Չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Նալբանդյաններն ընդդեմ Հայաստան»-ի գործով 4 տարի առաջ Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել էր խոշտանգումների փաստով 62 հազար եվրո գումար տալ վարդենիսցի ընտանիքին և գործն ուղարկել դատարան քննության, օրեր առաջ դատախազությունը հայտնել է, որ չեն հայտնաբերել խոշտանգողներին։ Արևիկ Նալբանդյանի խոսքով՝ իրենք առերեսվել են իրական խոշտանգողների՝ ոստիկանների, դատախազների և քննիչների հետ, սակայն դատախազությունը «հավատացել է ուժայիններին» և գործը փակել։
Համաձայն պաշտոնական մեղադրանքի՝ Նարինե Նալբանդյանը 2004 թվականին ամուսնու հետ սպանել է իր դստեր համադասարանցուն՝ 16-ամյա Սյուզանա Սարգսյանին, և նետել հորը։ Ամուսինը՝ Բագրատ Ներսիսյանը, դատապարտվել էր 9 տարի ազատազրկման, իսկ Նարինե Նալբանդյանը՝ 14։ Ամուսինները պնդում էին, որ «իրենց գլխին սարքում են», իսկ Սյուզանային փախցրել, հետագայում սպանել են բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ։
Նալբանդյանների ընտանիքը
Դեռևս 2004 թվականին Նարինե Նալբանդյանը և նրա դուստրը՝ գործով վկա Արևիկ Նալբանդյանը, դիմել էին դատախազություն և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ ասելով, որ Վարդենիսի ոստիկանների և մարզի դատախազների կողմից խոշտանգումների, ֆիզիկական բռնությունների և դաժան վերաբերմունքի են արժանացել։
Ընդ որում՝ բուժզննության արդյունքում պաշտոնապես արձանագրված է, որ այդ օրերին Նարինե Նալբանդյանի ոտնաթաթերն այտուցաված և կապտած են եղել, իսկ Արևիկը մարմնի տարբեր մասերում վնասվածքներ է ունեցել։ Աղջկա քեռիները նրան դեպքից հետո տարել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել էին մարմնական վնասվածքները։
2004 թվականին Գեղարքունիքի դատախազությունը մերժել էր քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Ընտանիքը դիմել էր ՄԻԵԴ և տարիներ անց միջազգային դատարանի վճռով արձանագրվել է, որ ցուցմունքները նրանցից հարկադրաբար կորզելու ընթացքում ոստիկանները դիմել են խոշտանգումների։ Եվրոպական դատարանը դա համարել էր կոպիտ խախտում և պետության պարտավորությունների թերացում։
ՄԻԵԴ-ի վճռից հետո՝ 2017 թվականին, գործը կրկին վերաբացվել էր։ 3 տարի շարունակ Արևիկ Նալբանդյանը և նրա ընտանիքի անդամներն առերեսումների են մասնակցել։
Նշենք, որ ՄԻԵԴ-ի վճռից հետո Նարինե Նալբանդյանը հերթական դատական նիստի ժամանակ ազատ էր արձակվել դատարանի դահլիճից, չնայած 14 տարվա պատժից ընդամենը 6 ամիս էր մնացել, իսկ Բագրատ Ներսիսյանն 9 տարի բանտում էր անցկացրել։
Epress.am-ի հետ զրույցում Արևիկ Նալբանդյանը պատմել է, որ ինքն առերեսվել է իրեն ծեծողների հետ՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Հարությունյանի, որն այն ժամանակ աշխատում էր Գեղարքունիքի մարզի դատախազությունում` որպես դատախազի օգնական, սպանության գործով քննիչ Գագիկ Հովսեփյանի, Վարդենիսի ոստիկանության բաժնի պետ Վիկտոր Հակոբյանի հետ։
Վարդան Հարությունյան
«Առերեսման ժամանակ իրեք իրենց նենց էին պահում, ոնց որ ինձ չեն ճանաչել, մատով չեն կպել, ես էլ ասում էի դատավորին (Վարդան Հարությունյան-խմբ.)՝ հիշո՞ւմ ես վզիցս բռնում էիր, հիշո՞ւմ ես սիգարետ էիր առաջարկում, ասում էիր՝ ո՞նց Սույզաննային սպանեցիր, ինքը սակայն հերքում էր»,- Արևիկը պատմում է, որ ծնողներին ձերբակալելուց հետո իրեն ծեծելով տարել են Վարդենիսի ոստիկանություն։
Այնտեղ բաժնի պետ Վիկտոր Հակոբյանի աշխատասենյակում գնդապետ Կառլեն Հարությունյանն իրեն անընդհատ հարվածել է՝ պահանջելով, որ սպանությունը խոստովանի, Վարդան Հարությունյանը պահանջել է, որ ծխի, իսկ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Ֆեդրիկ Բաղդասարյանն իրեն ապտակել է։ Այնուհետև սկսել են ոտքերով հարվածել իրեն, որից հետո Արևիկին տարել են մոր մոտ, և մայրը պահանջել է, որ գրի այն, ինչ ասում են. «Մորս վիճակն ահավոր էր. ծեծված, դեմքը կապտած։ Ասաց՝ Արևի՛կ, նայի՝ ինձ ինչ օրն են գցել, ինչ ասեն, կասեն, կգրես իրանց թելադրանքով։ Մենք այս սպանության հետ կապ չունենք, բայց ոնց որ Վիտյան ուզում ա մեր գլխին սարքի։ Ասի, ա՛յ մամ, ախր, որ մենք չենք, ո՞նց գրենք»։
Նշենք, որ առերեսման ժամանակ Ֆեդրիկ Բաղդասրյանը և Կառլեն Հարությունյանն արդեն մահացած են եղել։
Օրեր առաջ Դատախազությունը ծանուցում է ուղարկել, որ գործը կրկին նույն հիմքով՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, փակվել է։
Ընտանիքի փաստաբան Սեդա Սաֆարյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ այս գործով կա մերժողական քաղաքականություն. «Նալբանդյանների ցուցմունքները ստորադասվում են համակարգի աշխատողների ցուցմունքներին։ Այսինքն՝ Նալբանդյանների ցուցմունքներին չեն հավատում, ոչինչ էլ համակարգում չի փոխվել»։
Դատախազության մերժման որոշման մեջ գրված է. «Նախաքննությամբ, բացի գործի ելքով շահագրգիռ տուժող Արևիկ Նալբանդյանի և նրա ազգականների ցուցմունքներից, այլ փաստական տվյալների համակցություն ձեռք չի բերվել Գագիկ Հովսեփյանի կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ, և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները»։
Ինչ վերաբերում է Արևիկ Նալբանդյանի վնասվածնքերի փաստին, մի կողմից կասկածի տակ չի դրվում բժշկական եզրակացությունը, մյուս կողմից էլ նշվում է, որ «առկա է չփարատված կասկած այդ վանասվածքներն այլ հանգամանքում ստացած լինելու հարցում՝ նկատի ունենալով ենթադրյալ դեպքի և մարմնական վնասվածքները հայտնաբերելու միջև առկա ժամանակային խզումը»։
Սեդա Սաֆարյանն արդեն բողոքարկել է դատախազի որոշումը և պատրաստվում է դիմել դատարան՝ դատախազի որոշումը վերացնելու համար։ Անհրաժեշտության դեպքում, փաստաբանը չի բացառում, որ նորից կմտնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Գործի մասին մանրամասն պատմող 2017 թվականի տեսանյութ