Հղի կամ մինչև 3 տարեկան երեխա խնամող կանանց աշխատանքային իրավունքների իրացման համար օրենսդրությունը նախատեսում է մի շարք երաշխիքներ։ Օրինակ, արգելվում է հղի կնոջը կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձին աշխատանքի ընդունելուց անհիմն հրաժարվելը կամ ազատելը։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի կողմից ներկայացված տեսանյութը պատմում է՝ ինչպիսի աշխատանքային արտոնություններ ունեն հղի և մինչև երեք տարեկան երեխա խնամող կանայք։
«Հղի կամ մինչև 1 տարեկան երեխա խնամող կանանց ծանր և վնասակար աշխատանքներում ներգրավել չի թույլատրվում, իսկ արտաժամյա, հանգստյան, տոնական և հիշատակի օրերին աշխատանքին ներգրավվել, ինչպես նաև գործուղվել կարող են միայն իրենց համաձայնությամբ։ Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ։ Արձակուրդ տրամադրվում է նաև նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին, փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին։ Բացի հանգիստը և սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամից, երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի 1․5 տարին լրանալը յուրաքանչյուր ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում կես ժամից ոչ պակաս։ Եթե գործնականում պետական և տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը չի ապահովում այս երաշխիքները, ապա կարող եք ստանալ պաշտպանի աջակցությունը՝ զանգահարելով թեժ գծի շուրջօրյա՝ 116 համարով։ Հիշե՛ք, աշխատանքային խախտված իրավունքների վերականգնման նպատակով կարող եք դիմել նաև դատարան», ֊ ասված է տեսանյությում։