Խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն արձագանքեց ֆեյսբուքում հնչեցրած քննադատությանը՝ Ազգային ժողովում կազմակերպված համահարթ եկամտահարկի մասին մասնագիտական քննարկման վերաբերյալ։
Վահրամ Սողոմոնյան, «Ոչ համահարթ հարկմանը» նախաձեռնություն, քննարկման մասնակից․
– Այսօր [հունիսի 13-ին] ԱԺ-ում անցկացվեց մասնագիտական քննարկում համահարթ եկամտահարկի թեմայի շուրջ։ Մասնակցում էին ՀՀ ֆինանսների երկու փոխնախարարներ և էկոնոմիայի նախարարը։ Դա ավելի շուտ քննարկում էր քննարկման համար։
Եթե կարճ ասեմ, դա մի իրավիճակ էր, երբ բոլոր փաստերն ու փաստարկները խոսում էին այդ նախագծի անհաջողության մասին, բայց միևնույն է ուզում են անցկացնել։ Ոչ մի փաստարկից չեմ խոսի, քանի որ ամբողջը կարող եք լսել տեսանյութում։
Մի բան պարզ է. էկոնոմիկայի տակ իրենք բոլորովին այլ բան են հասկանում։ Բիզնեսի մասին իդեալական պատկերացնումներ ունեն։ Չեն խոսում, թե ինչպես պետք է որակյալ աշխատուժ և արտադրողականություն ունենալ, փոխել հարկային համակարգն ամբողջությամբ։
Եթե Ֆիննախը փորձում էր ապացուցել, որ մի քանի տոկոսային կետով գործազրկության հարց կլուծվի, ապա ՀՀ էկոնոմիկայի նախարարը ոչ մի հարցի չպատասխանեց և թվեր չէր նշում։ Հավանաբար Ֆիննախի թույլ փաստարկներն ուժեղացնելու համար այսօր ներգրավել էին ԿԲ-ին, որի 5,4 տոկոս աճի կանխատեսումները նույնպես ոչինչ չէին ասում, քանի որ չէին ներառում հնչած քննադատությունները։
Եվ վերջում ամենակարևորը` համապարփակ հայտարարագրման մասին խոսելիս Կառավարության ներկայացուցիչները ասում էին. «Դե դա լուրջ խնդիր է, դա երկար ժամանակ է պահանջում»։ Ինձ համար գոնե ակնհայտ է, որ մենք, բիզնեսին խոստանալով 4 տարի համահարթ, չենք կարողանալու սկսել եկամուտների համապարփակ հայտարարագրման գործընթաց։
Իմ կողքին նստած նախկին ՀՀԿ ֆիննախարար Վարդան Արամյանի խոսքից պարզ դարձավ, որ համահարթի նախագիծը ներկայացվել է Կարեն Կարապետյանի կառավարության կողմից և այն ժամանակ մերժվել է հենց սոցիալական նկատառումներով, իսկ այժմ դարակից հանվել է և ներկայացվում է որպես լավ բան։ Հետևությունները թողնում եմ Ձեզ։
Բաբկեն Թունյանը հարցրեց. «Իսկ ի՞նչ էիք ակնկալում այս քննարկումներից»։ Քննարկումներից ակնկալում էինք, որ գոնե պրոգրեսիայի որևէ էլեմենտ կարող է ներմուծվել, կամ որևէ այլ տարբերակ հարկային նվազեցումների կամ երկաստիճան համակարգ, որը նույնպես հարկային թեթևացում է ենթադրում։ Բայց ոչ. Համահարթը այն հարցն է, որում կառավարությունը պատրաստ չէ որևէ զիջման` ի հակառակ մյուս թեմաների` ՓՄՁ-ների, ցեմենտի, բուքմեյքերների և այլն։
Մի դրական բան կա էս ամենի մեջ։ Մեր փաստարկներն այնքան ուժեղ էին, որ դրանք չեն կարող հետևանք չթողնել այս պրոցեսի վրա։ Ակնառու էր պատգամավորների լռակյաց պահվածքը։ Իհարկե մյուս շաբաթ պատգամավորներն իրենց և Իմ քայլի վրա են վերցնելու պատասխանատվությունը ու նման քաղաքական կարևոր հարցերում ինտուիցիայի բացակայությունը արդեն խնդիրներ է ստեղծելու հենց իրենց համար։ Մենք մեր գործն արեցինք։
Բաբկեն Թունյան․ – Մենք կանչել ենք մասնագիտական քննարկման՝ համահարթի տնտեսական էֆեկտի մասով, եկել ասում ես համահարթը հակասահմանադրական է։ Հակասահմանադրական է՝ խնդրեմ, ՍԴ կա, դիմեք։
Ասում ես տնտեսական վատ հետևանք է ունենալու, թվերով ցույց են տալիս, որ էդպես չի, ասում ես՝ բա սոցիալական արդարությունը։
Սոցիալական արդարության մասին թվերով ցույց են տալիս, որ եղած պրոգրեսիվը ֆիկցիա է, սոցիալական արդարություն չի ապահովում ու գույքահարկով ավելի նորմալ է դա ապահովվելու, հետ ես գնում հակասահմանադրականությանը )))))
Վահրամ Սողոմոնյան․ – հերթով` 1.այո համահարթը հակասահմանադրական է 2. թվերով տնտեսական հետևանքը ցույց տալը եթե ԿԲ-ի նշած 5,4 տոկոս աճն է ֆիսկալ չեզոքության պայմաններում, ապա նախ ֆիսկալ չեզոքությունը երաշխավորված չէ, 2-րդը` միջազգային փորձում էլ են նման կանխատեսումներ արվել, դրանցից ոչ մեկը չի իրագործվել` Սլովակիա, Մակեդոնիա Չեխիա և այլն 3. Դուք իսկապես չե՞ք տեսնում տրամաբանական շղթայի խնդիրը, որ եթե եղած պրոգրեսիվը ֆիկցիա է, ապա դա չի հիմնավորում համահարթեցումը, դա հիմնավորում է իսկական պրոգրեսիայի անցումը։ 4.5.6. Վրաստանի օրինակով` ստվերը չի կրճատվում, ներդրումներ չեն գալիս այլ գործոնների չփոխվելու պայմաններում, արտահանում չի խթանվում, քանի որ դրա համար ուրիշ գործիքներ են պետք, բայց լուրջ կորուստներ է կրում հանրային ոլորտը և աճում է Ջինիի ինդեքսը։ /այսօրվա մի մեջբերում չեմ ասի ումից, «Մենք ավելի շատ պետք է մտածենք բարձրակարգ մասնագետների աշխատավարձի մասին, ոչ թե ցածր աշխատավարձ ստացողների մասին»/ Տնտեսագիտական փաստարկները ահավոր մակերեսային էին, բազմաթիվ կոնկրետ հարցերի չեղան թվերով պատասխաններ, այլ միայն պնդումներ։ Մի խոսքով` դիտեք տեսանյութը։
Բաբկեն Թունյան․ – եթե 3.5 ժամվա մեջ ամենապատրաստված մասնագետների հետ հարցուպատասխանը քեզ չհհամոզեց, քոմենթներով հաստատ չեմ փորձի դա անել ))) Ցանկացած կարծիք գոյության իրավունք ունի։