան։
Քննչական կոմիտեն քիչ առաջ հայտնել է, որ Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Խուլիգանություն կատարելու կասկածանքով 2 անձ ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ արդեն մոտ 20 օր խնդրի մասին բարձրաձայնող զարթոնքցիները երեկ՝ ապրիլի 12-ին, փակել էին Արմավիր-Երևան միջպետական ճանապարհը՝ կրկին պահանջելով համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը։ Մինչ այդ բողոքող գյուղացիների և գործող գյուղապետի աջակիցների միջև նույնպես բախումներ են եղել, որոնց արդյունքում մի քանի հոգի շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Ուշ երեկոյան՝ Tert.am-ի հետ զրույցում, գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը տեղեկարցել էր, որ բախումներին մասնակցած գյուղացիները հետագայում ներկայացել են ոստիկանություն և ցուցմունք տվել։ Ավելի ուշ, սակայն, գյուղապետի աջակիցները, ըստ Ղազարյանի, «միևնույն է եկել, մարդկանց տան վրա են հարձակվել ու սկսել են ծեծել․․․ բնակիչներից Պողոսյան Վարդանի տան վրա են հարձակվել․․․ այդ մարդու ամբողջ դեմքն այլանդակել են»: