Սեւ Բիբար–ի իմ նոր յօդուածով որոշեր էի ուրիշ թեմայի անդրադառնալ, բայց լսեցի «Իմ Քայլը» դաշինքի պատգամաւոր, ԱԺ տարածքային կառավարման և գյուղատնտեսութեան յանձնաժողովի նախագահ, Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Վարազդատ Կարապետյանի հարցազրոյցը, որուն պարզապէս չէի կրնար չանդրադառնալ։
Ելոյթի կարեւոր հատուած մը (12:28-էն 16:43) ստորեւ կ՚արտատպեմ բառացիօրէն, բայց կ՚ընդմիջեմ իր խօսքը՝ ուղեղիս ցաւն արտայայտող փակագծերով։ Սկիզբը չեմ միջամտեր, առիթ տալու համար որ ընթերցողը ընտելանայ պատգամաւորի բանաստեղծական կշռոյթին…
Պատրա՞ստ. ձեզ կը սպասէ Նոր Հայաստանի նեոլիբերալ քայլերգը։
«Տնտեսական հեղափոխության դերակատարը գործարարն ա։ (…) Հիմա էս գործարարները տարբեր խնդիրներ են բարձրացնում. ասում են մենք լավ կապ չունենք օրինակ կրթական համակարգի հետ, մեր հարկային համակարգը խոչընդոտում ա, մենք նորմալ արտահանման կանալներ չունենք եւ այլն… տարբեր խնդիրներ։ Այ կառավարության ֆունկցիան այս դեպքում էդ գործարարի համար բոլոր ուղիները հարթելն ա, բոլոր խցանումները բացելն ա, որ էդ բիզնեսը որպէս միավոր որ հարաբերվում ա այլ խմբերի հետ կարողանա հանգիստ… այսինքն էդ իրա սնունդն ա, մենք էդ կանալները բացելով թույլ ենք տալիս որ էդ բիզնեսը շնչի։ Եւ է՛ս ա կառավարության տնտեսական ֆունկցիան… այսինքն առաջին քայլով ստեղծում ենք հարթակներ, որտեղ գործարարները սկսում են իրենց պատվերը տալ կառավարությանը (սկսաւ)։ Էդ հեղափոխությունը անող գործարարները կառավարությանը պետք է աշխատեցնեն… (գուցէ մենք սխալած էինք ՝ կարծելով, որ քաղաքացիներն են կառավարութեանը աշխատացնում, մանդատ տալիս, հարկ վճարելով աշխատավարձ ու մէկ ալ՝ պարգեւավճար ապահովում) իրենք միութիւններով կամ առանձին-առանձին գան ու կառավարությանը ասեն «դու է՛ս պէտք է անես, է՛ս եւ է՛ս»… կառավարությունը ո՞նց իմանայ որ ինքը ճիշդ ա աշխատում (հա, ո՞նց)… միայն այդպէ՛ս (օհ, այդպէ՛ս). Միայն ընտեղից պատվեր ստանալով։ Միայն էդ ա.. (պատուէր միայն գործարարից… եղաւ՝ ժողովուրդը բան չըսէր) որտեւ, դուք մտել էք երեւի կառավարության շենք, ԱԺ, ըդտեղ մտնելու համար դու արգելքներ ես հաղթահարում որպես հասարակ մահկանացու չէ՞.. էդքա՛ն կտրված ենք մենք ժողովուրդից (օհ վերջապէս՝ ժողովուրդ)… մենք հիմա պէտք է բացենք, այ է՛դ պէտք է քանդենք՝ կառավարությունը եւ ժողովուրդը (նորէ՜ն) պիտի մէկ հարթակի վրայ լինեն հատկապես գործարարության առումով (Չէ, կարծես չեղաւ, մեր հետ չէ, յատկապէս-գործարար-ժողովուրդը նկատի ունի)։ Գործարարները եւ կառավարությունը մի հարթակի վրա լինեն, որ կառավարությունը լսի հեղափոխությունը անող գործարարի ձայնը, եւ էդ ձայնը իրա համար անվերապա՛հ պէտք ա կատարվի (բա՛)։ Այսինքն ստեղ կառավարությունը քննարկելու թեմա չունի. հեղափոխական գործարարները պէտք է թելադրեն կառավարությանը գործողութիւններ։ (չէ ի՞նչ քննարկել, քաւ լիցի…յետո՞յ ինչ, օրինակ, եթէ գործարարի պատուէրը հակասութեան մէջ է հանրային շահի հետ կամ, օրինակ, եթէ ոտնահարէ աշխատաւորներու իրաւունքները։ Չէ, չէ, գործարարի պատուէրը կատարել անվերապա՛հ. ան-վե-րա-պահ։)
Պետրոս.- Բայց կներէք էդ գործարարները գալու են եւ ասելու են հարկերը իջացրեք…
Վ.Կ. – Այո…
Պ. – Հասարակությունը ասելու է աշխատավարձերը բարձրացրէք
