Մայիսի 8-ին Արարատի մարզում զուգընկերոջ՝ Հակոբ Օհանյանի կողմից ռետինե խողովակով և փայտյա մահակով ծեծված և սպանված 30-ամյա Մարիամ Ասատրյանը թեժ գծի միջոցով Կանանց աջակցման կենտրոն էր դիմել դեռ 2017 թվականի հոկտեմբերի 27-ին։ Ըստ հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանի՝ կինն այն ժամանակ ևս «շատ դաժան» ծեծի էր ենթարկվել․ «Մի ձեռքը կոտրված և մարմնի վրա դանակի հետքեր են եղել, թե պտուտակահանի, քրեական գործ էր հարուցվել։ Այս ընթացքում նրա երեխաներից փոքրը՝ աղջիկը, ծանր առողջական վիճակում է եղել, տեղափոխվել էր «Մուրացան» մանկական բժշկական կենտրոն, որոշ ժամանակ ստացել է բուժօգնություն։
Մարիամը 2017-ին մեր գաղտնի կացարանում մնացել է 2 ամիս, որից հետո իր կամքով որոշել է դուրս գալ։ Հաջորդ անգամ դիմել է 2018 թվականին, այս անգամ երկու ձեռքն էր կոտրված՝ էլի նույն ձևով դաժան ծեծված։ Ոստիկանությունն ու քննչական մարմինը տեղեկացված են եղել այս իրողությունից։ 2018 թվականի մարտի 19-ին է եղել գաղտնի կացարանում և էլի մեկ ամիս մնաց մեզ մոտ։ Մայիսի 15-ին գնացել է։Երեխաները եղել են հաստատությունում, որովհետև մայրն ապրելու տեղ չուներ, ինչպես նաև կյանքին վտանգ էր սպառնում։ Դեպքի մասին գիտեին բոլորը՝ և՛ ոստիկանությունը, և՛ քննչական մարմինը, և՛ կանանց ու երեխաների պաշտպանության բաժինը, բայց որևէ մեկն այս ընթացքում Մարիամին որևէ աջակցություն չի տրամադրել։ Միայն այն, որ հասարակական կազմակերպության աշխատողը փորձել է կապ հաստատել գոնե այն հաստատության հետ, որտեղ երեխաներն էին գտնվում․․․ Այդ միջոցով էինք մենք կարողանում իմանալ՝ Մարիամը դեռ կենդանի է, թե ոչ»։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի կողմից արված գրառումը ևս փաստում է, որ իրավապահները տեղյակ էին Ասատրյանի դեպքի մասին։ 2018 թվականի ընթացքում կինը երկու անգամ հաղորդում էր տվել այն մասին, որ Օհանյանն իրեն հարվածներ է հասցրել, նրա հաղորդումների հիման վրա ոստիկանության Վաղարշապատի բաժնում քրեական գործեր էին հարուցվել, որոնք փոխանցվել էին Վաղարշապատի քննչական բաժին։ «Միաժամանակ հարկ է նշել, որ քաղաքացին հաշվառված է եղել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում», ֊ ասված էր «Ֆեյսբուք» սոցցանցում արված գրառման մեջ։
Կանանց աջակցման կենտրոնի փաստաբան Նոննա Գալստյանը նշել է, որ ոստիկանությանը նաև իրենք են բազմիցս տեղեկացրել դեպքի մասին։
«Եվ այդ տեղեկացված լինելու պայմաններում, փաստորեն, Դուրյանի հայտարարությունից ևս դա հետևում է, որ, ըստ էության, որևէ միջացառում չէր ձեռնարկվել՝ ապահովելու համար սպանված կնոջ անվտանգությունը, առողջության հետ կապված հետագա սպառնալիքները չեզոքացնելու, ինչպես նաև երեխաների մասին հոգ տանելու հետ կապված։
Այստեղ մենք ունենք իրավասու մարմիններ, որոնք պարտավոր էին հոգ տանել երեխաների մասին, բայց որևէ միջոց չեն ձեռնարկել։ Մեր ջանքերով այդ երեխաները տեղավորվել են մանկատանը, սակայն հետագայում խնամակալության մարմնի խիստ կասկածելի և ոչ կոմպետենտ եզրակացությունների արդյունքում այդ երեխաները կրկին հայտնվել են բռնության միջավայրում և շարունակել են վնասվել»։
Գալստյանի խոսքով՝ սպանված կնոջ հետ կապված ոստիկանությանը հաղորդում էր տրվել ինչպես առողջությանը ծանր վնաս պատճառելու, այնպես էլ երիտասարդի կողմից սպանության սպառնալիքներ հնչեցնելու հետ կապված։
«Ունեցել ենք նաև մեկ այլ շահառու կին, որը կրկին այդ նույն երիտասարդի հետ կապված հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ երիտասարդն իրեն սեռական բնույթի ծառայություններ մատուցելու գործընթացի մեջ է ներգրավել։ Նման պայմաններում նման փաստեր ունենալով և ունենալով առնվազն երկու անձ, ըստ էության, ոստիկանությունը որևէ միջոց չի ձեռնարկել։
