Գլխավոր / Շուկա / 120,000 դրամ՝ բրոքերին, 200,000՝ ապրանքի համար

120,000 դրամ՝ բրոքերին, 200,000՝ ապրանքի համար

Կազմակերպությունը ստացել է մոտ 400$-ի պահեստամասեր, իսկ դրանք մաքսազերծելու համար վճարել 120,000 դրամ, այսինքն` նվազ քան 200,000 դրամ արժողությամբ պահեստամասերի մաքսազերծման ծախսերը կազմել են 120,000 դրամ, և դա դեռ առանց այլ  ոչ պաշտոնական ծախսերի:

Ինչու՞, ինչպե՞ս: Ոչ ոք դա չգիտի, ոչ մի տեղից հնարավոր չէ ստանալ որևէ բացատրություն, իսկ ապրանքը ինքնուրույն մաքսազերծել չես կարող՝ պետք է գրանցվես, ստանաս օգտանուն և գաղտնաբառ… Անցնես դասընթացներ և փորձաշրջան՝ հայտարարագիրը լրացնելու համար, կամ… Կամ 200,000 դրամ արժողությամբ ապրանքի համար բրոքերային ծառայությանը վճարես 120,000 դրամ… կամ էլ հարցերը լուծես «բարեկամաբար», բայց դա այլ թեմա է.

Հանրային ընկալմամբ, մաքսային բրոքերային ծառայություններից պարտադիր օգտվելու համակարգը ներդրվեց Գագիկ Խաչատրյանի օրոք՝ մաքսային պետական համակարգը տնտեսվարողի համար առավել անհասանելի դարձնելու, վերջիններիս գործունեությունը միջնորդավորված իրականացնելու և մաքսային մարմինների աշխատանքներն ավելի քողարկելու և խոցելիությունից պաշտպանելու նպատակով:

Մեր լրագրողական հետաքննությունը․

Հերթական բրոքերին դիմելով՝ առարկեցինք, թե տվյալ ապրանքի մաքսազերծման համար 80-100 հազար դրամը շատ մեծ գումար է․ դուք միայն ֆորմալ գործը՝ ձևակերպումներն արեք, մնացած հարցերը մենք կլուծենք: Մաքսային բրոքերը պարզաբանող հարց տվեց. «Կարմիր ուղու հարցերն ինքնե՞րդ եք լուծելու», ինչին դրական պատասխան տվեցինք… Արդյունքում՝ նա համաձայնեց գործը միայն անել 20-30 հազար դրամով, վերցրեց մեր փաստաթղթերը՝ ձևակերպումները մինչև հաջորդ օրն անելու համար:

Հաջորդ օրը, երբ մոտեցանք, կարծես, ջոկել էր մեր ոչ յուրային լինելու հանգամանքը․ փաստաթղթերը վերադարձրեց և ասաց, որ ընդրանրապես ժամանակ չունի մեր ապրանքների մաքսազերծման գործերով զբաղվելու…

Մենք փաստաթղթերը հետ վերցրեցինք և մոտեցանք հաջորդ բրոքերին, ով նույնպես հրաժարվեց: Հաջորդը՝ նույնպես, հաջորդը՝ նույնպես… Եվ այսպես մեր ապրանքը մաքսազերծելուց հրաժարվեցին բոլոր բրոքերները, որոնց դիմեցինք: Փաստացիորեն մեր առջև փակվեցին «ներքին» խոհանոց մուտք գործելու բոլոր հնարավորությունները:

Այստեղ գրեթե փակուղու հանդիպեց և ավարտվեց մեր հետաքննության առաջին փուլը:

