2019 թվականի ապրիլի 10-ին ՀՀ վարչական դատարանը վճռել է բավարարել Լիդիան Արմենիա ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Ոստիկանության (ի դեմս Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի) և պարտավորեցրել ոստիկանությանը վերացնել «Լիդիան Արմենիա»-ին սեփականության իրավունքով պատկանող 39.740911, 45.609243 և 39.734013, 45.608475 կոորդինատներով անշարժ գույքերի տարածք կատարված ներխուժումները: Փաստացի սա նշանակում է, որ ավտոճանապարհների մոտակայքում տեղադրված տնակները համապատասխան կոորդինատներով և Կադաստրի կոմիտեում արձանագրված չափագրումով տարածքից պետք է մի քանի մետր տեղափոխվեն։
Թեև դատավարության ընթացքում ոստիկանությունը ներկայացրել է հիմնավորումներ, թե ինչու Ամուլսարի շուրջ անցկացվող հավաքները չի համարել ներխուժում, այդուհանդերձ այն չի բողոքարկել դատարանի վճիռը, իսկ Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Epress.am-ի հարցին, թե ինչու չի բողոքարկվել վճիռը պարզաբանում չտրամադրեց։
Դատաքննության ընթացքում ոստիկանությունը ներկայացրել է դիրքորոշում՝ նշելով․
«Բաժնում նախապարատված նյութերով պարզվել է, որ մի խումբ անձինք գտնվում են անշարժ գույքի տարածքի սկզբնամասում և իրականացնում են բողոքի ակցիա և նշված պարագայում նրանց կողմից ներխուժում առկա չէ ոչ միայն այն պատճառով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասն է սահմանում, այլև այն պատճառով, որ մի խումբ անձանց մասին ունեցած պատկերացումները հարաբերական են, քանի որ նշված խնդիրն առաջացել է ոչ թե կոնկրետ նշված տարածքի վերաբերյալ, այլ այն պատճառով, որ Ամուլսարի տարածքում հանքավայրի հնարավոր շահագործման դեմ պայքարի շրջանակներում Ջերմուկ քաղաքի մի խումբ անձանց կողմից, ի նշան բողոքի, փակվել են Ընկերության աշխատավայրեր տանող հնարավոր ճանապարհները, որոնք գտնվում են Ջերմուկ համայնքի տարբեր վայրերում»։ Ոստիկանությունը նշել է նաև, որ հայցվոր ընկերության դիմումին կից սեփականության իրավունքի վկայականներում տարածքի կոնկրետ հատակագիծ չի եղել, որով հստակ երևար, թե քանի մետր այն կողմից է սկսվում դիմումատուի տարածքը․ ընկերության համապասխան մասնագետների պատրաստած հատակագիծ-քարտեզում, ինչպես նաև Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Ջերմուկի սպասարկման գրասենյակից ստացված հատակագծերում կրկին չկան չափագրումներ՝ ըստ մետրերի։
Այդուհանդերձ դատարանն իր դատական ակտում արձանագրել է, որ անգամ այն պարագայում, որ երրորդ անձանց կողմից տվյալ հողամասի տարածք մուտք գործելը հանդիսացել է վերջիններիս կողմից իրենց` խաղաղ հավաքների իրականացման իրավունքի իրացում, ապա միևնույն է՝ վերջիններիս կողմից ընկերությանը պատկանող տարածքից դուրս գալուց հրաժարվելը չի կարող համարվել օրինաչափ, քանի որ դրանով խախտվում են Լիդիան Արմենիային պատկանող սեփականության անձեռնմխելիության, այդ թվում՝ սեփականությունից անարգել օգտվելու իրավունքները։
Epress.am-ին չի հաջողվել գտնել ոստիկանության դեմ Լիդիան Արմենիայի ներկայացրած մեկ այլ դատական գործի մանրամասները։ Ըստ Լիդիան Ինթերնեշընըլի կայքի՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը բավարարել է ոստիկանության նկատմամբ մեկ այլ հայց, ըստ որի Լիդիան Արմենիան ներկայացրել էր Ամուլսարի շրջակայքում բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների նկատմամբ քրեական գործերհարուցելու պահանջ։ Այս գործի մասին տվյալներ հնարավոր չի եղել գտնել Դատալեքս համակարգում, իսկ Ոստիկանության լրատվական բաժնի ղեկավար Աշոտ Ահարոնյանը նշել է, որ տեղյակ չէ այս գործից։