Ուզում եմ շեշտել այն հանգամանքը, որ երիտասարդը հանդիսացել է կնոջ զուգընկերը, իսկ քանի որ «Ընտանեկան բռնության մասին» օրենքը զուգընկերների հետ կապված իրավակարգավորում չի նախատեսում, այս մասով ևս պետությունը թերացել է և որևէ միջոցներ չի ձեռնարկել առաջին հերթին այս օրենքով կանխարգելիչ միջոցներ իրականացնելու և հետո արդեն Քրեական օրենսգրքի համատեքստում քրեական հետապնդում իրականացնելու հետ կապված։ Պետության մարմինների, այդ թվում նաև ոստիկանության բացահայտ անգործության հետևանքով մենք այսօր ունենք կնասպանության ևս մեկ դեպք, որն առանձնանում է իր դաժանությամբ», – հայտարարել է փաստաբանը։
Հ/կ֊ի փաստաբան Ամալյա Ավագյանը տուժող Ասատրյանի ներկայացուցիչն էր․ «Ինչպես առաջին դեպքով, այնպես էլ երկրորդ դեպքով, երբ Մարիամ Ասատրյանը եղել էր մեր շահառուն և տեղավորվել էր մեր ապաստարանում, նրա մարմնական վնասվածքների վերաբերյալ փորձաքննության պատասխանները եղել են միջին ծանրության վնասվածքներ, դա ՀՀ Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածն է։ Եվ Մարիամ Ասատրյանը, գտնվելով այդպիսի վիճակում, ամեն անգամ հրաժարվել էր իր դիմումից, բայց նա դա վախից ելնելով էր անում»։
Փաստաբանը հղում արեց քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասին, ըստ որի՝ անգամ տուժողի դիմումի բացակայության դեպքում, եթե հիմնավորվել է, որ նա անօգնական վիճակում էր, քրեական գործը պետք է շարունակվեր, սակայն, ասում է Ավագյանը, քրեական գործերը կարճվել են։
Ասուլիսի մասնակիցները հատուկ շեշտել են, որ Հակոբ Օհանյանի վերաբերյալ հստակ փաստեր են եղել, որոնց մասին հայտնել է նաև Կանանց աջակցման կենտրոնը՝ ինչպես ֆիզիկական և սեռական բռնության դաժան օրինակներ, այնպես էլ սեռական շահագործման դեպք։ «Նման պայմաններում այդ անձնավորությունը շարունակել է մնալ ազատության մեջ և ունեցել է ամեն հնարավորություն շարունակել վնասել այդ անձանց։ Երկրորդ տուժողի հետ կապված մենք հնարավորություն ունեցել ենք ապահովել նրա անվտանգությունը, իսկ սպանված կնոջ հետ կապված՝ ոչ, քանի որ ինչ֊որ մի փուլում նա հրաժարվել էր իր դիմումներից, բայց խնդիրն այն է, որ ընտանեկան բռնության դեպքում, առավել ևս այն հանցագործություններով, երբ առկա են անձի կյանքի և առողջության հետ կապված սպառնալիքներ, պետական մարմինն ուղղակի իրավունք չունի հղում կատարել անձի դիմումին և քրեական հետապնդումը դադարեցնել կամ համապատասխան խափանման միջոցներ չձեռնարկել այդ անձնավորության հետ կապված», – իր հերթին, ասել է Նոնա Գալստյանը։
Ամալյա Ավագյանը պատմեց «Օհանյանի ճանկերում հայտնված» մեկ այլ կնոջ մասին, որի դեպքով քրեական գործ էր հարուցվել ՔՕ 261-րդ հոդվածով՝ շահադիտական նպատակով այլ անձին պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը․ «Տվել է բացահայտ, շատ մանրակրկիտ ցուցմունք, ասել է, որ 3 տուժած են արդեն։ Նա նշել է նաև, որ Հակոբ Օհանյանն այնտեղ, որտեղ որ իրենց պահել էր՝ մեկ իր տանը, մեկ հյուրանոցում, ծեծի էր ենթարկել Մարիամ Ասատրյանին, մյուս կնոջը և իրեն։ Եվ նշել է՝ որտեղ են հանդիպել, ինչ է անունները։ Ամեն ինչ նշել է։ Բայց քննչական մարմինը ոչինչ չի անում, չի ստուգում երկրորդ մեր շահառուի տված ցուցմունքների հավաստիությունը։ Այստեղ ակնհայտ են 132֊րդ հոդվածի հատկանիշները, այսինքն՝ թրաֆիքինգի դեպք է սա, որովհետև երկու և ավելի անձանց է նա ներգրավել և դրանից շահադիտական նպատակներ ունեցել։ Թրաֆիքինգով նախատեսվում է 7-ից 12 տարի, իսկ 261-ի երկրորդ մասով՝ 3-ից 6 տարի։ Բացահայտ կարող էին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը, սակայն խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»։