Վ.Կ. – Հասարա… հանրությունը ինքը գործարարի՛ն կարա ասի աշխատավարձերը բարձրացնելու մասին… (հա, ո՛չ կառավարութեանը, քանի որ կառավարութիւնը գործարարինն է, հանրութեանը չի. ուրեմն միանգամից գործարարէն խնդրել ու… սպասել) եւ կարծում եմ կբարձրացնեն… (կարծում է. ամէն ինչից այդքան վստահ պատգամաւորը այս հարցում այդքան էլ վստահ չէ… գուցէ լսած է այն մասին, որ ըստ Համաշխարհային Տնտեսական Ֆորումի տուեալներու՝ անգա՛մ զարգացած երկրներու մէջ չբարձրացող աշխատավարձերը լուրջ խնդրի վերածուած են այլեւս, օրինակ ԱՄՆի միջին աշխատավարձը այսօր ունի նոյն գնողունակութիւնը ինչ 40 տարի առաջ, երբ անցում կը կատարուէր դէպի նեոլիբերալ տնտեսակարգ… էհ ի՞նչ արած՝ երեւի գործարարները այդպէս են պատուիրել։)
…էդ պրոցեսը հիմա արդեն տեղի ունի Հայաստանում։ Եթե գործարարը կառավարությանը ասում ա «ինչ-որ մի տեսակի հարկ խանգարում ա, որ ես աշխատեմ»՝ այո հարկը պէտք ա նվազեցվի. էդ միանշանակ ա։ (ըհը, եւ պետական եկամուտների նվազումը ինպէ՞ս էք փոխհատուցելու. Քաղաքացիների սպառման հարկերը բարձրացնելով. Էս ձեր առաջարկած հարկային բարեփոխումների նախագիծն է ասում, ոչ թէ ես) Մենք պետք ա հասկանանք՝ մենք ունենք կառավարություն իր ծախսերով, եւ մենք ունենք գործարար իր ծախսերով, իր եկամուտներով… (ուրիշ բան չունեք. ի՞նչ ժողովուրդ, ի՞նչ սպառող քաղաքացի, ի՞նչ աշխատաւոր) եթէ գործարարը գտնում ա՝ որեւէ տեսակի հարկ սխալ ա, կամ պէտք ա իջացվի՝ պէտք ա արվի ուրեմն էդ գործը (գեղեցկացնեմ՝ «էդ յեղափոխական* գործը») ։ Հեղափոխական գործարարը շատ լավ պատկերացնում ա, որ էս երկրի լրիվ ենթակառուցվածքները կառավարությունն ա ապահովում իր համար (իր համար…)։ Ինքը էնքան միանշանակ չի, որ գալու ա ասի՝ հենց հիմա հարկերը իջացրեք (այո, լաւ գիտի որտեղ է իր շահը, երբեք իր շահի դեմ չի գնա)։ Որոշ դեպքերում արդարացի ասում է իջեցրեք (արդարութեան ասպետն է նա)։ Օրինակ, հիմա մենք տեսնում ենք տարբեր պրոցեսներ, երբ որ գործարարների տարբեր խմբեր հանդիպում են վարչապետին, ասում են «այ այս մի կետը պետք ա հանվի, որտեւ չի թողում մենք աշխատենք… » եւ նորմալ ա, ուրեմն պէտք ա հանվի (նորմալ ա, թէ չէ ո՞վ էր պատուէր տալու վարչապետին՝ եթէ ոչ գործարարը)։ Էս ձեռնարկությունները կարող են կառավարության պատվեր տան անընդհատ (հա, արդէն սորվեցանք)։ Ու կառավարությունը շատ թեթեւ մասնագիտական քննարկելով՝ պէտք է էդ մարդկանց խնդիրները լուծի (շատ թեթեւ, ձեռի հետ, ու մասնագիտական. կառավարութիւնը քաղաքական ու հանրային պատասխանատւութիւն չունի արդէն…)։ Ուրիշ ֆունկցիա կառավարությունը տնտեսության մէջ չունի առանձնապէս իրականացնելու… (հարուստներին լսելուց ու ծառայելուց բացի էլ ի՞նչ ֆունկցիա… շատ-շատ էդքան ֆունկցիայով էդքան աշխատելուց ու յոգնելուց յետոյ կարող է մէկ էլ ինքնապարգեւատրումի ֆունկցիայով զբաղուել)
Պետրոս.- Սա տնտեսության լիբերալ մոդել ա
Վ.- Այո լիբերալ մոդել ա
Պ.- Իսկ մեր կառավարությունը ասել ա որ «իզմ»երով չի շարժվելու…
Վ.- Հա՝ լիբերալ, մենք չասեցինք լիբերալ-իզմ…»
Ու պատգամաւորն իր կատակի վրայ կը ծիծաղի…
Ներեցէք, բայց մենք չենք ծիծաղիր։
Որովհետեւ սա կատակ չէ։
Սա ողբերգութիւն է՝ Հայաստանի ծայրահեղ շուկայականացման մասին՝ պատուիրատու գործարար, կապալառու պետութիւն։