Համացանցում գտանք մաքսային բրոկերային ծառայությունները շրջանցող «ինքնահայտարարագրաման հնարավորությունը», որից փորձեցինք օգտվել և անձամբ կատարել մաքսային ձևակերպումները: Պետական Եկամուտների պաշտոնական կայքից տեղեկացանք, որ դա հնարավոր է անել «ՀՀ Ազգային առևտրի մեկ պատուհան» կայքի միջոցով․

https://trade.gov.am/trade/home/index

https://trade.gov.am/trade/services/agencies

Նայելով «Հաճախակի տրվող հարցեր» բաժինը, որն առանձնապես պիտանի տեղեկատվություն չէր պարունակում, անցանք առաջ․ մտանք «Ծառայություններ» բաժինը և, բնականաբար, Մաքսային արժեքի հայտարարագիր բաժինը։ Այստեղ պակասում էր ամենատարրական ինֆորմացիան ձևաթղթեր լրացնելու կապակցությամբ, հատկապես որ ձևաթղթում առկա են մի քանի տասնյակ հապավումերով նշված տերմիններ:

Կրկին ամբողջ համացանցը քչփորելով՝ չգտանք որևէ ձեռնարկ կամ բացատրագիր Հայտարարագիրը լրացնելու համար: ՊԵԿ քարտուղարությանը մի քանի անգամ դիմելուց հետո անգամ ոչ ոք չկարողացավ մեզ հայտնել, թե որտեղ կարող ենք գտնել համապատասխան ձեռնարկ-բացատրագիր՝ մեզ հուզող հարցերի պատասխանը գտնելու համար: Միայն նշեցին՝ ամենայն հավանականությամբ այնդպիսի ձեռնարկ գոյություն ունի, հավանաբար, ՊԵԿ-ի կայքում կամ arils.am-ում: Ընդ ոորում, ՊԵԿ-ից մեզ ասացին, որ իրենք պարտավոր չեն նման ուղեցույցների, բացատրագրքերի մասին տեղյակ լինել, և ավելին՝ այդ ինֆորմացիան տրամադրել դիմորդներին:

Հավելենք նաև, որ ընթացքում հասկանում էինք, որ, կարծես, առաջինն ենք անցնում այդ ճանապարհով․ պաշտոնյաները, որոնք մեզ հետ շփվում էին, ակնհայտորեն առաջին անգամ էին հանդիպում այդ հարցադրումներին, ասես երբևէ որևէ մեկը այդ համակարգից չէր օգտվել։

Հետո՝ իրավիճակին ավելի ծանոթանալով, պետք է իմանայինք, որ ապրանքների հայտարարագրումն ու մաքսային աշխատանքները իրականում կատարվում են ամենապրիմիտիվ բանավոր ընթացակարգերով։ Էլեկտրոնային համակարգը ընդհամենը ներդրված է ՊԵԿ-ի և կառավարության այլ պաշտոնական կայքերում հանդիսավոր կերպով ներկայացվելու և համապատասխան պլանը կատարված համարելու նպատակով:

Ինչևէ, ներկրված ապրանքների Մաքսային Արժեքի Հայտարարագիրը լրացնելուց և այն համակարգում էլեկտրոնային եղանակով ներկայացնելուց հետո, սպասեցինք , որ, ըստ սահմանված կարգի՝ առավելագույնը 3 ժամվա ընթացքում, այն պետք է ստանա «Ընդունված» կամ «Մերժված» կարգավիճակը… Սակայն, որքան էլ զարմանալի թվա, ՊԵԿ էլեկտրոնային համակարգը այդպես էլ երբեևէ չարձագանքեց մեր ուղարկած հայտարարագրին։ Ավելին՝ ամիսներ անց մեր գրավոր հարցին պատասխանեցին, որ կայքում սահմաված և նշված 3 ժամը ոչ մի նշանակություն չունի, և իրենք կարող են ընդհանրապես չարձագանքել Մաքսային Արժեքի Հայտարարագիրը ներկայացնելու փաստին, քանի որ կարևորը մեկ այլ փաստաթուղթ է՝ Ապրանքի  Հայտարարագիր կոչվածը:

շարունակելի․․․